Որտե՞ղ է ձեր այլընտրանքը

Իշխանության գալուց շատ չանցած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխվարչապետներից մեկը ոգևորված հայտարարում էր, թե կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է, որպես Վերին Լարսին այլընտրանք, հայկական բեռնափոխադրողների համար այլ ցամաքային ճանապարհների բացման հնարավորություններ ստեղծել։ Անցել է 4 տարի, սակայն այդպես էլ ոչ մի այլընտրանքային ճանապարհ չի բացվել։ Ավելին, այսօր բեռնափոխադրողները կանգնած են շատ ավելի ծանր խնդիրների առաջ։

Արդեն տևական ժամանակ բազմաթիվ բեռնափոխադրողներ չեն կարողանում հատել Լարսի անցակետը։ Եթե նախկինում օրերով էին սպասում իրենց հերթին, հիմա նույնիսկ շաբաթներով չեն կարողանում անցնել սահմանը։

Լարսում կուտակվել են հազարավոր հայկական բեռնատարներ, վարորդները շաբաթներով անցկացնում են ճանապարհներին, իսկ իշխանությունների վեջը չէ։ Ոչինչ չեն անում կամ չեն կարողանում անել մարդկանց օգնելու համար։

Ժամանակին իբր Վերին Լարսի անցակետում ծագող խնդիրները հրատապ լուծելու, բեռնափոխադրողներին օժանդակելու համար հատուկ ներկայացուցիչ նշանակեցին, պետական բյուջեի հաշվին գումարներ ու միջոցներ հատկացրեցին, բայց արդյունքն ահա այն է, ինչ տեսնում ենք։

Նախկինում անցակետի հետ կապված խնդիրներ էին առաջանում հիմնականում եղանակային պայմանների պատճառով, երբ ճանապարհները դառնում էին անանցանելի ու հնարավորություն չէր լինում կազմակերպել երթևեկությունը։ Դա օբյեկտիվ իրավիճակ էր, որի հետ մարդիկ ստիպված էին հաշտվել։

Հիմա բոլորովին այլ իրավիճակ է, այլ խնդիրներ են առաջացել, որոնք կապված չեն ձյան ու անձրևի, նաև փլուզումների ու ճանապարհների անանցանելիության հետ։

Եղանակային պայմանները խոչընդոտ չեն, փոխարենը՝ հայկական բեռները շաբաթներով չեն կարողանում հատել սահմանը, մեծ կուտակումներ են, ու դրա հետևանքով տուժում են հիմնականում հայկական բեռնափոխադրողները։ Մարդիկ դժգոհում են, որ ավելի հաճախ այլ երկրների բեռներն են բաց թողնում, իսկ հայկական մեքենաները մնում են կանգնած։ Ոչ մեկը չի ուզում լսել ու լուծում տալ ստեղծված դժվարություններին։

Ժամանակին, երբ նման խնդիրներ էին առաջանում՝ իշխանությունները գոնե փորձում էին դրսի իրենց գործընկերների միջոցով որոշակի լուծումներ գտնել, միջամտում էին դեսպաները, երբեմն փոխնախարարների, նաև նախարարների մակարդակով այցեր էին կազմակերպում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և իրավիճակից ելքեր գտնելու համար։ Բայց հիմա դա էլ չկա։ Ապրիլի կեսերից մարդիկ լռվել, մնացել են Լարսի ճանապարհներին, և ոչ մի արձագանք ոչ մի պետական մարմնից։

Վարչապետն ու նախարարները կառավարության նիստերում կարող են երկար-բարակ ինչ-որ երկրորդական-երրորդական բաներից խոսել, իսկ այսպիսի կարևոր հարցերին նույնիսկ մոտ չգալ։ Կարծում են, թե կնճռոտ հարցերը շրջանցելով՝ խնդիրները կլուծվեն։ Դեռ լավ է, որ չի սկսվել գյուղմթերքների արտահանման ակտիվ սեզոնը։ Բայց դա սարերի հետևում չէ։ Հաշված օրեր հետո կմեկնարկի առանձին գյումղթերքների բերքահավաքն ու արտահանման կազմակերպումը։ Եթե մինչ այդ չհաջողվի լուծել խնդիրը, գյուղացին ու արտահանողը կանգնելու են լուրջ փաստի առաջ։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե շաբաթներով տեղափոխվող գյուղմթերքը մնա ճանապարհին։ Բացի այն, որ մարդիկ ստիպված կլինեն ֆինանսական մեծ կորուստներ կրել, կընկնի ապրանքի որակը, կարող է նաև այն ընդհանրապես տեղ չհասնել ու փչանալ կես ճանապարհին։

Այսօր էլ տեղափոխվող բեռների մեջ քիչ չէ սննդամթերքը։ Եվ եթե այն օրերով ու շաբաթներով մնում է ճանապարհին, չեն կարող կորուստներ չլինել։

Տարբեր տեղեկություններով, միայն մի քանի հազար մեքենա կա կուտակված վրացական կողմում։ Մի մասը նույնիսկ նախընտրում է հետ վերադառնալ կես ճանապարհից։

Սա խնդիր է, որի լուծումը պետք է տան ոչ թե բեռնափոխադրողները կամ քաղաքացիները, այլ իշխանությունները։ Իշխանությունները մտածել ու իրենց հաշվով լուծում են գտել։ Առաջարկում են օգտվել լաստանավից։

Փոթի-Կովկաս և հակառակ ուղղությամբ լաստանավը պիտի սկսի աշխատել և բեռներ տեղափոխվել հունիսի 15-ից։ Այսինքն՝ առնվազն մեկ ամսից։

Խնդիրները, որոնց բախվել են բեռնափոխադրողները, մոտ մեկ ամիս առաջ են ծագել, այսօր դրանք հրատապ լուծում են պահանջում, իսկ կառավարությունն առաջարկում է առնվազն ևս մեկ ամիս սպասել՝ լաստանավից օգտվելու համար։

Այն էլ, դեռ հարց է, հունիսի 15-ից դա կգործի՞, թե՞ ոչ, բեռնափոխադրողները կօգտվե՞ն դրանից, թե՞ ոչ։

Որքան էլ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել լաստանավային փոխադրումները, դա այն չէ, ինչը կարող է գայթակղիչ լինել բեռնափոխադրողների համար։ Լաստանավային փոխադրումները բազմաթիվ առումներով նպատակահարմար ու գրավիչ չեն։

Այդպիսի փոխադրումներ կազմակերպելու փորձեր նախկինում բազմիցս արվել են, բայց հետո հասկացել են, որ այն չի կարող այլընտրանք լինել ցամաքային փոխադրումներին։

Հայաստանում շատ քիչ են այն ապրանքները, որոնք կարող են փոխադրվել լաստանավով։ Լաստանավային փոխադրումները ոչ միայն ծախսատար են, այլև ժամանակատար։ Ոչ բոլոր ապրանքների տեղափոխումն է դրանով նպատակահարմար։ Նույնը նաև գյուղմթերքին է վերաբերում։

Լաստանավը չէ, որ պետք է լուծի այն խնդիրները, որոնց առաջ կանգնել են բեռնափոխադրողները։ Դա նման իրավիճակներում գուցե որոշ չափով կարող է թուլացնել կուտակումները, բայց չի կարող լուծել խնդիրը։

Խնդրի լուծումը պետք է փորձել գտնել այնտեղ, որտեղ այն առաջացել է։ Այդ լուծումը կարող է լինել Վերին Լարսում հայկական ապրանքների համար «կանաչ ուղու» ստեղծումը։ Ի վերջո, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և պետք է ունենա շատ ավելի արտոնյալ անցումային ռեժիմ, քան այն մյուս երկրները, որոնք ևս բեռնափոխադրումներ են իրականացնում այս անցակետով։

Իսկ թե ինչո՞ւ մեր բեռնափոխադրողները չունեն նման արտոնություն, պետք է հարցնել իշխանություններին։ Նրանք են պարտավոր հայկական բեռների համար ապահովել այդպիսի արտոնություններ։

Այլապես, այն, ինչ ուզում են անել լաստանավային փոխադրումներ կազմակերպելու միջոցով, ավելի շատ ձև, քան բովանդակություն է ունենալու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս