Կառավարության որոշումը՝ ընդդեմ բուհերի, օրենքների և նախագահի ինստիտուտի՞

Կառավարությունը երեկ հաստատել է որոշման նախագիծը, որով բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն՝ նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։

Ի դեպ, գործադիրն այս որոշումն ընդունել է՝ հաշվի չառնելով մասնագիտական շրջանակներից հնչող մտահոգությունները Սահմանադրության հետ ակնհայտ հակասությունների մասին և բուհերի ռեկտորների խորհրդի բացասական դիրքորոշումը։ Ավելորդ է խոսել անգամ բուհական ինքնավարության մասին․ բուհական ինքնավարություն, ապաքաղաքական բուհեր ու նման գեղեցիկ այլ խոստումներ հավանաբար հեռացան այն մետրոյի հետ, որի վագոններից մեկում ինչ-որ մի օր բախտ ունեցանք տեսնել ԿԳՄՍ նախկին նախարարին։

Նկատենք՝  e-draft համակարգում նախագիծը պետք է շրջանառվեր մինչև մայիսի 14-ը, սակայն ժողովրդավար իշխանություններն էական չեն համարել հանրային քննարկումները ևս։

Հիշեցնենք՝ կառավարության այս որոշմանը նախորդել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը, որը թեև մարտի 24-ին ընդունվել էր ԱԺ-ի կողմից, սակայն նախագահն այն չէր ստորագրել՝ դիմելով Սահմանադրական դատարան։

Ինչո՞ւ է կառավարությունը բուհական համակարգում այսքան հապճեպ անցել փոփոխությունների՝ 168.am-ի հարցին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պատասխանում է՝ ներկայացնելով ակնհայտ քաղաքական երանգները․

«Ինձ թվում է՝ ամեն ինչ սկսվեց պատերազմից հետո, երբ բուհերի մի մեծ հատված տարբեր ձևաչափերով պահանջեց իշխանությունների հրաժարականը, և, իհարկե նաև՝ պատերազմի հետևանքով իշխանության վարկանիշն իջավ, պարզ դարձավ, որ «պետք է համալսարաններով զբաղվել»: Իհարկե, դրան նաև հաջորդեց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը, որտեղ, ըստ էության, համալսարանի ներսի կազմը կարողացավ անցկացնել իր թեկնածուին:

Այսինքն՝ եթե մինչև պատերազմը իշխանություններին հիմնականում «հետաքրքրում էր» ԵՊՀ-ն, ապա պատերազմից հետո արդեն կարևորվեց ընդհանուր առմամբ բուհական համակարգի վերահսկողությունը, որովհետև տարբեր ժամանակներում միշտ էլ ասվել է, որ համալսարանները կարևոր են. դեռևս 17-րդ դարում անգլիացի փիլիսոփա Հոբսը ասել է, որ պետք է համալսարաններից սկսել: Դրա համար որոշվեց շատ արագ այս խորհրդի հարցը լուծել. 50/50-ից սկսեցին, այսինքն՝ 50 տոկոս՝ նախարարությունից, և 50 տոկոս՝ ներսից, հետո դարձրին 50+1 ձայն իշխանությունների քվեն, հետո մտածեցին, որ գուցե 50+1 ձայնը բավարար չէ, որովհետև հնարավոր է՝ մի հոգի բացակայի, կամ ճամբարափոխ լինի, դրա համար փորձ արվեց 65 տոկոս դարձնել, որպեսզի ձայներն ավելի շատ լինեն։

Ամենավատն այն է, որ սա արվեց դասախոսների հաշվին: Այսինքն՝ ամբողջ բուհում ընդամենը 10 տոկոս ձայն են ստանում դասախոսները, ինչը, իհարկե, շատ մտահոգիչ է»:

Կրթության փորձագետը մեկ այլ հետաքրքրական հանգամանքի վրա հրավիրեց ուշադրությունը․ կառավարության կայքում՝ սույն նախագծի գրավոր քվեարկության բաժնում, արձագանքել են միայն երկու՝ Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները․

«Հետաքրքիր է, որ Ֆինանսների նախարարությունն է առարկել  նախագծին՝ ասելով, որ սա կարող է սահմանափակել բուհերի ինքնավարությունը։ Ո՞վ կմտածեր, որ Ֆինանսների նախարարությունը պետք է մտահոգվի բուհերի ինքնավարության մասին։ Արդարադատության նախարարությունն ինչ-որ դիտարկումներ է արել,  մինչդեռ տրամաբանական կլիներ, որ հենց Արդարադատության նախարարությունը խոսեր սահմանադրականության և ինքնավարության հարցերի մասին» ։

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը համոզված է, որ տեղի ունեցողը բուհական համակարգի զարգացման վերաբերյալ տեսլականի բացակայության հետևանք է։

«Բուհական  համակարգի զարգացման վերաբերյալ տեսլականի բացակայության արդյունքում քաղաքական որոշում կա՝ կա՛մ վերահսկողություն սահմանել բուհերի գործունեության նկատմամբ, կա՛մ տեսնելով, որ վերահսկողությունը սահմանել չի ստացվում, ջարդել այդ համակարգը»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Վահե Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ՝ այս որոշումը խնդրահարույց է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև բարոյաէթիկական․ «Հանրապետության նախագահը բուհական ինքնավարության և հոգաբարձուների խորհրդի ձևավորման համամասնության նորմերի սահմանադրականությունը վիճարկելու խնդրով դիմել է Սահմանադրական դատարան, այժմ կառավարությունը ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով փորձում է այդ խնդիրը լուծել։ Ստացվում է, որ ուղղակի ոչ համարժեք վերաբերմունք է նախագահի ինստիտուտի նկատմամբ, որովհետև եթե նախագահը կարծում է, որ օրենքի իրավակարգավորումներում սահմանադրականության խնդիր կա, չէր կարելի նույն իրավակարգավորումները կառավարության որոշմամբ նախատեսել։

Հաջորդը՝ կառավարության որոշման նախագիծը դրված է եղել քննարկման e-draft-ում և մինչև մայիսի 14-ը պետք է անցներ հանրային քննարկում․  դեռ հանրային քննարկումը չավարտված՝ կառավարությունը երեկ գրավոր ընթացակարգով որոշումն ընդունում է ։ Այս դեպքում հարց է առաջանում՝ էլ հանրային քննարկման դնելու նպատակը ո՞րն է։

Որոշումը ոչ միայն բուհական ինքնավարությանը և ակադեմիական ազատությանն է դեմ, այլ կառավարման տեսանկյունից սխալ տրամաբանությամբ է կառուցված․ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը լինում են կառավարության և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մնացած 35 տոկոսը  բաշխվում է 25/10 տոկոս հարաբերակցությամբ՝ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջև, արդյունքում ի՞նչ է ստացվում, որ կառավարման խորհրդում լինում է 5 ուսանող և ընդամենը 2 դասախոս։

Համակարգային առումով որոշումը հակասում է նաև «Հիմնադրամների», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի և Սահմանադրության 38-րդ հոդվածի բովանդակությանը, որովհետև կառավարությունը՝ որպես հիմնադիր, խախտելով ՍԴ 38-րդ հոդվածը, ուղղակի միջամտել է բուհի գործունեությանը, կատարել է կանոնադրության մեջ փոփոխություն, որն  ամբողջությամբ հակասում է ակադեմիական ազատության, բուհական ինքնավարության սկզբունքներին»։

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ պետք է արվի՝ հակազդելու կառավարության այս հապճեպ ու խնդրահարույց որոշմանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը ներկայացրեց երեք առաջնահերթ քայլեր․

«Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ գործողություններ կատարել, որովհետև որոշումն ակնհայտ հակասում է Սահմանադրությանը, Վարչական դատարան դիմել, որովհետև այն հակասում է նաև օրենքներին, իսկ օրենքներն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, և հնարավոր է այս ակտի գործողությունը կասեցնել, և  կարևորագույն քայլ է նաև Եվրոպական համալսարանների ասոցիացիային դիմելը, քանի որ Երևանի պետական համալսարանը միացել է Մագնա Կարտային, իսկ այն ամրագրել է նաև  բուհական ինքնավարության, ակադեմիական և հետազոտություններին ազատությունների իրավունքներն ու սկզբունքները՝ այդ իրավունքների պաշտպանության և ապահովման խնդրով»։

Մեր զրուցակիցը նշեց, որ նախագահը վիճարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականությունը, իսկ Սահմանադրական  դատարան դիմելու իրավասություն ունեցող անձինք կարող են վիճարկել կառավարության որոշումը․ «Կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը, կարող են դիմել այն անձինք, որոնց իրավունքների վրա ուղղակի ներգործություն ունի այս որոշումը, բայց օրենքով սահմանված ընթացակարգով։

Ամենակարճ ճանապարհը ՄԻՊ-ի կողմից ՍԴ դիմելն է, քանի որ բուհերի ինքնակառավարման իրավունքը ներառված է հենց Սահմանադրության հիմնական իրավունքների շարքում»։

Հարցին՝ արդյո՞ք պրոֆեսորադասախոսական կազմով պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին այս խնդրով՝ Վահե Հովհաննիսյանը  պատասխանեց․ «Արդեն իսկ ԵՊՀ-ում կա նախաձեռնություն գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում նախատեսված է ՍԴ դիմելու համար օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, որի մեջ կարելի է ներառել նաև Մարդու Իրավունքների պաշտպանին դիմելը»։

Տեսանյութեր

Լրահոս