«Վաղը նիստ ունենք, եկեք առաջ չընկնենք». Հայկուհի Հարությունյանը` Արման Թաթոյանի` ԱԽՔ-ի վերաբերյալ դիմումի մասին
Երեկ «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքերին, թե Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են, ու հավելել էր, որ մի քանի ամիս հետո իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:
«Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները: Ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել: Դա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Եվ քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»,- ասել էր Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք չէ Արմեն Գրիգորյանի արարքները շփոթել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատանքների հետ, «այդ մարդու արարքներն ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն»:
168.am-ն այսօր կապ հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ` փորձելով ճշտել, թե ինչ ընթացքում է ՄԻՊ դիմումն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ, և արդյոք վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։
Հայկուհի Հարությունյանը պատասխանեց, որ այս պահի դեռ ոչինչ չի կարող ասել, վաղը Հանձնաժողովը նիստ ունի, կքննարկեն ու կհասկանան դիմումի հետագա ճակատագիրը։
«Եկեք առաջ չընկնենք։ Վաղն ամեն բան պարզ կլինի»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։