Նախկինացավը՝ որպես դիագնոզ, կամ անամոթությունը՝ որպես կենսակերպ

Երեկ 2021թ. ապրիլի 12-ն էր:

Խորհրդային երկրում ծնված-մեծացածների համար այդ օրը հիշվում է՝ որպես տիեզերագնացության օր:

Արցախյան վերջին պատերազմն իրենց արյան ու բջիջների միջով անցկացնողների, զոհերի, անհետ կորածների ու գերեվարված անձանց հարազատների  համար դա պատերազմի խայտառակ ավարտից հետո 150-րդ անտանելի օրն էր:

Իսկ, օրինակ, գերիների վերադարձի թեման իր համար PR ակցիայի նյութ դարձրած իմքայլական իշխող պատգամավոր Նազելի Բաղդասարյանի համար 2021թ. ապրիլի 12-ը 2004թ. ապրիլի 12-ին Ազգային ժողովի մոտ ցրած ցույցի հերթական տարելիցն է:

Երեկ այս առնչությամբ սույն երեսփոխանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ:

«Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004 թվականի ապրիլ 12-ը։ Սա ըստ էության երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը։ Ցավոք, երիտասարդ սերունդը չի հիշի այն խայտառակությունները, որոնք կերտվել են այդ ժամանակահատվածում։

2003թ. նախագահական ընտրությունների վիճարկման մասով Սահմանադրական դատարանը կայացրեց լղոզված որոշում՝ մերժելով ընդդիմության պահանջը, առաջարկեց մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Դա իհարկե օրվա իշխանություններին ձեռնտու չէր, և որոշումն այդպես էլ ի կատար չածվեց։

Մեկ տարվա ընթացքում ընդդիմադիրների շարժումը համախմբել էր շատերին և ապրիլի 12-ին Ազատության հրապարակի ցուցարարները խաղաղ քայլերթով շարժվեցին Բաղրամյան պողոտա։

Այո՛, այսօր մեր իշխանության օրոք զարմանալի կթվա, թե ինչպես կարելի է զենք կամ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որոնք իրացնում էին իրենց սահմանադրական իրավունքը։ Բայց իրականությունն այլ էր 2004 թվականին, երբ քաղաքական իշխանության ձեռամբ և ուղղորդմամբ ջրցան մեքենաներով, ռետինե մահակներով և հարվածներով թիրախավորեցին սեփական ժողովրդին։

Ապրիլի 12-ին խաղաղ ցույցի մասնակիցները, քաղհասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները դաժանաբար ծեծի ենթարկվեցին։ Ցավով արձանագրենք, որ մինչ օրս որևէ կազմակերպիչ կամ իրականացնող պատասխանատվության չի ենթարկվել»,- գրել էր տիկինը:

Մինչև կանդրադառնանք «նախկին հանցավոր ռեժիմի» հետ Նազելի Բաղդասարյանի ընտանիքի անդամների կապերին, հիշեցնենք, որ 2004թ. ապրիլի 12-ն ամոթալի էջ համարող այս պատգամավորը շատ հաշտ է Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, 5000-ից ավելի զոհերի, 10.000-ից ավելի վիրավոր-հաշմանդամների, հարյուրավոր անհետ կորածների, պատերազմի անդառնալի հետևանքների հետ, որոնք, ի դեպ, մեր բոլորիս գլխին ոչ թե նախկինները, այլ հենց իրենց իշխանությունն է բերել՝ իր քաղաքական թիմի առաջնորդ, վարչապետի աթոռին գամված Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Տիկինը մոռանում է, որ 2004-ին մենք պետություն ունեինք, հիմա՝ պետության իմիտացիա, 2004-ին մենք արժանապատվություն ունեինք, ու երկրի ղեկավարը չէր սողում Էրդողան-Ալիև զույգի ոտքերի տակ, 2004-ին մենք Արցախ ունեինք, ոչ թե Արցախի փշրանքներ, 2004-ին մեզնից Շուշին ու Հադրութը, Դադիվանքն ու Ղազանչեցոցը չէին խլել ու նվիրել թուրքին, 2004-ին թուրքը թշնամի էր, ու նրա առաջ ոչ ոք «էստի համեցեք» չէր կանչում, 2004-ին մենք պահանջատեր էինք, իսկ հիմա՝ իրենց իշխանության տենչով՝ խաղաղություն մուրող:

Բացատրելի է այն մղումը, որով իրենց ապրած կյանքով ու գրանցած «ձեռքբերումներով» անհաջողակ-«looser»-ների թիմը երկրպագում է իրենց առաջնորդին, ով իրենց ու իրենց նմանների մարմնավորումն է, և ով անհետ կորածի ծնողին խորհուրդ է տալիս իր երեխային փնտրել դիահերձարաններում, սակայն տիկնոջը մեկ հարց այնուամենայնիվ ցանկանում ենք ուղղել՝ իսկ քանի՞ անգամ է մինչև 2018 թվականը Նազելի Բաղդասարյանը հիշել 2004թ. ապրիլի 12-ի մասին…

Իսկ հիմա նախկին իշխանություններին «շարունակ» հիշող իմքայլական պատգամավորի հիշողությունը ևս մեկ անգամ թարմացնենք:

2016թ. Գյումրի… Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ կրքեր էին բորբոքվել: Տնօրեն էին ուզում նշանակվել մարդիկ, ում թատրոնի կոլեկտիվը չէր ընդունում, նշում էին, որ նրանք ոչ միայն թատրոնի մարդիկ չեն, այլև որպես հանդիսատես չեն եղել անգամ թատրոնում: Թատրոնի կոլեկտիվն անգամ ասուլիս հրավիրեց այդ թեմայով:

«Խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր քաղաքում լուրեր են տարածում, որ իմ հարցը լուծված է, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն իմ հարցը լուծել է, ես պետք է գամ թատրոնի տնօրեն, հեռակա կարգով մատ է թափ տալիս մեզ վրա: Ասում է, որ իմ ազգանունը Մինասյան է, երկրի նախագահի փեսայի ազգանունն էլ է Մինասյան, դե գնացեք, իմացեք, որ մենք գալիս ենք»,- այդ ասուլիսի ժամանակ ասել էր նույն թատրոնի դերասանուհի Գոհար Խաչատրյանը:

Իսկ խոսքը Նազելի Բաղդասարյանի մոր՝ Մարգարիտա Մինասյանի մասին էր, ով էլ հենց, ցանկանալով ամեն կերպ նշանակվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, թատրոնին մերձ շրջանակներում լուրեր էր տարածում այն մասին, որ ինքը նախագահի փեսայի ազգականն է, և, որ ինքն անպայման, հենց այդ գործոնը հաշվի առնելով՝ պիտի դառնա թատրոնի տնօրեն:

Գյումրիում մինչև հիմա էլ խոսում են այդ մասին, ու թեպետ վստահ չեն՝ իրականում տիկինը բարեկա՞մ էր, թե՞ չէ Միքայել Մինասյանին, թե՞ պարզապես ճիշտ պահին ճիշտ տեղում շահարկում էր նրա անունը, փաստն այն է, որ Մարգարիտա Մինասյանը չդարձավ տնօրեն, ասել է թե՝ երկրի մշակութային քաղաքականությունը տնօրինող մարդկանց համար թատրոնի ճակատագիրն ավելի կարևոր էր:

Չի՞ հիշում այս մասին Նազելի Բաղդասարյանը, երբ պաթոսախեղդ գրառումներով փորձում է շոշափել իրենց ընտրազանգվածի զարկերակն ու տրամադրությունները:

Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞ւ էր այդ դեպքում լույսի արագությամբ ջնջում ճնշող մեծամասնությամբ ընդդիմադիր մեկնաբանությունները, և ինչո՞ւ էր աշխարհի ամենաժողովրդավար ու լեգիտիմ իշխանության ներկայացուցիչն արգելափակում դրանք գրող օգտատերերին:

Ի դեպ, այս ընտանիքում նախկինացավով միայն Նազելի Բաղդասարյանը չի տառապում. վերջինիս եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, ևս հետ չի մնում հանրահայտ քրոջից:

Ինչպես ասում են, մեղրաջուր խմեք, օգնում է վատ հիշողության դեպքում, որովհետև երբ Նազելի Բաղդասարյանը աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս գերիների վերադարձի մասին ու իրեն ներկայացնում՝ որպես այդ գործընթացի առանցքային օղակ, իսկ հետո երբ պարզվում է, որ հերթական ձախողումն է, ու ոչ մի գերի էլ չի գալիս, իր քաղաքական թիմի ղեկավարի օրինակով փորձում է «ցրել» թեման՝ ասելով, թե ինքը կոնկրետ օր չի նշել, բայց չգիտես ինչու հայտնվում է«Էրեբունի» օդանավակայանի տարածքում, ուր իբր պետք է վայրէջք կատարեր գերիներ բերող ինքնաթիռը, ուզում ես հարցնել՝ բա ի՞նչ գործ ունեիք այդտեղ, տիկին երեսփոխան:

Այնպես որ, բարի խորհուրդ Նազելի Բաղդասարյանին ու իր թիմին՝ լռեք, ուղղակի լռեք, թողեք թող մարդիկ մոռանան ձեր գոյության մասին, որովհետև եթե հիմա դեռ ազատ կարողանում եք քայլել փողոցներում, դա բոլորովին չի նշանակում, որ մարդիկ մոռացել են՝ ինչ եք դուք բերել այս ազգի ու պետության գլխին:

Տեսանյութեր

Լրահոս