Հայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու
Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին» այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, գրում է aa.com.tr կայքը։
«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել «այս բարի մտադրություններին» (չակերտները՝ Tert.am)։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում «արմատականները» (չակերտները՝ Tert.am), իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և «բարի կամք» (չակերտները՝ Tert.am) են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», – ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։
Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։