Իրանի շուրջ վերջին զարգացումների ռիսկերը Հայաստանի համար. ի՞նչ էին նախազգուշացնում «Լույս» հիմնադրամի փորձագետները 44-օրյա պատերազմից առաջ
«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը տրվել էին պատերազմի հնարավոր բռնկման վերաբերյալ գնահատականներ, վեր էին հանվել ԼՂ հակամարտության հարցում դերակատարություն ունեցող հիմնական արտաքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները, սակայն փորձագետների կողմից բարձրաձայնվող մտահոգություններն այդպես էլ էական ազդեցություն չէին ունեցել որոշումների կայացման գործընթացի վրա։
Հոդվածաշարում մեր կողմից արդեն անդրադարձ է կատարվել գործոններից հինգին։ Այս հատվածում մենք կանդրադառնանք 2019թ.-ի նոյեմբերին «Լույս» հիմնադրամի կողմից հրապարակված «Իրանի շուրջ վերջին զարգացումները և ռիսկերը Հայաստանի համար» թեմայով վերլուծությանը, որի շրջանակներում փորձագետներն ուսումնասիրել էին Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առանձնահատկությունները և վեր հանել Հայաստանի համար հնարավոր սպառնալիքները։
Վերլուծելով Իրանի շուրջ միջազգային իրադրության զարգացման սցենարները՝ փորձագետները եզրակացրել էին, որ «Իրանի ապակայունացումը, հատկապես այնտեղ ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացումը մեծ վտանգներ կստեղծի ՌԴ-ի հարավային սահմանների համար։ Այդ վտանգներին դիմակայելու համար Մոսկվան փորձելու է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում և Ադրբեջանում»։ Թերևս, արցախյան վերջին պատերազմը արագացրեց այս գործընթացը և ՌԴ-ն հիմա ոչ միայն ռազմական ներկայություն ունի դե յուրե Ադրբեջանի տարածքում, այլև զգալիորեն ավելացրել է ներկայությունը Հայաստանի հարավում՝ Սյունիքում։
Անդրադառնալով Իրանի շուրջ լարվածության աճի համատեքստում Ադրբեջանի հնարավոր գործողություններին՝ փորձագետները նշել էին․ «Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանում միջազգային իրադրության ապակայունացումը Ադրբեջանը հաճախ օգտագործում է արցախյան ռազմաճակատում լարվածության մեծացման և ռազմական գործողությունների վերսկսման նպատակով։ Այդպես է եղել ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այդպես էր ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության ժամանակ, որը հանգեցրեց Ապրիլյան պատերազմին, և հավանաբար այդպես կլինի Իրանում իրավիճակի ապակայունացման դեպքում։ Իրանում լարվածության աճը կարող է վատթարացնել տարածաշրջանում Հայաստանի առանց այն էլ բարդ իրադրությունը, և սա նույնպես Ադրբեջանին Արցախյան հարցում ճնշումը ուժեղացնելու առիթ կտա»։ Հիմա արդեն կարելի է փաստել, որ Ադրբեջանը օգտվեց ինչպես տարածաշրջանային անկայունությունից, այնպես էլ Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում առկա լարվածությունից՝ 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար։ Դա նաև այն ժամանակահատվածում էր, երբ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացների նախաշեմին բավականին լարված էին նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունները։
Փորձագետների կողմից վեր է հանվում մեկ այլ մտահոգություն ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կտրուկ աճի վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ «եթե 2017թ. օգնության չափը կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար, ապա 2018-2019թթ. համար ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության և Պետդեպարտամենտի կողմից ռազմական և իրավական ոլորտներում Ադրբեջանին հատկացված ֆինանսական օգնությունը կազմել է ավելի քան 102,5 մլն դոլար։ Հայաստանին 2018թ.-ին տրամադրվել է 4,172 մլն դոլար, իսկ 2019 և 2020 թվականների համար նախատեսված է համապատասխանաբար 2,8 և 2,1 մլն դոլար»։ Նշվում է նաև, որ «Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրության այսպիսի կտրուկ աճը պայմանավորված է Իրանի շուրջ զարգացումներով և այդ համատեքստում Վաշինգտոնի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակության ավելացմամբ։ Արդեն հետպատերազմյան ժամանակաշրջանում, չնայած Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին, Արցախում ահաբեկիչների տեղակայմանը, որի մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատել է նաև ԱՄՆ-ը՝ Բայդենի վարչակազմը երկարացրեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում շարունակում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։
«Լույս» հիմնադրամի փորձագետները վերլուծության արդյունքում հանգել էին այն եզրակացությանը, որ ՀՀ անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է ունենալ Իրանում ստեղծված իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին արձագանքելու հստակ ռազմավարություն։ Միաժամանակ կարևոր է Հայաստանում հանրային ուշադրության կոնսոլիդացումը երկրի ազգային անվտանգության խնդիրների շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հնարավոր հետևանքները։ Անդրադարձ էր կատարվել նրան, որ Իրանի դեմ անուղղակի պատերազմի հարթակ կարող են դառնալ «Մեծ Մերձավոր Արևելքի» բոլոր կոնֆլիկտային գոտիները, այդ թվում՝ արցախաադրբեջանական սահմանը։
«Մինչ մենք զբաղված ենք ներքին թշնամիների փնտրտուքով, Հայաստան-Արցախ բաժանարար գծերի անցկացմամբ, տարածաշրջանի երկրները առավելապես զբաղված են արտաքին կոալիցիաների ձևավորմամբ և Իրանի շուրջ խորացող ճգնաժամի պայմաններում մանևրելու հնարավորինս մեծ դաշտի ձևավորմամբ։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար հատկապես ճակատագրական կարող են լինել հայ-ռուսական հարաբերություններում հավելյալ խնդիրների ստեղծումը և ՌԴ-ի գլխավորած ռազմաքաղաքական կոալիցիաների՝ առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի դերի թերագնահատումը»,- նշվում է հիմնադրամի վերլուծության մեջ։
Դիտարկելով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած հիմնական զարգացումները և հանրային օրակարգը զբաղեցրած թեմաներն ու իրադարձությունները՝ կարելի է տեսնել, որ տարածաշրջանային և անվտանգային զարգացումները գրեթե բացակայել են հանրային դիսկուրսից, իսկ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության և ուժային հավասարակշռության թերագնահատումը հանգեցրեց պատերազմի ժամանակ Հայաստանի գրեթե լիարժեք մեկուսացմանը։
Շարունակելի…