Վարչապետ եք մնում, որ ինչ անեք. Արցախը դարձնե՞ք Ադրբեջան. Ռուստամյան
«Մենք հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Պահանջը հետևյալն է.
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը.
1․ տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը՝ բերել է պատերազմ ու պարտություն,
2․ խոստովանել է, որ կարող է կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել,
3․ 2021 թ.-ի հունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք,
4․ իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է՝ հիմա գնում է այլ ճանապարհով,
5․ խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։
6․ չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ․ պադավատապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնելը և հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը և, ինչպես միշտ, փախավ։
Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա։