«Թշնամին գրիչը դրել է ՀՀ գործող իշխանության ձեռքն ու ասում է՝ լրացրեք ձեր վերջին էջը». Թևան Պողոսյան
Արդեն 15-րդ օրն է՝ Տավուշում բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը, որով խաթարվում է իրենց անվտանգությունը։
Ըստ բնակիչների, իշխանությունները սահմանազատման անվան տակ իրենց հողերն ու տներն է հանձնում թշնամուն՝ չերաշխավորելով անվտանգություն։
Ժամանակ առ ժամանակ Կառավարությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում է, թե գործընթացի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին քանի սյուն է տեղադրվել։ Ապրիլի 29-ի դրությամբ, ըստ Կառավարության հաղորդագրության՝ տեղադրվել է 35 սյուն։
168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն անդրադառնալով Տավուշում ընթացող գործընթացներին, դրա հնարավոր զարգացումներին ու հայ ազգի անելիքներին, նշեց՝ Ադրբեջանն իր ծրագրերի մասին արդեն խոսել է։
«Նույն կիրանցցիներն ասացին, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իրենց ասվել է, որ 7 օր կարող է անվտանգ լինել, 8-րդ օրը կրկին կրակեն։ Ահա սա՛ է բոլոր հարցերի պատասխանը, այսինքն՝ Ադրբեջանի համար խնդիրն այն չէ, թե այս գործընթացը կանե՞ն, թե՞ չեն անի։ Ադրբեջանը որ րոպեին հասկանա, որ իր «ատամը կտրում է»՝ իր երազած ծրագրերը կյանքի կկոչի։ Ալիևն իր ցանկացած ելույթում ասում է՝ «Զանգեզուրն էլ ենք վերցնելու, միջանցքն էլ ենք բացելու, Վայոց ձորն էլ, Գեղարքունիքն էլ, վերադառնալու ենք Էրիվան, անունն էլ ենք փոխելու, հիմնելու ենք Արևմտյան Ադրբեջան»։ Ամեն ինչ ասում են ու անում։
Այսօր կանգնելո՞ւ ենք պայքարելու՝ Ադրբեջանը որևէ բան չի կարողանալու անել, չե՞նք կանգնելու պայքարի՝ Ադրբեջանի կանի այնքան, մինչև իրականացնի իր ցանկություններն ու ծրագրերը»,- նշեց Թևան Պողոսյանը։
Նրա բնորոշմամբ՝ գլոբալ իմաստով հիմա կատարվում է հետևյալը, որը լավագույնս նկարագրել է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, ասելով՝ «Արցախը կորցնելով, շրջելու են հայոց պատմության վերջին էջը»։
«Հիմա շրջել են այդ վերջին էջը, թշնամին գրիչը դրել է ՀՀ գործող իշխանության ձեռքն ու ասում է՝ լրացրեք ձեր վերջին էջը։ Կիրանցը հանձնում են, հետո մյուսն են հանձնելու, հետո անցնելու են մյուսին, սա է ընդհանուր իրականությունը։
Ինչ վերաբերում է սրա դեմ ընդհանուր պայքարին, ապա կա՛մ հայ ազգն է վեր կենալու ու ասելու՝ չի լինելու, կա՛մ իշխանությունն է գիտակցելու ու ասելու՝ այլևս այս գրիչը չենք վերցնելու, չենք անելու, ցտեսություն են ասելու ու հեռանան՝ հնարավորություն տալով ազգային ուժերին կամ հայ ազգին միավորվել ու պայքարել»,- շեշտեց Թ. Պողոսյանը։
Թե ինչպե՞ս այդ ամենը պետք է կազմակերպվի, մեր զրուցակիցը դժվարացավ ասել, հատկապես այն դեպքում, երբ ուժային համակարգն այսօր ամբողջովին ապահովում է իշխանության գործողություններն ու պաշտպանում նրանց։ Իսկ օրվա իշխանությունն էլ ասել է, որ մինչև վերջ գնալու է։
«Պետք է ցանկացած քաղաքացու մոտ գիտակցություն ձևավորվի, և նա դուրս գա պայքարի, եթե դա տեղի չի ունենում, ապա, կրկնում եմ՝ լրացնելու ենք մեր պատմության վերջին էջն, ու վերջ»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ այս գործընթացին զուգահեռ՝ համաժողովրդական ընդվզում տեղի չի ունենում, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ այսօր մարդկանց արժեքային համակարգն ուրիշ է։
«Մի օր պատճառաբանում են, թե լավ առաջնորդ չկա, մի օր ասում են՝ նախկիններ են, մի օր՝ սևեր են, մի օր՝ սպիտակներ են, և այլն։ Այս ամեն ինչից ելնելով՝ կարծես թե սա մեր մեջ տեսակային խնդիր է, որը գալիս է շատ վաղուց։ Չգիտեմ այս ամենի կարճաժամկետ լուծումը, իսկ երկարաժամկետ լուծումն այն է, որ պետք է աշխատել գալիք սերունդների հետ։ Փաստորեն հիմա շատերը նախընտրում են ոչ թե ազգային պայքարը, այլ համակերպվելը, թե այս ամենն ինչպես է ձևավորվել, պետք է ուսումնասիրել դրա արմատները։
Այն ազգային զարթոնքը, որն ունեինք 1988 թվականին, պետք էր պահել, ոչ թե մարել, չպետք է բերեին այն խնդիրները, որտեղ առաջնային սոցիալական բարելավման ծրագրերն էին։ Դաստիարակությունը պետք է պահպանվեր, ազգային կրթություն տրվեր, դրանք փոխեցինք ու գնացինք այլ արժեքների հետևից, որոնք մերը չդարձան։
Մենք սիրում ենք մեր հույսն ուրիշների վրա դնել, ուրիշներն անեն, մենք վայելենք։ Կամ սպասում ենք, որ ուրիշն անի, չստացվի, հետո ասեն՝ նա՞ է մեղավորը։ Նայեք այսօր գործող իշխանությունների վարքագիծը, մշտապես մեղավորներ է փնտրում, դա ամենահեշտ տարբերակն է»,- ընդգծեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ դիմակայել է պետք, բայց ոչ թե տալով, այլ պայքարելով։ Նրա խոսքով՝ թշնամին իր համար դրել է ազգային երազանք ու այդ երազանքի հետևից գնում է, ի տարբերություն շատ հայերի, որոնք չունեն ազգային երազանք։
«Երբ ես ասում էի՝ ազգային երազանք, հազարավոր մեկնաբանություն էին անում, թե այդպես երազանքով եք ապրում, դրա համար էլ այսպես է։ Դե ասեք, երբ չունեք ազգային երազանք, այսպես լա՞վ է ապրելը։ Մեկ բան հստակ գիտեմ, մեր միակ ռեսուրսը մեր ազգային միասնությունն է, և դա պահպանելու համար, եթե շատ ժամանակ պետք է, որ ես լռեմ, հեռանամ, ապա պատրաստ եմ դա անելու։ Հիմա կա ֆանտաստիկ նոր առաջնորդության ձևավորում նույն Տավուշում, հուսամ՝ այդ առաջնորդությունը կհասնի հաջողության և կկարողանա ազգային միասնություն իրականացնել։ Ես էլ իմ բաժնով կմիանամ՝ ինչպես հասարակ քաղաքացի՝ հանուն իմ հայրենիքի»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։