Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վախենո՞ւմ են ԱԽՔ Արմեն Գրիգորյանից
Այսօր չորեքշաբթի է, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) պաշտոնական կայքում դեռևս չկա ոչ մի հիշատակություն, հաղորդագրություն, հայտարարություն այն մասին, թե, ի վերջո, ի՞նչ որոշեց ԿԿՀ-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի առնչությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, անդրադարձել էր Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքերին, թե Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են, ու հավելել էր, որ մի քանի ամիս հետո իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:
«Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները: Ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել: Դա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Եվ քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»,- ասել էր Արման Թաթոյանը:
168.am-ը երկու անգամ՝ նոյեմբերի 4-ին և 5-ին, կապ էր հաստատել ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ ցանկանալով ճշտել՝ ինչ որոշում է կայացրել Հանձնաժողովը:
ԿԿՀ նախագահը նախ մեզ ասել էր, որ նիստը դեռ տեղի չի ունեցել, և մեկ օր անց պարզ կլինի, ապա մեկ օր անց մեզ պատասխանել էր, որ տեղեկատվություն չի տրամադրի, քանի դեռ ԿԿՀ կայքում այդ մասին հաղորդագրություն հրապարակված չէ, ինչն իրականում տարօրինակ պատասխան էր, քանի որ որևէ խտրական վերաբերմունքի մասին չէր կարող խոսք լինել. Հարցապնդումը մեր լրատվամիջոցն էր կատարել, թեման մեզ էր հետաքրքրում, և հետևաբար՝ ԿԿՀ նախագահն ազատ էր պատասխան տրամադրել արդեն կայացված որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը հրաժարվել էր մեզ տեղեկատվություն տրամադրել՝ ասելով, որ դա անարդար կլինի մյուս լրատվամիջոցների նկատմամբ, ու հորդորել էր սպասել պաշտոնական հաղորդագրության հրապարակմանը:
Ինչևէ, վերջինիս տեղեկացմամբ՝ ԿԿՀ հաղորդագրությունը կայքում տեղադրված պետք է լիներ ամենաուշը երեքշաբթի օրը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այն մինչ օրս տեղադրված չէ:
Մեզ մնում է կռահել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հրահանգված է մերժե՞լ Արմեն Գրիգորյանի նկատմամբ վարույթի հարուցումը, և դրա՞ համար է Հայկուհի Հարությունյանը կաշկանդվում պատասխանել մեր հարցին, թե՞ կա մեկ այլ պատճառ: