Բաժիններ՝

Ֆրանսիական հինգ վեպեր, որոնցից հնարավոր չէ կտրվել

Դավիդ Ֆոենկինոս, «Հետապնդելով գեղեցկությունը»

Անտուան Դյուրին Լիոնի կերպարվեստի ակադեմիայում մշակույթի, պատմության հաջողակ և պահանջված ուսուցիչ է: Մի օր նա որոշում է ամեն ինչ թողնել, տեղավորվել աշխատանքի թանգարանում՝ որպես սրահի հասարակ վերակացու: Ոչ հարազատները, ոչ գործընկերները, ոչ նոր գործատուն չեն հասկանում Անտուանի որոշումը՝ համարելով այն տարօրինակ: Բայց գլխավոր հերոսի գաղտնիքն իրականում շատ պարզ է. գեղեցկությունն օգնում է Անտուանին մոռանալ շրջապատող աշխարհի այլանդակության մասին:

Անտուան Լորեն, «Ֆրանսիական ռապսոդիա»

Սյուժեի կենտրոնում վեց երիտասարդ տղաներ են և մեկ երիտասարդ աղջիկ, որոնք որոշում են հավաքել երաժշտական խումբ՝ հույս ունենալով դառնալ ճանաչված աստղեր: Բայց, ավաղ, երազանքները մնում են երազանքներ, և խումբը ժամանակի ընթացքում ցրվում է: 30 տարի անց խմբի մասնակիցներից մեկը՝ Ալեն անունով 50-ամյա փարիզեցի բժիշկը, նամակ է ստանում ձայնագրման ստուդիայից: Պարզվում է, որ իր խմբի ձայնագրությունը դուր է եկել ստուդիայի երաժշտական պրոդյուսերին, և նա առանձնացրել է դա բազում այլ թեկնածուների միջից:

Գիյոմ Մյուսսո, «Բնակարան Փարիզում»

Վեպը սկսվում է դասական սյուժեից. բացարձակապես պատահական նույն բնակարանում են հայտնվում ոստիկանության նախկին սպա Մադելին Գրինը և դրամատուրգ Գասպար Կուտանսը: Բայց նրանց միայն բուռն սերը չէ, որ կապում է. նրանք կփորձեն հասկանալ բնակարանի նախկին սեփականատիրոջ՝ նկարիչ Շոն Լորենտուի մահվան գաղտնիքը:

Անիես Մարտեն-Լյուգան, «Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, թանկագինս»

«Հրաշքներն իրենք իրենց տեղի չեն ունենում, շատ բան մեր կյանքում կախված է մեզնից»,- վստահ է Անիես Մարտեն-Լյուգանը: Երիտասարդ ֆրանսուհին գիրքը նվիրել է ժամանակակից մոխրոտիկի հիասքանչ պատմությանը, ով չի սպասում փերի կնքամորը և անձամբ է զբաղվում իր կյանքն ավելի լավը դարձնելով: 31 տարեկանում կինը որոշում է հրաժարվել ձանձրալի աշխատանքից և իրականացնել վաղեմի երազանքը՝ գնալ Փարիզ և դառնալ զգեստի ոճաբան:

Լորեն Ֆուշե, «Երկնքի և քո միջև»

Վեպի գլխավոր հերոսը Ժոն է: Նա նոր է հուղարկավորել իր կնոջը՝ Լուին, և հիմա չի կարողանում ապրելու ուժ գտնել: Ամբողջ ընտանեկան կյանքում նրանք անբաժանելի են եղել: Բայց Լուն կտակ է թողել, որտեղ Ժոյին դավաճան է կոչում և պատվիրում է նրան լուծել շատ դժվար խնդիր. նա պետք է իրենց չափահաս երեխաներին երջանիկ դարձնի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս