Ռազմական լարվածությամբ Ադրբեջանը փորձում է միջանցքի ու սահմանազատման հարցերում հասնել առաջընթացի. վերլուծաբան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը թևակոխում է տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական պայքարի հերթական փուլ: Ի տարբերություն պատերազմական փուլի, այս անգամ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը, փորձում է տարածաշրջանում «առաջին ջութակի» դերակատարությունը ստանձնել, փոխելով նաև ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը, որի համար ԵՄ-ն փորձում է քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ տրամադրել:
Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի արևմտյան կամ Արևմուտքի հայաստանյան ռևերանսների ֆոնին կտրուկ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ Արարատի մարզի Երասխի հատվածում, որին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Այցն աշխատանքային է` դիրքորոշումները հստակեցնելու համար»,- նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նաև հայտնել էր, որ այցի ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Երասխի դեպքերին այս անգամ բավականին արագ արձագանքում են արևմտյան դեսպաններն ու պաշտոնյաները, ինչը ևս հետաքրքրական փաստ է: Վերադառնալով Պուտին-Ալիև բանակցություններին, ռուսական պաշտոնական հաղորդագրության համաձայն, հիմնական ուշադրությունը հատկացվելու է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պրակտիկ ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակմանը և տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին:
Փորձագետները հանդիպման վերոնշյալ օրակարգը որակում են՝ որպես եռափաթեթ, արձանագրելով, որ քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանի գծման հարցը, ապա ապաշրջափակումն ու ադրբեջանառուսական հարաբերությունները:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ռազմական տեսանկյունից տեղի ունեցողը ճնշման փորձ է Հայաստանի, ՀՀ ԶՈՒ-ի նկատմամբ, որպեսզի վերջինս արագ անցնի բանակցային գործընթացի Ադրբեջանի հետ կարևոր հարցերի ուղղությամբ:
Նա հիշեցրեց, որ վերջին օրերին Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ճանապարհների ապաշրջափակման մասին, որ մի շարք պրոյեկտներ միանգամից զուգահեռաբար պետք է իրականացվեն, խոսվել է Խաղաղության համաձայնագրի մասին:
Եվսեևի կարծիքով՝ ներկայումս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանային գործընթացներն այնպիսի փուլում են, երբ արտաքին խաղացողների քայլերն ավելի ընկալելի ու հասկանալի են:
«Ադրբեջանը, որը պատերազմից հետո կորցրել է իր ինքնիշխանությունը՝ այն հանձնել է Թուրքիային, բաց տեքստով խոսել է, թե ինչ է ցանկանում։ Այդ մասին բաց խոսում են ադրբեջանական մամուլում, և հասկանալի է նաև այն, որ պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանը ձգտելու է ստանալ այն, ինչ հնարավոր է, ու հնարավորինս շուտ: Դրանք են միջանցքն ու սահմանազատումը: Հենց այդ պատճառով ամիսներ շարունակ մենք խոսում էինք ՀՀ անվտանգությունը հատկապես Սյունիքում և հայ-ադրբեջանական բոլոր սահմանագոտիների անվտանգությունն ամրապնդելու մասին, որպեսզի սպառնալիքները լինեն միայն դիվանագիտական ճակատում: Սակայն այդ աշխատանքը, ինչպես հայտնի է, ամբողջ ծավալով տեղի չի ունեցել, Ադրբեջանը սկզբից խախտեց սահմանը, հիմա սկսվեց մեկ այլ իրավիճակ այլ ուղղությամբ ու այլ մակարդակի լարվածության տեսքով, ինչը, ըստ էության, պատերազմից հետո առաջինն է:
Մեծ պատերազմի հավանականությունը շատ քիչ է, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մի շարք կարևոր նպատակներ ունի, որոնց հասնելու համար լոկալ լարվածությունները, ըստ նրանց տրամաբանության, կարող են օգնել: Այս իրողություններին նպաստում է նաև այն, որ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ամեն կերպ փորձում են աշխատել Մինսկի խմբի միջոցով կարգավիճակի հարցի ուղղությամբ, որը խիստ տարբերվում է հետպատերազմյան եռակողմ պայմանավորվածությունների օրակարգից: Ու փաստորեն, այսօր Ադրբեջանը խնդիր ունի իրավիճակը պահպանել, այսպես կոչված, հետպատերազմյան օրակարգի շրջանակում՝ թույլ չտալով Արևմուտքի միջամտություն, հենց այդ պատճառով արգելափակվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը»,- ասաց Եվսեևը:
Նա այն կարծիքին է, որ Ադրբեջանը կպահի լարվածությունը: «Ռուսաստանն այդ հատվածում ևս պետք է ինչ-որ կերպ արձագանքի իրավիճակին՝ ՀՀ իշխանությունների հետ աշխատելով: Կարծում եմ՝ այսօրվա բանակցություններն ինչ-որ տեղ հստակություն կմտցնեն եռակողմ ապագա աշխատանքների կազմակերպման հարցում:
Վերջերս էլ Փաշինյանը եղավ Մոսկվայում, քննարկվել է հարցերի գրեթե նույն շրջանակը: Այս ամենի հետ մեկտեղ, իհարկե, հետաքրքիր է հետևել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի զարգացմանը, որի շրջանակում երևում են ժամանակ առ ժամանակ անվտանգային թեմաներ: Կարծում եմ՝ այդ մասով էլ ինֆորմատիվ կլինի Մակրոնի առաջիկա այցը ՀՀ, որը, ըստ իս, պատահական այց չէ, և դրա շրջանակում արվելիք շեշտադրումները հասկանալի կդարձնեն իրադարձությունների ապագա ընթացքը»,- նկատեց նա: