«Ադրբեջանցին ամեն օր 1 մետր հող վերցնելով՝ գալիս է առաջ, էլ ապագա որտեղի՞ց լինի»․ Աղձքի բնակիչ
168.am-ը շարունակում է շրջել Հայաստանի տարբեր քաղաքներով և գյուղերով, զրուցում քաղաքացիների հետ, լսում նրանց մտահոգություններն ու անհանգստացնող խնդիրները։ Մեր նկարահանող խումբն այս անգամ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի փողոցներով շրջեց ու զրուցեց բնակիչների հետ։
Միջին տարիքի մի տղամարդ մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում, մի մասն էլ քաղաքում է աշխատում։ Իսկ գյուղում ո՞րն է առաջնային խնդիրը․
«Խնդիրներ շատ-շատ կան, որ թվարկենք, մինչև իրիկուն կասենք․․․ Առաջնային ոռոգման ջրի խնդիրն է, այնքան թանկ է ոռոգման ջուրը, որ մարդիկ հողերը չեն էլ մշակում, ամառվա կեսին ջուրը կտրում են, օգոստոս ամսին, որ մեր գյուղի բերքն այդ ժամանակ է լինում, ջուրը կտրում են, բերքը չորանում է, դրա համար էլ չեն մշակում, գնում են արտագնա աշխատանքի․․․»։
Այն խոստումները, որով այս իշխանությունները եկան, արդյո՞ք կատարվել են, Աղձքի բնակիչը բացասական պատասխան տվեց։
«Չէ, ոչ մի խոստում չի կատարել, օրինակ՝ մեր՝ գյուղացիներիս համար, ոչ մի բան չի փոխվել։ Ես իմ աշխատանքն ունեմ, նույն ձև ոնց որ կար, աշխատավարձի չափը նույնն է, ու ամեն ինչն էլ թանկացել է․․․»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «Ապագա կա»-ի կարգախոսին ու հայտարարություններին, Աղձքի բնակիչն ասաց, որ իրենց պատկերացրած ապագան բոլորովին այլ էր․
«Որպես ծնող՝ մտածում եմ, եթե այսպես շարունակվի, վաղն իմ երեխեքի համար կարող է ապագա չլինի։ Ամեն օր ադրբեջանցին մի մետր հող վերցնելով՝ գալիս է առաջ, էլ ապագա որտեղի՞ց լինի, այն ժամանակ ապրում էինք մեծ տարածքում, հիմա ապրում ենք փոքր տարածքում, ապագա որտեղի՞ց լինի․․․»։
Մեզ հանդիպած Աղձքի բնակիչներից մեծահասակ մի կին էլ պատմեց, թե ոնց է գյուղում սկսվում առօրյան․
«Առավոտ հելնում ենք, ես ու իմ հարսը կովերին տանում ենք, դաշտում կապում գալիս ենք, անասուն, հավ-ճիվ, նման բաներով ենք զբաղվում․․․»։
Իսկ ի՞նչ խնդիր կա, որ հրատապ լուծում է պահանջում.
«Խնդիրն այն է, որ աղջիկս, փեսաս ու իրենց 5 երեխաները տուն չունեն։ Արցախում էին ապրում, բայց պատերազմի ժամանակվանից իմ տունն են ապրում, ես էլ այդքան հնարավորություն չունեմ, տղաս էլ է ամուսնացած, 2 երեխա էլ նա ունի, բոլորով մի տան մեջ ենք ապրում»։
Աղձքի բնակիչն ասաց՝ օգնություն ստացել են, թե՛ հագուստ, թե՛ սնունդ, բայց արդեն 4 ամսից ավելի է՝ այդ օգնությունն էլ չի տրամադրվում։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է 3 տարի առաջ տված իր խոսոտւմները, արդյոք գյուղացին այսօր բարեկեցիկ կյանքո՞վ է ապրում․
«Ի՞նչ պետք է լինի, 4000 դրամ թոշակ է ավելացրե՞լ։ 29.000 դրամ Փարոս էինք ստանում, դա էլ կտրեցին, ինչ է տղեն աշխատում է, աշխատավարձը 62.000 դրամը պետք է չանցնի, էլ ի՞նչ բարեկեցություն պետք է լինի․․․»։
168.am-ը զրուցեց նաև պատերազմի օրերին Արցախից Հայաստան տեղափոխված երիտասարդ մի կնոջ հետ։ Ասում է՝ ուզում են կրկին վերադառնալ Արցախ, սակայն տարրական պայմաններ չեն ապահովում իրենց համար․
«Կանչում են, հանրակացարան են տրամադրում՝ 1 սենյակ, բայց 5 երեխա, ես, ամուսինս, 7 հոգի․․․ Գնում ես, որ վարձով ապրես, 100.000 դրամ վարձ են ուզում, բայց 5 անչափահաս երեխաների համար ընդամենը 80.000 դրամ փող եմ ստանում, ի վիճակի չեմ․․․ Այստեղ էլ ի վիճակի չեմ, որ վարձով ապրեմ, մի տան մեջ 14 հոգով ենք ապրում, գնում մասուր ենք հավաքում, տանում 300 դրամով հանձնում․․․ Թող մեր տները սարքեն, մեզ կանչեն, շուտ հասնենք մեր տները․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում