Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Եվրոպան պատրաստ չէ որևէ կերպ հրաժարվել ռուսական գազից. Վահե Դավթյան

Օրերս՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո և Ուկրաինայում հատուկ ռազմաօպերացիա սկսելուց առաջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս այցի կարևոր ձեռքբերումը կողմերի համար ստորագրված հայ-ռուսական դաշնակցային գործընկերության մասին հռչակագիրն էր, որը պարունակում է 43 կետ: Ռուս-ուկրաինական պատերազմին կամ ՌԴ-Արևմուտք աննախադեպ ճգնաժամին ընդառաջ ստորագրված հռչակագիրը կողմերին պարտավորեցնում է ներդաշնակեցնել իրենց արտաքին քաղաքական, առևտրատնտեսական քայլերը, միջազգային կազմակերպություններում գործունեությունը, պարտավորեցնում է չկայացնել տնտեսական ու քաղաքական քայլեր միմյանց դեմ:

Իրավիճակում, երբ Արևմուտքը պատմության ընթացքում ամենակոշտ պատժամիջոցներն է սահմանել Ռուսաստանի դեմ, և ավելի հաճախակի են հնչում կարծիքներ Եվրոպայում ռուսական գազից հրաժարվելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանի էներգետիկ նշանակությունն Արևմուտքի համար մեծանում է: Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեցինք՝ հռչակագիրը կարո՞ղ է արդյոք սահմանափակել Ադրբեջանի էներգետիկ ինքնիշխան գործունեությունը դեպի Արևմուտք:

– Պարոն Դավթյան, ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի 25-րդ կետում ասվում է, որ կողմերը զերծ կմնան մյուս կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց, իսկ 17-ում ասվում է, որ կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողությունները: Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե Ադրբեջանը խոստացել է նավթ մատակարարել Ուկրաինա, ինչը կարող է դիտարկվել քայլ՝ ընդդեմ Ռուսաստանի: Արդյո՞ք հռչակագրի այս կետերով Ադրբեջանը սահմանափակվում է աշխատել երրորդ, ինչպես նաև՝ արևմտյան երկրների հետ:

– Ուկրաինայի մասով հստակեցնենք, որ Ալիևի կողմից արված այդ հայտարարությունը վերաբերում էր բացառապես հումանիտար օգնությանը, խոսքը նավթամթերքի կոմերցիոն մատակարարումների մասին չէր: Եվ որքանով ես գիտեմ, երեկվա դրությամբ այդ հումանիտար օգնությունը ցուցաբերվել է, ինչը լիովին տեղավորվում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում:

Ինչ վերաբերում է առևտրային կապերին և կոմերցիոն բաղադրիչին՝ Ձեր հարցադրումն արդեն իսկ իր մեջ պատասխան է պարունակում․ ակնհայտ է, որ այս հռչակագրի շրջանակում Ռուսաստանը ձեռք է բերել լծակ Ադրբեջանի՝ արտաքին գեոտնտեսական քաղաքականության որոշակի դերակատարում ստանձնելու առումով: Բայց, բացի դրանից, մենք, իհարկե, պետք է շատ օբյեկտիվորեն գնահատենք Ադրբեջանի իրական հնարավորությունները, որովհետև ի հեճուկս այն բանի, որ ավանդաբար խոսվում էր այն մասին, թե Ադրբեջանի նախաձեռնած Հարավային գազային միջանցքն էական դիվերսիֆիկացիոն նշանակություն ունի Եվրոպայի համար, մենք այսօր տեսնում ենք, որ դրա թողունակությունն այսօր կազմում է 10 մլրդ խորանարդ մետր տարեկան, ապագայում լավագույն դեպքում՝ կարող է հասնել 16-ի, Իսկ Եվրոպան սպառում է մինչև 450 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, այսինքն՝ անկախ ամեն ինչից, մենք պետք է խոսենք թվերով և հստակեցնենք այն, որ ռեալ հնարավորություն ձևավորելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը կամ այն առավել ևս դիվերսիֆիկացնելու՝ Ադրբեջանն այսօր չունի, և դա շատ լավ նրանք հասկանում են: Ուստի, այո՛, ՌԴ-ն ձեռք է բերում որոշակի լծակներ:

Առհասարակ հռչակագիրը քաղաքական իմաստով նաև թույլ է տալիս Ադրբեջանին պահելու ավելի, եթե ոչ՝ վերահսկողության, ապա՝ կանխատեսելիության դաշտում, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության տիրույթում, բայց ինչ վերաբերում է բնական գազին, նավթին, այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ պարագայում և օբյեկտիվորեն ի վիճակի չէ այլընտրանք դառնալ ՌԴ-ին կամ մրցակցել նրա հետ:

– Հռչակագիրը, այնուամենայնիվ, չունի մեծ ուժ, և մանևրելու հնարավորության տեղ թողնում է, ի՞նչ եք կարծում այս մասին, Ադրբեջանը չի՞ կարողանա Արևմուտքի հետ ազատ գործարքներ իրականացնել:

– Բնականաբար, սա հռչակագիր է, որն արձանագրում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ձևաչափը և վեկտորը, բայց սա ամենևին չի սահմանափակում Ադրբեջանին՝ զուգահեռաբար զարգացնել և խորացնել հարաբերություններն այլ դերակատարների հետ: Չմոռանանք, որ այդ հռչակագիրը ստորագրելուց հետո Բաքվում տարբեր մակարդակներով հայտարարվեց, որ, այնուամենայնիվ, չնայած հռչակագրին, Ադրբեջանի առանցքային ռազմավարական դաշնակից շարունակում է մնալ Թուրքիան:

Այստեղ մենք պետք է զուգահեռներ անցկացնենք նաև Հայաստանի հետ, որը ևս 1997 թվականից ի վեր ուներ բազմաթիվ դաշնակցային, ռազմավարական բնույթի պայմանագրեր ՌԴ-ի հետ, բայց դա չխանգարեց մեզ 2017 թվականին պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Նույնն էլ՝ Ադրբեջանի դեպքում: Սա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն ամբողջովին կախյալ վիճակում է հայտնվում Ռուսաստանից, գոնե այս հռչակագրի մակարդակով, ոչ, սա պարզապես ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերումներից է, սա պետք է օբյեկտիվ գնահատենք, որն ընդգծում է իր նշանակությունը Ռուսաստանի գեոռազմավարության համար այս տարածաշրջանում: Եվ սա հակակշիռ է Հայաստանի դիրքերին, անշուշտ, ոչ այնքան ուղիղ անվտանգային ռիսկ է Հայաստանի համար, ինչպես հաճախ գնահատվում է, այլ հակակշիռ է Հայաստանի ապագա դիրքորոշման, դերակատարման համար:

– Ուկրաինայում բռնկված ճգնաժամի ֆոնին Ադրբեջանի կշիռը Արևմուտքի համար աճո՞ւմ է:

– Նախքան պատերազմը, նախքան Պուտինի՝ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու հայտարարությունները, արդեն իսկ ԵՄ-ն բանագնացներ էր ուղարկել Ադրբեջան, մասնավորապես, բնական գազի ներկրման ծավալներն ավելացնելու առիթով: Այս բանակցություններն ընթացել են, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ավելացնել, բայց կրկնում եմ, մի բան է քաղաքական հռետորաբանությունը, որը չի շրջանցում տնտեսական ու գազատրանսպորտային ոլորտը, մեկ այլ բան է ռեալ հնարավորությունները՝ թե ենթակառուցվածքային, թե ռեսուրսային: Այս պահի դրությամբ ենթակառուցվածքային հնարավորությունների մասին ես արդեն ասացի, լավագույն դեպքում դա կարող է լինել 16 մլրդ խորանարդ մետր, Եվրոպան սպառում է մինչև 450 մլրդ, սա արդեն շատ խոսուն թիվ է:

Ինչ վերաբերում է ռեսուրսային բազային, իհարկե, Ադրբեջանը ևս բնական գազի պաշարների խնդիր ունի այսօր, և սկսել է բնական գազ ներկրել ՌԴ-ից: Նա պետք է այսօր ակտիվացնի իր գործողությունները Ղազախստանի և Թուրքմենստանի ուղղությամբ, բայց այստեղ կան շատ խորքային խնդիրներ, մասնավորապես, խոսքն Անդրկասպյան գազամուղի մասին է, որի կառուցման համար կան շատ լուրջ խոչընդոտներ, որոնք ստեղծվում են Իրանի ու Ռուսաստանի կողմից:

– Այսինքն՝ Եվրոպան ռուսական գազից չի կարող հրաժարվել կտրուկ կերպով կամ որոշակի ծավալներով:

– Այսօր Եվրոպան դրան պատրաստ չէ: Ավելին ասեմ՝ պատերազմի առաջին իսկ օրից սկսած՝ փետրվարի 25-ից, մենք տեսնում ենք, թե ինչպես են օրեցօր ավելանում ՌԴ-ից դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալները:

Օրինակ, փետրվարի 26-ի դրությամբ՝ փետրվարի 25-ի համեմատ, բնական գազի ներկրումը ՌԴ-ից ավելացել է շուրջ 30 տոկոսով: Սա գնալով շարունակվելու է, քանի դեռ այս լարվածությունը պահպանվում է, քանի որ այն ուղղակի ազդեցություն է ունենում ընդհանուր գնային քաղաքականության վրա, և քանի դեռ եվրոպացիները չեն լցրել իրենց գազի պահուստարանները, համեմատաբար, առայժմ՝ ոչ այնքան բարձր գնով, որը կարող է լինել մի քանի օր անց:

Այնպես որ, Եվրոպան չի կարող հրաժարվել, որովհետև չունի դիվերսիֆիկացիոն հնարավորություններ, դա չի կարող ապահովել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ ԱՄՆ-ը, թեև նմանատիպ նպատակներ Վաշինգտոնը միշտ էլ ունեցել է և այսօր էլ ունի:

Բայց սա այն վառելիքն է, որը գնային առումով չի կարող մրցունակ լինել ռուսականի հետ՝ հաշվի առնելով նաև տրանսպորտային լոգիստիկ ծախսերը:

Տեսանյութեր

Լրահոս