Բաժիններ՝

2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։ Կառավարության ապրիլի 25-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փոփոխությունը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով։

Նախարարը հիշեցրեց, որ Տավուշի մարզում 2021-22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը։

«Այս ուսումնական տարում մենք արդեն ունենք նոր չափորոշչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները։ Հետևաբար, այս պահին ընդունելության կարգում անում ենք փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան մեր առաջին շրջանավարտներին արդեն անցնել ընդունելության նոր համակարգով։ Եվ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը հանդիսանում է կրթության ոլորտի այս կարևոր բարեփոխումների բաղադրիչ, որի համաձայն նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ։

Կարգավորման նպատակը նաև այն է, որ հենց այս տարվա՝ 2023-2024 ուսումնական տարվա ավարտից թեստերը, որով կազմակերպվում են քննությունները, նոր ձևաչափով կիրառվեն և համապատասխանեն չափորոշչի բովանդակությանը և դա նաև այս նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ արդեն դրա արդյունքները, որպես ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, իսկ 2026 թվականից այս համակարգը արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար։

Նախարարի խոսքով՝ Տավուշի մարզում փորձարկումից հետո կկարողանան նաև մոտեցումները վերջնականացնել ընդհանուր ներդրման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս