Բաժիններ՝

643 հազար աշխատատեղը՝ ռեկո՞րդ, թե՞ հակառեկորդ, և ե՞րբ կվերադառնան «խոպանի մեր բարեկամները». տնտեսագետներն արձագանքում են

«Աննախադեպ» և «ռեկորդ» բառերը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների թեթև ձեռքով բոլորովին արժեզրկվեց՝ վերածվելով դատարկ, ոչինչ չասող և հաճախ կրկնվող բառերի:

Կառավարության այսօրվա հերթական նիստը դարձյալ չի անցել առանց «աննախադեպ» ցուցանիշների հրապարակման. մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է.

«Մենք արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հունիսին նույնպես մենք ունենք վճարվող, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»:

«Բացարձակ ռեկորդի» էությունը մանրամասնել է վերջին մեկ տարին «աննախադեպ ռեկորդների ու գերակատարումների» մասին բարձրաձայնող ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը. «Հունիս ամսվա ընթացքում գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 000: Այս ցուցանիշը երբևէ նախադեպը չունեցող ցուցանիշ է, և համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34.000-ով ավել է 2020թ.-ից, շուրջ 38.000-ով ավել է 2019թ.-ից և 80.000-ով ավել է 2018թ.-ից: Բարձր է ստացվել նաև միջին աշխատավարձը՝ ամսական կտրվածքով 216 հազար դրամ»:

Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ, իսկ եկամտային հարկի չափը հասել է 30 մլրդ դրամի: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ եկամտահարկի չափը նախորդ տարիների համեմատ իջեցվել է։

Ի դեպ, այս «աննախադեպ ցուցանիշին» երեկ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև Էկոնոմիկայի՝ աննախադեպ լավատեսությամբ և աննախադեպ հայտարարություններով աչքի ընկնող նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար՝ կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,- գրել էր նա։

Այսօր արդեն կառավարության նիստից հետո Վահան Քերոբյանը մեկ քայլ առաջ էր անցել՝ լրագրողներին տեղեկացնելով.

«Ես գիտեմ, որ գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում տարբեր երկրներից հովիվ են բերում: Սևանում կա մի շատ լավ, տոհմային ոչխարաբուծարան, Նավասարդ Ագոյան է անունը, և իրենք ամիսը 200.000 դրամով հովիվ են փնտրում, Տաջիկստանից կամ այլ երկրներից են փորձում գտնել էն մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն»:

Սակայն այստեղ թողնենք մեր ոչխարներին ու դարձյալ գանք «աննախադեպ» ցուցանիշներին, որոնք, պարզվում է՝ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, ամենևին էլ աննախադեպ չեն:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ ՎԿ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-մայիսին» նախնական տվյալների համաձայն՝ 2021թ. մայիս ամսին աշխատողների թվաքանակը կազմել է 647 212:

«Այսինքն՝ մենք կարող ենք խոսել ոչ թե աննախադեպ աճից, այլ, օրինակ, նվազումից: Իսկ եթե աշխատատեղերի թիվը համեմատում ենք 2020 թվականի հետ, ապա մենք համեմատում ենք լոքդաունի ժամանակաշրջանի հետ, երբ կարանտինով պայմանավորված՝ բազմաթիվ աշխատատեղեր տեխնիկապես փակ էին, և եթե հաշվի առնենք այն միտումը, որն ունեցել ենք որոշ ժամանակահատվածներում, երբ տարեկան 40-50 հազար նոր աշխատատեղեր էին ստեղծվում, ապա վերջին 12-14 ամիսներն այդքան էլ գոհացուցիչ չեն:

Այո, աճը տեղի է ունենում, որովհետև կան որոշ վերականգնողական միտումներ, կա աշխատաշուկայի որոշակի ճկունություն, որը վերջին տարիներին գրանցվում է, բայց այնպես չէ, որ 643 հազար աշխատատեղերը մենք պետք է համարենք շատ լավ ցուցանիշ: Ավելի շատ կասեի՝ գուցե սա մեզ նույնիսկ պետք է մտահոգի»,- մանրամասնեց տնտեսագետը:

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի՝ խոպան գնացած բարեկամներին «բերման ենթարկելու մասին հայտարարությանը և պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք Հայաստանում այս պահին այն տնտեսական բարենպաստ պայմաններ կան, որպեսզի «խոպան գնացած բարեկամները» հետ գան՝ հաշվի առնելով, որ նույնիսկ առկա են արտագաղթի միտումներ՝ Հրանտ Միքայելյանը նշեց. «Հայաստանը բնութագրվում է խրոնիկ արտագաղթով, և այդ արտագաղթը կանգնել է 2018-2020 թթ.-ին՝ 2018-2019 թթ.-ին՝ դրական տեղեկատվական ֆոնի հիման վրա, իսկ 2020 թվականին՝ փակ սահմանների պայմաններում: 2021 թվականին մենք տեսնում ենք բավականին մեծ արտագաղթ. այս պահի դրությամբ առաջին կիսամյակում մենք ունենք 138 հազար բացասական սալդո ավիացիայում, որոնցից մինչև 80 հազար արտագաղթել են արդեն:

Բայց, որպեսզի մենք համարենք աշխատանքային շուկայի հարցը քիչ թե շատ լուծված, ապա գործազրկությունը պետք է իջնի գոնե 10 տոկոս, մինչդեռ այս պահի դրությամբ Հայաստանում գործազրկությունը կազմում է 18 տոկոս, և նման պայմաններում ակնկալել, որ մարդիկ կորոշեն հետ գալ, կարծում եմ, որ ճիշտ չէ: Այսինքն՝ այն էյֆորիան, որ եղել է, այլևս չկա, ու մարդիկ դատելու են իրենց սպասելիքներից, աշխատանքային շուկայում առկա իրավիճակից:

Իսկ առկա իրավիճակում, եթե նույնիսկ տարեկան 50 հազար աշխատատեղ ստեղծվի, ապա մեզ պետք է մոտավորապես 10 տարի, մինչև մենք տեսնենք, որ իսկապես կարիք կա աշխատանքային ուժը Հայաստան վերադարձնելու»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չցանկացավ անդրադառնալ գործադիրի կողմից հնչեցվող ցուցանիշներին՝ նկատելով, որ իրենց կողմից արվող որևէ հայտարարություն հավատ չի ներշնչում:
«Արտագաղթողների թիվն արդեն գերազանցել է 86 հազարը, ուրեմն ընդհանրապես ծիծաղել կարելի է, թե որտեղից են բստրում աշխատատեղեր և այլն: Ստացվում է՝ եթե այս նույն տեմպերով շարունակվի, ուրեմն նույնիսկ կասեն, որ տարեվերջին ՀՀ-ում մի քանի միլիոն աշխատատեղեր կան:

Եթե մի երկրում իր քաղաքացին չուզենա ապրել և ցանկանա դուրս գալ իր երկրից, ինչպե՞ս կարող է նման երկրում այսպիսի ճոխություն լինել աշխատանքի ու եկամուտի կտրվածքով: Ցանկացած աշխատատեղ ենթադրում է համապատասխան եկամուտ: Մեր երկրում գոյություն ունի սարսափելի բևեռացվածություն, աղքատության բարձր մակարդակ. այդ ինչպե՞ս է՝ աշխատատեղերը շատանում են, աղքատության մակարդակը նմանապես շատանում է՝ փոխանակ հակառակ գործողությունը լինի»,- ասաց տնտեսագետը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ներկայացվող թվերին անդրադարձավ հարկային տեսանկյունից՝ նկատելով.

«Մենք հունվար-մայիս ամիսների հարկային մուտքերի պաշտոնական վիճակագրություն ունենք, և երբ համեմատում ես նախորդ տարվա հարկային մուտքերի հետ, ակնհայտ է դառնում, որ եկամտային հարկից մուտքերը գրեթե մնացել են նույնը:

Նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ՝ եկամտային հարկի աճը կազմել է 0.8 տոկոս՝ այն դեպքում, երբ, ըստ իրենց, մոտ 7-8 տոկոսով կամ 30-40 հազարով ավելացել է աշխատողների թվաքանակը, ավելացել է միջին անվանական ամսական աշխատավարձը, և մենք ունենք ընդամենը մեկ տոկոսի չափով աճ: Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ եկամտային հարկը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 1 տոկոսով, նույնիսկ այդ թվերի պարագայում՝ եկամտային հարկի մուտքերը շատ ավելի մեծ պետք է լինեին:

Իրենց հայտարարած թվերն ու դրանից եկած եկամուտները չեն երևում. իրենք ՊԵԿ-ի կողմից հավաքագրված թվեր են հայտարարում, որոնք հաճախ պաշտոնական թվերի հետ չեն համապատասխանում:

Լավ, եթե կան աշխատատեղեր, միջին աշխատավարձը 216 հազար դրամ է, մարդիկ ինչո՞ւ են երկրից գնում: Ի դեպ, մեզ մոտ այլ խնդիր էլ կա՝ աշխատավարձերը ցածր են: Տարբեր վերլուծություններ կան, որոնք ցույց են տալիս, որ մեր աշխատողների 25 տոկոսն աղքատ են»:

Տնտեսագետի կարծիքով՝ գնահատականները պետք է հնչեցնել՝ ելնելով երկրում աղքատության մակարդակից, գնաճի տեմպերից և այլ գործոններից: Այս համատեքստում նա նաև շեշտում է՝ այս տարվա միջին անվանական աշխատավարձի աճը համադրելի չէ նույն ժամանակահատվածում ապրանքների գների աճի հետ.

«Օրինակ, հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 4.4 տոկոս միջին անվանական աշխատավարձի աճ նախորդ տարվա համեմատ, այդ նույն ժամանակահատվածում ապրանքների գներն աճել են 5.5 տոկոսով. հիմա դու հարստացե՞լ ես, թե՞ աղքատացել ես: Այսինքն՝ անցյալ տարվա աշխատավարձով քաղաքացին ավելի շատ ապրանքներ կարող էր ձեռք բերել, քան այս տարվա «բարձրացված աշխատավարձով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս