Բաժիններ՝

«Գյուղերում հովիվներ չեն կարողանում ճարել, ստիպված գնում, տարբեր երկրներից հովիվ են բերում». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երեկ ֆեյսբուքյան իր գրառմամբ կոչ էր արել «արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Քերոբյանին հարցրին, թե ինչպե՞ս է պատրաստվում «բերման ենթարկել» խոպան գնացող մեր հայրենակիցներին:

«Դա կատակ է եղել, իհարկե, կատակով եմ ասել, բայց կոչով փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում հիմա կան բազմաթիվ աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ այստեղ կկարողանան լավ աշխատատեղեր ճարել, մանավանդ իմ նշած ոլորտներում: Ես գիտեմ, որ գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում տարբեր երկրներից հովիվ են բերում»:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե ո՞վ է իրեն դիմել հովիվ գտնելու խնդրանքով, Քերոբյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց.

«Դպրաբակ գյուղից Վրեժ Վարդանյանը»:

Լրագրողը խոստացավ ստուգել: Իսկ ի՞նչ չափերի է հասնում հովիվների պահանջարկը:

«Սևանում կա մի շատ լավ, տոհմային ոչխարաբուծարան, Նավասարդ Ագոյան է անունը, և իրենք ամիսը 200.000 դրամով հովիվ են փնտրում, Տաջիկստանից կամ այլ երկրներից  են փորձում գտնել էն մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն: Սպիտակում կա նման ագրոհոլդինգ, բազմաթիվ նման օրինակներ կարող եմ բերել այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում»,- ասաց Քերոբյանը:

Վահան Քերոբյանի պնդմամբ՝ առցանց աշխատաշուկայի ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ այս ամիս աշխատանքի բավականին շատ հայտարարություններ կան:

«Ամենառեկորդային ամսում չենք, բայց երկրորդ ամենալավ ցուցանիշն է, այսինքն՝ ամենաշատ աշխատանքի հայտարարություններ կան այս պահին ինտերնետում տարբեր ոլորտների վերաբերյալ»:

Եթե աշխատատեղերն ավելանում են, ապա ինչպե՞ս է ստացվում, որ աղքատության ցուցանիշը չի նվազում:

«Կորոնավիրուսի ընթացքում աշխարհի բոլոր երկրներում աղքատության ցուցանիշը  վատացել է: Հայաստանում կա մի փոքր խեղաթյուրված իրավիճակ, շատ մարդիկ նստած են նպաստների վրա և մնում են աղքատ, բայց չեն գնում աշխատելու»,- պատասխանեց Քերոբյանը և դիմելով նման մարդկանց՝ կոչ արեց փոխել կենսակերպը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս