Երբ երկրի վարչապետն «ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսեր» է
«Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարել է՝ «2020թ. սեպտեմբերի 2-ին ՌԴ ԳՇ-ն զգուշացրել էր Հայաստանին պատերազմի սկսվելու մասին, և հենց նույն օրը Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին»:
Այս տեղեկությունը հաստատել կամ հերքել չենք կարող, քանի որ չի եղել պաշտոնական հայտարարություն, փոխարենը կհիշեցնենք այդ օրերին տեղի ունեցած իրադարձություներ, որոնք գուցե անուղղակի ձևով կտան Բագրատյանի ասածի պատասխանը:
2020-ի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ սեպտեմբերի 4-ին մասնակցելու ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Սակայն քիչ անց այն հեռացվեց ՊՆ պաշտոնական կայքից, նույնը հորդորեցին անել լրատվամիջոցներին:
Երկու օր հետո՝ սեպտեմբերի 5-ին, պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց, որ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը:
Իսկ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվայում եղել է սեպտեմբերի 4-ից:
Սեպտեմբերի 3-ից Մոսկվայում եղած Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին Տոնոյանը «Մեդիամաքսին» ասել էր. «Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի»:
Ի դեպ, Մոսկվայում ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ»:
Ըստ այդմ՝ սեպտեմբերի 3-ին ԳՇ պետի Մոսկվա մեկնելու մասին «գաղտնի պահված», «արտահոսած» հաղորդագրությունը, կամ մեկնման փաստը, գուցե պատահականությո՞ւն չէր:
Պատերազմական նախազգուշացումների ամբողջ խրոնոլոգիան չենք ներկայացնի տվյալ պարագայում՝ ամռան ամիսներից մինչև պատերազմի սկսման օրը ընդգրկող, քանի որ այն մանրամասն արդեն 168.am-ը ներկայացրել է մի քանի հոդվածներով, կհիշեցնենք միայն 2020-ի սեպտեմբերի 25-ի և 26-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քանի որ օրերս՝ հոկտեմբերի 27-ին, Փաշինյանը, ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կոնկրետ հարցին, թե ե՞րբ է իրեն զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք, կամ իրադարձությունները բավականին կտրուկ զարգացում են ապրել և բավականին մեծացել է պատերազմի հավանականությունը, ՀՀ-ի վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը թարմացնելով հիշողությունը՝ պատասխանել էր.
«Ւմ հիշողության մեջ արձանագրված կա, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ»:
Այսինքն, առնվազն 2020-ի սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը, իր իսկ պնդմամբ, իմացել է պատերազմի սկսման մասին, օրը: Իսկ ի՞նչ էր նա ասում այդ և հաջորդ օրը հասարակությանը:
Նիկոլ Փաշինյանը, անտեսելով առկա վտանգները և ռադիոկլանված ստույգ տեղեկությունը, 2020-ի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարում է՝ «հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
Այս միտքը Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կրկնում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Ավելին, սպառնում է ապակայունացնել Ադրբեջանի ներքաղաքական վիճակը:
«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»,- ավելացրել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 26-ին Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստատեսությանը, որտեղ պնդում է, թե այդ Ալիևն է իրեն խնդրանքով դիմել.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»,- շեշտում է Փաշինյանը:
Սեպտեմբերի 26-ին Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված է հրապարակում, որում, մասնավորապես, նշվում է.
«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը…
Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։ Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։ Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։ Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»,- գրում է Փաշինյանի ընտանեկան թերթը:
Ի դեպ, 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել. «Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր.
«Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր: Թուրքիայի ինտենսիվ մասնակցության արդյունքում է դա եղել»:
Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի վերևում նշված մտքին՝ «մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման», ապա պատերազմի առաջին օրը ցույց տվեց, որ ՊԲ-ն ամբողջովին պատրաստ չի եղել պատերազմին, ինչի մասին հաստատող փաստերով 168.am-ը մի քանի հոդված է ներկայացրել, որը շարունակելի է լինելու: Այս փաստերին հավելենք ևս մեկը՝ վերջին պատերազմում զոհված Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը սեպտեմբերի 27-ի առավոտյան տանից է շտապել աշխատանքի:
«Ամուսինը մի քանի ցուցում է տվել ու շտապել աշխատանքի, զգուշացրել է հոսանքի հնարավոր տատանումների, հեռախոսակապ չլինելու մասին, հորդորել արագ հավաքել առաջին անհրաժեշտության իրեր ու իջնել նկուղ»,- hetq.am-ին պատմել է գնդապետի կինը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը որոշակի գրավոր և բանավոր կարգադրություններ տվել է պատերազմական վիճակին պատրաստ լինելու:
Սակայն հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ-ն գործել է՝ ըստ նախնական կիրառման պլանի:
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»,- հավելել էր Փաշինյանը
Ելնելով պատերազմի սկսման փաստից, ընթացքից, ելքից, ՊԲ-ի պատրաստ լինելու և ՀՀ ԶՈՒ ներգրավվածության մակարդակից, ի՞նչ է ստացվում՝ փաստորեն Փաշինյանը ստո՞ւմ էր, երբ ասում էր՝ «եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:
Ի դեպ, Փաշինյանը կրկին ինքն իրեն և իր թիմակիցներին հակասում է՝ մեկ ասում է՝ բանակ չենք ունեցել ու չունենք, թալանել են, զինվորականներն էլ կոռումպացված ու անգրագետ են, մեկ ասում է՝ «մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»: