Հակուհի Հարությունյանը կրկին հրաժարվեց պատասխանել Արման Թաթոյանի դիմումի վերաբերյալ հարցին. ի՞նչ է սպասվում ԱԽՔ-ին
«Եկեք առաջ չընկնենք։ Վաղն ամեն բան պարզ կլինի». այս պատասխանը տվեց երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ է սպասվում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի դիմումին Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանին վերջինիս կատարած հայտարարությունների առնչությամբ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, անդրադարձել էր Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքերին, թե Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են, ու հավելել էր, որ մի քանի ամիս հետո իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:
«Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները: Ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել: Դա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Եվ քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»,- ասել էր Արման Թաթոյանը:
Այսօր մենք կրկին կապ հաստատեցինք ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ ակնկալելով, որ կստանանք պատասխան՝ ինչ որոշում է կայացրել Հանձնաժողովը, ՄԻՊ դիմումն արդյո՞ք վարույթ է ընդունվել, և պատասխանատվության կենթարկվի՞ Արմեն Գրիգորյանը, թե՞ ոչ:
Սակայն, ի զարմանս մեզ, Հայկուհի Հարությունյանը կրկին հրաժարվեց պատասխանել այդ հարցին, թեպետ Հանձնաժողովի նիստն արդեն տեղի էր ունեցել, և ըստ էության որոշումն առկա է:
– Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, մինչև որոշումը չհրապարակվի, կներեք:
– Ինչո՞ւ:
– Որովհետև դա արդար չի լինի մյուս լրատվամիջոցների նկատմամբ:
– Բայց ի՞նչ խնդիր կա, մեր լրատվամիջոցին է թեման հետաքրքիր, մենք ենք ուզում ստանալ այդ հարցի պատասխանը միգուցե:
– Ոչ, չեմ կարող ասել, մինչև որոշումը չհրապարակվի:
– Իսկ ե՞րբ այն կհրապարակվի:
– Երկուշաբթի կամ ամենաուշը՝ հաջորդ օրը:
Թե ինչո՞ւ է ԿԿՀ-ում գաղտնի պահվում ԱԽՔ-ի վերաբերյալ որոշումը, մնում է միայն գուշակել կամ սպասել ևս 3-4 օր: