«Շինհրապարակի» վերածված Հայաստանում աճը կրկին սիմվոլիկ է. նախորդ տարվա 23 տոկոս անկումից հետո հունիսին ընդամենը 1,3 տոկոս աճ է գրանցվել
Նախորդ տարվա անկման ֆոնին՝ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ աճեր են արձանագրվում։ Եթե հաշվի առնենք, թե ինչ էր կատարվում նախորդ տարվա այս ժամանակահատվածում, սա միանգամայն բնական է։ Բայց նույնիսկ այդ պարագայում տնտեսական ցուցանիշների բարելավումը շատ հաճախ տեղի է ունենում ոչ այնքան ներքին տնտեսության վերականգնման և գործընթացների ակտիվացման, որքան այլ գործոնների հաշվին։ Խոսքը, մասնավորապես, դրսից թելադրված գործոնների մասին է, որոնք տնտեսական աճի գործում էական դեր ունեն։
Որպես այդպիսին, առաջնայինը միջազգային շուկաներում մետաղների արձանագրվող բարձր գներն են։
Համաշխարհային տնտեսության վերականգնման և պահանջարկի ավելացման ֆոնին, այս տարի մետաղներն անհամեմատ թանկ են։ Առանձին ամիսներին գները նույնիսկ կրկնակի բարձր են նախորդ տարվանից։
Հաշվի առնելով մետաղների գներից մեր տնտեսության կախվածության աստիճանը, սա էական ազդեցություն է ունեցել առանձին ոլորտներում արձանագրվող ցուցանիշների վրա։ Դա նկատելի է հատկապես արդյունաբերության և արտահանման դեպքում։ Արդյունաբերության թեկուզ փոքր աճը կապված է հիմնականում այդ գործոնի հետ։ Առանց դրա հազիվ թե արդյունաբերության մեջ աճ ունենայինք։
Տարին կիսվել է, իսկ արդյունաբերության ամենամեծ հատվածում՝ մշակող ճյուղում, դեռևս պահպանվում է անկումը։ Այն էլ՝ անցած տարվա անկումից հետո։
Մետաղների բարձր գներով է մեծապես պայմանավորված նաև արտահանման աճը։
Արտահանման մեջ էապես ավելացել է հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի և մոլիբդենի մասնաբաժինը։ Դրա հետևանքով փոխվել է նաև արտահանման կառուցվածքը։ Հիմա արդեն արտահանումը շատ ավելի մեծ չափով է կախված տնտեսության մեկ ճյուղից և հատկապես մեկ ապրանքատեսակից։ Խոսքը պղնձի մասին է։ Նման կախվածությունը որքան մեծանում է, այնքան ավելի վտանգավոր է դառնում։
Այս երևույթը մեր արտաքին առևտրի շրջանառության մեջ սկսեց նկատվել անցած տարի։ Բայց այս տարի ավելի է խորացել ու շարունակում է խորանալ։
Արտաքին հատվածից թելադրված դրական ազդակները միայն մետաղների գներով չեն պայմանավորված։ Ակտիվացել են նաև դրսից իրականացվող դրամային փոխանցումները, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա միշտ էլ մեծ է եղել՝ հաշվի առնելով դրանց ծավալները։
Տնտեսական ցուցանիշների նկատվող բարելավմանը նպաստել է նաև բարձր գնաճը։
Ինչպես տեսնում ենք, գործոնները բազմազան են, բայց դրանք քիչ կապ ունեն ներքին տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումների հետ։ Պատահական չէ, որ անգամ այդպիսի նպաստավոր պայմաններում, բազմաթիվ ոլորտներում նախորդ տարի արձանագրված կտրուկ անկումներից հետո, տնտեսական ակտիվությունը դանդաղ է վերականգնվում։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կեսի օպերատիվ տվյալները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 5 տոկոս։ Սրանում ներառված է նաև գյուղատնտեսությունը, որի վերաբերյալ տվյալները ներկայացվում են եռամսյակային կտրվածքով։
Տարվա առաջին 3 ամիսներին գյուղատնտեսությունն անկումային էր։ Արձանագրվել էր արտադրության ծավալների 1 տոկոս կրճատում։ Արդեն 6 ամիսների արդյունքներով, գյուղատնտեսությունը բավական բարձր աճ է գրանցել՝ 6,8 տոկոս։
Արտադրության ծավալների նման աճը ենթադրում է, որ գյուղմթերքներն այս տարի պիտի ավելի էժան լինեին։ Բայց ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Դրանք համատարած ավելի թանկ են, քան անցած տարի էին։
Հետևությունները թողնում ենք սպառողներին։
Աճի տեմպը շարունակում է ցածր մնալ արդյունաբերության մեջ, չնայած այն արտաքին գործոններին, որոնք էական ազդեցություն են ունեցել տնտեսության այս ճյուղի ցուցանիշների վրա։ Հունիսին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1,3 տոկոս, իսկ 6 ամսվա արդյունքում գրանցվել է 2,1 տոկոս աճ։
Սա նշանակում է, որ անգամ մետաղների բարձր գները, ինչպես նաև ընդերքի արդյունահանման ծավալների ավելացումն այլևս չեն կարողանում խթանել արդյունաբերության աճը, քանի որ մյուս ճյուղերում ակտիվություն չկա։
Հունիսին բավական կտրուկ նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Չնայած ոչ վաղ անցյալում էկոնոմիկայի նախարարն ազդարարում էր, որ Հայաստանը վերածվել է շինհրապարակի, շինարարության ոլորտում պաշտոնական վիճակագրությունը կրկին տխուր պատկեր է արձանագրել. աճը վերստին սիմվոլիկ է։ Հունիսին շինարարությունն ավելացել է ընդամենը 1,3 տոկոսով՝ անցած տարվա նույն ամսվա ավելի քան 23 տոկոս անկումից հետո։
Նախորդ ամիսն էլ, ինչպես հայտնի է, աճը բարձր չէր, կազմել էր հազիվ 0,5 տոկոս։
Ահա այսպես է Հայաստանը վերածվում շինհրապարակի։
Վերջին 2 ամիսների ցածր ակտիվությունից հետո շինարարության աճը գնալով սեղմվում է։ Վեց ամիսների կտրվածքով, այն 10-11 տոկոս է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի գրեթե 24 տոկոս նվազումից հետո։
Վիճակագիրներն ակտիվություն են գրանցել առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Թե՛ մեկում, և թե՛ մյուսում հունիսին շրջանառություններն ավելացել են։ Տարվա կտրվածքով ևս աճ կա. առևտուրն ավելացել է՝ 8, ծառայությունները՝ 2,7 տոկոսով։ Դրանով հանդերձ՝ տնտեսության այդ ճյուղերը դեռևս հետ են մնում նախաճգնաժամային իրավիճակին հասնելուց։
Առևտրի ոլորտում գրանցված 8 տոկոսանոց աճը եղել է անցած տարվա ավելի քան 11 տոկոս անկման, իսկ ծառայությունների 2,7 տոկոս աճը՝ 6,4 տոկոս անկման նկատմամբ։ Չհաշված բարձր գնաճի ազդեցությունը։ Տարվա առաջին կեսին սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 5,7 տոկոս։ Հունիսին այն հասել է նույնիսկ 6,5 տոկոսի։ Սա էական գործոն է ոչ միայն առևտրի և ծառայությունների շրջանառությունների, այլև ընդհանրապես տնտեսության մյուս հատվածների աճերի գործում։
Արտաքին առևտուրը ևս կրում է այդ ազդեցությունը։ Թեև գործոններն այստեղ մի քանիսն են, իսկ ամենաէականը մետաղների միջազգային գներն են։ Արտահանման բարձր աճը, առաջին հերթին, դրա արդյունք է։ Ավելացել է նաև ներմուծումը, բայց ավելի քիչ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ