«18 համայնքներից 6-ում առկա է ջրի խնդիր՝ Գեղամապատ գյուղն ամբողջովին զրկված է ջրից». Գեղամասարի համայնքապետ

Փետրվարի կեսերին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:

«Օրինակ, Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար նախատեսված ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը:

Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում և մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։

Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ՝ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել:

ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը»,- նշել էր Արման Թաթոյանը:

168.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց՝ 18 համայնքներից 6-ում առկա է ջրի խնդիր, դրանցից որոշներն առհասարակ ջուր չունեն, որոշներն էլ՝ մասնակի չունեն։

«2021 թվականի մայիսի 12-ից այս խնդիրն առկա է, հիմա սպասում ենք՝ եղանակները բացվեն, մտածենք այլընտարնքային ճանապարհով ջուր ունենալու մասին։ Պետք է հասկանանք, թե կառավարությունն ինչ է մտածում, ի վիճակի՞ է մեզ համար որևէ բան անել։ Օրինակ, Նորաբակում այլընտրանքը կար, գյուղում 3 «տոչկա» ջուր էր գալիս, Սոթքում նոր ջրագիծ ենք քաշել, սակայն սա չի նշանակում, որ սա նորմալ վիճակ է։ Մենք մշտապես այլընտրանքային ճանապարհների մասին ենք մտածում, այսօրվա դրությամբ Գեղամապատ գյուղն ամբողջովին զրկված է ջրից։ Գյուղերը, որոնք ջուր չունեն, մեքենաներով կողքի գյուղերից բերում են»,- նշեց Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ թշնամին շատ մոտ է ջրերի ակունքներին, և լավ իմանալով ադրբեջանցիներին, նրանցից ամեն ինչ սպասում են՝ ընդհուպ կարող են ջուրը թունավորել։

«Այն գյուղերը, որտեղ ջուրը մասնակի է, աշխատում են այդ ջրից չօգտվել, հավանական է, որ թշնամին թունավորի ջուրը»,- շեշտեց Հակոբ Ավետյանը։

Ըստ նրա՝ նախորդ ամիսների համեմատ, թշնամին վերջին շրջանում սադրանքների քիչ է դիմում։

«Սա երևի կապված է նաև եղանակային պայմանների հետ, հուսանք՝ լավ կլինի։ Չեմ կարող ասել, թե եղանակները տաքանալուն պես ինչեր կլինեն, չեմ ուզում ենթադրություններ անել»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։

Տեսանյութեր

Լրահոս