Նազելի Բաղդասարյանի մայրն այլևս Մինասյա՞ն չէ, թե՞ Միքայել Մինասյանի «ազգականը» լինելը էլ շահավետ չէ

Այն, որ իշխող ուժի ներկայացուցիչները՝ նախարար, մարզպետ թե պատգամավոր, կամ ավելի վերին ու ստորին օղակի անձինք, խնդիր ունեն ոչ միայն՝ իրենց, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին զսպելու հարցում, այսօր, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց, որ մարդիկ մոռանում են իրենց ու իրենց ընտանիքի անդամների ոչ հեռավոր անցյալը, առնվազն տարակուսելի է:

«Եթե անդրբեջանը շարունակի իր ագրեսիվ հռետորաբանությունը մենք ստիպված կլինենք օգտագործել այս արգելված զենքը, չնայած նրան, որ այս կարգի մառազմը և ուղեղի բռնաբարումը արգելված է Ժնևի և ՄԱԿ-ի միշարք կոնվենցիաններով, բայց մենք այն կթարգմանենք խոսացողի մայրենի լեզվով (թուրքերոն, ադրբեջաներեն) և կտեղադրենք համացանցում»,- այս տողերի հեղինակը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը, ում գրառման ուղղագրությունը, ի դեպ, պահպանել ենք ամբողջությամբ:

Որ գրառումը ներկա իշխանություններին ու նրանց մերձավորներին հոգեհարազատ լեզվով ու բառապաշարով է գրված, դեռ ոչինչ, որ իր սահմանափակ գրագիտության ու մտահորիզոնի արտապատկերն է, իր խնդիրն է, բայց որ սույն երիտասարդը այդքան անտեղյակ է իր ընտանիքի անդամների կյանքից ու գործունեությունից, համաձայնեք, տարօրինակ է: Իսկ եթե տեղյակ է ու կատարում է այս բովանդակության ու ձևի գրառում, ոչ թե ծիծաղելի, այլ մտահոգիչ է առնվազն:

2016թ. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ կրքեր էին բորբոքվել: Տնօրեն էին ուզում նշանակվել մարդիկ, ում թատրոնի կոլեկտիվը չէր ընդունում, նշում էին, որ նրանք ոչ միայն թատրոնի մարդիկ չեն, այլև որպես հանդիսատես չեն եղել անգամ թատրոնում: Թատրոնի կոլեկտիվն անգամ ասուլիս հրավիրեց այդ թեմայով:

«Խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր քաղաքում լուրեր են տարածում, որ իմ հարցը լուծված է, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն իմ հարցը լուծել է, ես պետք է գամ թատրոնի տնօրեն, հեռակա կարգով մատ է թափ տալիս մեզ վրա: Ասում է, որ իմ ազգանունը Մինասյան է, երկրի նախագահի փեսայի ազգանունն էլ է Մինասյան, դե գնացեք, իմացեք, որ մենք գալիս ենք»,- այդ ասուլիսի ժամանակ ասաց նույն թատրոնի դերասանուհի Գոհար Խաչատրյանը:

Իսկ խոսքը Նազելի և Արման Բաղդասարյանների մոր՝ Մարգարիտա Մինասյանի մասին էր, ով էլ հենց, ցանկանալով ամեն կերպ նշանակվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, թատրոնին մերձ շրջանակներում լուրեր էր տարածում այն մասին, որ ինքը նախագահի փեսայի ազգականն է, և, որ ինքն անպայման, հենց այդ գործոնը հաշվի առնելով՝ պիտի դառնա թատրոնի տնօրեն:

Գյումրիում մինչև հիմա էլ խոսում են այդ մասին, ու թեպետ վստահ չեն՝ իրականում տիկինը բարեկա՞մ էր, թե՞ չէ Միքայել Մինասյանին, թե՞ պարզապես ճիշտ պահին ճիշտ տեղում շահարկում էր նրա անունը, փաստն այն է, որ Մարգարիտա Մինասյանը չդարձավ տնօրեն, ասել է թե՝ երկրի մշակութային քաղաքականությունը տնօրինող մարդկանց համար թատրոնի ճակատագիրն ավելի կարևոր է:

Իրականում գուցեև այնքան էլ էական չէ, թե այն ժամանակ ով դարձավ տնօրեն, կամ ինչ կլիներ, եթե հենց Մարգարիտա Մինասյանը դառնար տնօրեն, բայց նա լավ կաներ իր երեխաներին պարբերաբար հիշեցներ այս պատմությունը, այլապես միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր թե Գյումրիում, ու թե մայրաքաղաքում այդ ընտանիքին կհիշեցնեն տվյալ դրվագը:

Տեսանյութեր

Լրահոս