Փաշինյան՝ անկուշտ փառասիրությամբ ու իշխանության ծարավ բացասական հերոս
Ժամանակին ներկայիս իշխող ուժի ներկայացուցիչները հաճախ էին հարթակներից Թումանյան արտասանում։ Տեսնես «Չարի վե՞րջն» էլ նույն խանդավառությամբ կմեջբերեին։ Խորամանկ աղվեսի պես 2018 թվականին իշխանափոխությունից հետո անընդհատ «մեզ ժողովուրդն է իշխանության բերել», «մենք այստեղ ենք, որ ժողովրդի ձեռքից իր իշխանությունը ոչ ոք չտանի», «հենց ժողովուրդը ուզի, մենք կգնանք», «բոլորդ հես ա կսկսեք լավ ապրել» սին խոսքերով շահելով մարդկանց վստահությունը՝ անցած երեք տարիների ընթացքում Փաշինյանն ու իր քաղաքական թիմի անդամները քայլ առ քայլ այդ նույն ժողովրդից աննկատ տարան որոշելու, ընտրելու, խոսելու, կարծիք արտահայտելու, անվտանգ ապրելու իրավունքը և, ամենակարևորը, տարան այդ ժողովրդից 5000 երիտասարդի կյանքի իրավունքը։ «Էս սարն իմն է, էս ծառը իմն է» սկզբունքով՝ Փաշինյանն իր բռի մեջ առավ պետականության հիմք հանդիսացող ամեն բան, ամեն մի ինստիտուտ, ասել է թե՝ ժողովրդի ձեռքից, որպես այդպիսին, պետությունն էլ տարավ։
Գործադիր իշխանությունն իմն է։ Փաշինյանը վարչապետ է, կառավարության բոլոր անդամները՝ նրա քաղաքական թիմի անդամ, իսկ եթե անդամ էլ չեն, ապա անվերապահորեն աջակցում են ու ընդունում նրա կողմից վարվող քաղաքականությունը։ Այս փաստն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե նրա ու նրա թիմի կառավարումը վերահսկող և զսպող լծակներ լինեին։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում այդ լծակները կենտրոնացված են Ազգային ժողովի և դատական իշխանության ձեռքում: Բայց, ավաղ, նրանք ամենաթողության մեջ են, քանի որ ժողովրդին ստեր շաղ տալով և մոլորեցնելով՝ ամբողջությամբ տիրացել են իրենց իսկ աշխատանքը վերահսկող ամենագլխավոր մարմնին՝ Ազգային ժողովին, և այնուհետև իրենց վերահսկողության տակ են վերցրել դատական համակարգը` ճանապարհին չեզոքացնելով նաև հնարավոր այլ սպառնալիքներ:
Ազգային ժողովն իմն է։ Վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ Ազգային ժողովը սկուտեղի վրա հանձնվեց Փաշինյանին։ Դրանում, իհարկե, զգալիորեն կա այն քաղաքացիների մեղավորությունը, ովքեր այս կամ այն պատճառով չմասնակցեցին ընտրությանը, իսկ Փաշինյանի թիմը վարչական ռեսուրսի ագրեսիվ կիրառմամբ կարողացավ իր համար ապահովել առավելագույն քանակի ձայներ։ Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ ստանալով 71 մանդատ, կազմեց խորհրդարանական մեծամասնությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համապատասխանաբար ստացան 29 և 7 մանդատ։
Արդյունքում՝ ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ ՔՊ-ն կարիք չունի համագործակցելու ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկի հետ, վերջինիս ձայները բավարար են միայնակ իրականացնելու Սահմանադրությամբ նախատեսված գրեթե բոլոր լիազորությունները, իսկ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ հանրաքվեի դնելու կամ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար ընդդիմությունից պահանջվում է ընդամենը 1 ձայն։ Կարծում ենք՝ ավելորդ է խոսել նրա մասին, որ Ազգային ժողովը գործող կազմով կարող է որևէ վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ:
Ազգային ժողովի որպես մեծամասնություն անցած 71 պատգամավորների մեծ մասը մանդատը ստացել է զուտ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակում էր։ Ովքե՞ր են նրանք, ճանաչո՞ւմ էր արդյոք հանրությունը նրանց ընտրությունից առաջ և, ամենակարևորը, ընտրությունից հետո։ Այս մարդիկ իրենց սրընթաց զարգացող քաղաքական կարիերայով պարտական են Փաշինյանին և համաձայն են անգամ մոռանալ սկզբունքայնությունը և նրա հանցակիցը դառնալ, միայն թե պահպանեն իրենց դիրքը։ Կարելի՞ է արդյոք նրանցից ակնկալել Փաշինյանի գլխավորած Կառավարության նկատմամբ վերահսկողության իրականացում կամ քննադատում։ Իհարկե, ոչ։
Դատարաններն իմն են։ Դատական ոլորտի բարեփոխումների անվան տակ՝ Փաշինյանն իրականում իրենով արեց դատական համակարգը։ Ու դա արեց այն մարդը, ով տարիներ շարունակ իր քաղաքական հակառակորդներին մեղադրում էր դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու, դատավորներին հրահանգներ իջեցնելու մեջ։ Բայց իրականում նա միակն էր, ով դատարանները շրջափակելու հրաման տվեց, ով հեռախոսով կալանավորելու հրահանգներ տվեց, ով սպառնաց բոլոր այն դատավորներին, ովքեր իրեն հակառակ կգործեն, իսկ հետո պարզապես համակարգն իրեն ենթարկեց։ Սկսեց Սահմանադրականից, ավարտեց Բարձր դատական խորհրդով։
Ազգային ժողովը մի քանի ժամվա ընթացքում ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով իրականացրեց Սահմանադրության փոփոխություններ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանից հեռացվեցին իրեն ոչ հարմար անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը և դադարեցվեցին Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ, լիազորությունները: Այնուհետև ՍԴ նախագահ ընտրվեց իրենց լոյալ Արման Դիլանյանը։ Հաջորդ քայլը դատարանների և դատավորների անկախությունը վերացնելն էր։
Առաջին քայլով նա ԲԴԽ ներդրեց իր մարդկանց՝ Գագիկ Ջհանգիրյանին, ովանձամբ Փաշինյանի հետ շատ սերտ կապերի մեջ է, և Դավիթ Խաչատուրյանին՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբորը։ Միաժամանակ սկսվեց ԲԴԽ անցանկալի նախագահից ազատվելու գործընթացը։ Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների խափանման միջոցի հարցի քննության նախօրեին Ռուբեն Վարդազարյանը, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի հայտնի որակումը, կոչով դիմեց դատավորներին՝ ասելով, որ եկել է պահը՝ տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Այս հայտարարությունից հետո Վարդազարյանի նկատմամբ առանց անձեռնմխելիության հաղթահարման հարուցվեց քրեական գործ, և վերջինիս լիազորությունները կասեցվեցին, իսկ Գագիկ Ջհանգիրյանը, որպես ԲԴԽ տարիքով անդամ, նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար. ԲԴԽ-ն սկսեց գործել 9 անդամով: Իսկ արդեն այս տարի Փաշինյանին ԱԺ-ում մեծամասնություն ունենալու շնորհիվ հաջողվեց կատարել այնպիսի փոփոխություն, որով սահմանվեց՝ եթե ԲԴԽ նիստին մասնակցի մինչև 9 անդամ, ապա որոշում կայացնելու համար կպահանջվի ընդամենը 5 ձայն: Ասել է թե՝ նման պայմաններում Փաշինյանի կողմից ընտրված ԲԴԽ 5 ոչ դատավոր անդամները կարող են միաձայն որոշում կայացնել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու համաձայնություն տալու համար։
Իսկ դատավոր և ոչ դատավոր անդամների պարտադիր մասնակցությամբ որոշումներ կարող են կայացվել, եթե նիստին մասնակցում են ԲԴԽ բոլոր 10 անդամները, և որոշում կայացնելու համար կպահանջվի 6 ձայն, ինչն անհնար է՝ Ռուբեն Վարդազարյանի հարցը նկատի ունենալով։ Ու այսպես, յուրաքանչյուր պահի, ինչպես և մենք տեսնում ենք գործնականում, կարող են հարուցվել գործեր ու համակարգից հեռացվել բոլոր այն դատավորները, ովքեր հանդգնում են գործել իրենց խղճի կամոք և օրենքի տառով, այլ ոչ թե Փաշինյանին ի հաճո։ Ստացվում է՝ դատական համակարգն այսուհետ Նիկոլ Փաշինյանն է։
Նախագահի աթոռն իմն է։ Հետո՞ ինչ, որ ՀՀ նախագահի աթոռի թեկնածուն հենց ինքը՝ Փաշինյանը չէ, այլ ներկայիս Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը։ Գործող իշխանությունների կողմից նրա թեկնածության առաջադրումը հաշվարկված քաղաքական որոշում էր՝ պետության գլուխը նույնպես բռնազավթելու նպատակով: Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հասցեին պարբերաբար հնչող դժգոհությունների մեծ մասը վերաբերում էր նրան, որ վերջինս չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, անաչառ չէ, հաճախ չի առաջնորդվում համապետական և համազգային շահերով, այլ փոխարենը՝ դրսևորում է կրավորական պահվածք ու չեզոքություն:
Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել ՀՀ ապագա նախագահ Վահագն Խաչատուրյանից, ով առաջադրումից հետո դեռ շարունակում է պահպանել նախարարի իր աթոռը, ով չի խորշում թաքցնել իր համակրանքն իշխող քաղաքական թիմի հանդեպ, ընդունում է, որ երկրի նախագահը պետք է միակարծիք լինի իշխող ուժի քաղաքական վեկտորի, տեսակետների հետ՝ գիտակցաբար կամ գուցե անգիտակցաբար այդ քայլով այս ինստիտուտն էլ հանձնելով իշխող ուժի ենթակայությանը։ Վահագն Խաչատուրյանը որևէ պարագայում չի համապատասխանում նախագահից Սահմանադրությամբ պահանջվող չեզոքության պահանջներին, նա չի կարող իրականացնել այս առաքելությունը, քանի որ ի սկզբանե հանդես չի գալիս որպես վերկուսակցական և վերքաղաքական արբիտր, նա չի կարող առանցքային դեր ունենալ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռումը ապահովելու հարցում։ Դուք կարծում եք, թե երկրի նախագահը Վահագն Խաչատուրյա՞նն է դառնալու։ Ոչ, երկրի նախագահը Նիկոլ Փաշինյանն է լինելու։
Մարդու իրավունքների պաշտպանը մենակ իմ ու իմ համակիրների համար է։ Գիտե՞ք, թե ինչու մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանը, ունենալով այդքան բարձր վարկանիշ, վայելելով մեր ազգաբնակչության մեծ մասի համակրանքը, այդպես էլ գնահատանքի չարժանացավ ներկայիս իշխող քաղաքական թիմի կողմից։ Որովհետև նրանց պետք չէր մարդու իրավունքների պաշտպան, ով բարեխղճորեն կկատարի իրեն վերապահված գործառույթները, այլ պետք էր մեկը, ով աչք կփակի իրենց անօրինությունների վրա, չի խոսի դրանց մասին, չի քննադատի, անհամաձայնություն չի հայտնի, կհավատա Հայաստանում ժողովրդավարության բրենդի առկայությանը և, ավելին, ամենուրեք կքարոզի այդ կեղծ թեզը։
Եվ երբ իշխանական թիմի առջև ծառացավ նոր ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը, քանի որ փետրվարի 23-ին լրանում է Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը, Փաշինյանը կրկին առաջնորդվեց քաղաքական շահով՝ ընտրությունը կանգնեցնելով իր իսկ կառավարության Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի վրա։ Քրիստինե Գրիգորյանն առաջին իսկ պահից բացահայտ ներկայացրեց իր լոյալությունն իշխող քաղաքական ուժին, Ազգային ժողովում ծավալված բուռն հարցուպատասխանի ժամանակ խուսափեց իշխանության հասցեին գնահատականներ հնչեցնելուց, քննադատելուց այն ամենը, ինչը միանշանակ դուր չէր գա Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրին»։ Դուք կարծում եք, թե Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանը Քրիստինե Գրիգորյա՞նն է լինելու։ Ոչ, լինելու է Նիկոլ Փաշինյանը։
Պետությունը կայանում է, երբ կան գործող ինստիտուտներ, երկիրը բարգավաճում է և շարժվում անվտանգության ու կայունացման ուղիով, երբ ինստիտուտներից յուրաքանչյուրի նկատմամբ առկա է զսպումների ու հակակշիռների գործուն համակարգ։ Մեր երկրում այժմ, ցավոք սրտի, կա միայն մեկ անձի ձեռքում կենտրոնացած տոտալ իշխանություն՝ անձի, ով աչքի է ընկնում արկածախնդիր հայտարարություններով, երկրի ներկայի ու ապագայի համար ծանրութեթև չարված որոշումներով, խորհուրդների ու քննադատությունների նկատմամբ սուր անհանդուրժողականությամբ։ Կա Փաշինյանը, իր անկուշտ փառասիրությունը և դրանից տուժող Հայաստանն ու հայ ժողովուրդը։