Երկրորդ անգամ փողոցային պայքարով իշխանության հրաժարականին հասնելու հնարավորություն կա, բայց միայն փողոցով չի որոշվում. Կարեն Քոչարյան

2018թ. և 2022թ. բողոքի ակցիաների ու ցույցերի ամենացայտուն տարբերությունն ինձ համար այսօրվա ցուցարարների կողմից սահմանները չանցնելն է. 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով, օրինակ, այսօրվա ցույցերին դագաղ չկա: 2018-ին ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները ոչ մի սրբություն հաշվի չէին առնում, բաժանում էին մարդկանց անձնական տվյալները:

Գաղափարական առումով  դեռ ամեն ինչ հստակ չէ, մեր ժողովուրդը գաղափարի հետևից գնացող չէ դեռևս: Եթե 2018-ին «Մերժիր Սերժին» լոզունգն էր, այսօր, մեծ հաշվով, «Մերժիր Նիկոլին» լոզունգն է՝ ըստ Քոչարյանի:

«Վերջին օրերին խոսակցություններ եմ լսում, որ 2018-ին փողոց դուրս եկած մարդկանց թիվն ավելի շատ էր, սակայն իրականում բոլորը հիշում են ակցիաների միայն վերջին երկու օրը: Օրինակ, ցույցերի 15-րդ օրը, երբ Փաշինյանը գրավեց հանրային ռադիոն, նրա հետ ընդամենը 30 հոգի էր, մի 50 հոգի էլ Ֆրանսիայի հրապարակում էին: Այսօրվա թվերին պետք չէ խաբվել, մարդկանց թիվը կարող է շատ արագ փոխվել: Արդեն նկատելի է, ձնագնդի էֆեկտով ցուցարարների թիվը մեծանում է: Օրինակ, երեկվա երթը կամ այսօրվա ակցիաներն արդեն Երևանի կենտրոնից տեղափոխվել են մարզեր»,- նշեց քաղտեխնոլոգը:

Հարցին, թե կա՞ արդյոք հնարավորություն երկրորդ անգամ փողոցային պայքարով  հասնելու իշխանության հրաժարականին, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ հնարավորություն միշտ էլ կա, բայց ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա միայն փողոցը չէ: Այդ առումով նմանություններ շատ կան: Տարբեր այլ գործոններ ևս կան՝ քաղաքական պայմանավորվածություններ, ներքին, արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնների «չերևացող» գործունեություն կամ գործողություն:

Աննա Դեմիրճյան 

Տեսանյութեր

Լրահոս