Կարմիր շուկայի հարցն են դրել և ուզում են առևտրի միջոցով՝ մեր գերիների դիմաց, դա առաջարկել, բայց սա փակուղի տանող ճանապարհ է. ադրբեջանագետ

«Մենք փուլ առ փուլ պետք է վերականգնենք մեր հավատը մեր ապագայի նկատմամբ»,- ապրիլի 1-ին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Մարտունու շրջանի մի քանի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով Կարմիր շուկա համայնքի վերաբերյալ հայտնած մտահոգություններին՝ նա մասնավորապես ասել է.

«Մեր երկրի ներքին թշնամին խաթարում է մեր անդորրը՝ չհասկանալով, որ պրովոկացիոն նյութ տարածելով, բազմացնելով՝ հերթական հոգեբանական ճնշումն են գործադրում, վիրավորանքն են փոխանցում մեզ։ Գլխավոր թեմաներից մեկը Կարմիր շուկան է։ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, իբր մենք պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով։ Նախ ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ ավելի քան 15 օր Կարմիր շուկան վտանգված էր, երբ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր մեզնից զավթել, խլել Կարմիր շուկան։ Մենք Կարմիր շուկայում սկսել ենք 150 տուն կառուցել, իսկ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ ուզում ենք Կարմիր շուկան հանձնենք։ Կարմիր շուկայի թեման փակված է, ժողովուրդ, բաց էլ չի եղել, որևէ ստվերային համաձայնություն որևէ փուլում չի լինելու»։

Արցախի նախագահը նաև նշել է, որ շարունակվելու է պայքարը՝ ԼՂԻՄ տարածքի հետ վերադարձի առումով՝ քաղաքական ճանապարհով:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ ԼՂԻՄ տարածքների մասին հարցը պետք էր բարձրացնել Մինսկի խմբի բանակցությունների շրջանակում, որովհետև այն ժամանակ կարելի էր ինչ-որ բան առաջարկել՝ ինչ-որ բան ստանալու դիմաց:

«Երբ Ադրբեջանը բարձրացնում էր տարածքների ու փախստականների հարցը՝ հայկական կողմը մոռացավ ադրբեջանահայության՝ փաստացիորեն միակ հաղթաթղթի մասին, որն իր ձեռքում կար: Տարածքային, գույքային իրավունքների վերականգնման խնդիրը պետք է դնեին բանակցային սեղանին: Չպետք է մոռանանք, որ Մարտակերտի ու Մարտունու արևելյան մասերն օկուպացվել ու տարիներ շարունակ մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, սակայն այս հարցն այնքան էլ առաջային չէր բանակցային սեղանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետի խոսքով, հիմա, իհարկե, կարելի է փորձել ու անհրաժեշտ է անընդհատ, բոլոր ֆորմատներով բարձրաձայնել ԼՂԻՄ տարածքի հետվերադարձի հարցը:

«Ադրբեջանն օկուպացրել է Արցախի 35 տոկոսը, իսկ այդ չարաբաստիկ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ՝ առանց որևէ կրակոցի հանձնել ենք Արցախի 45 տոկոսը, ու, երբ այդ հարցի շուրջ պայմանավորվում էինք՝ խախտվում էր կետը, որտեղ որ գրված էր՝ զորքը կանգնում է այնտեղ, որը որ զբաղեցնում է, բայց մենք Որոտանի (Կուբաթլու) շրջանից մեր զորքերը հետ քաշեցինք, ու թուրքերը փաստացիորեն եկան, Սյունիքի «վրա նստեցին», գրեթե Զանգեզուր մտան: Վերջին շանսն այն էր՝ երբ այդ հայտարարությունը ստորագրվում էր, դրույթներից մեկը դնել, որ եթե հայկական կողմերը վերադարձնում են այն տարածքները, որոնք ԼՂԻՄ-ի մարզի մեջ չեն մտել, ապա Ադրբեջանը հետ է քաշվում նախկին ԼՂԻՄ մարզի մեջ մտնող տարածքներից՝ Մարտունու, Հադրութի, Մարտակերտի շրջաններից: Մարտակերտի շրջանի հյուսիսը, ի դեպ, հիմա Ադրբեջանի կողմից օկուպացված է ավելի խոշոր ձևով:

Հիշենք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ազատագրված տարածքների հարցն էր բարձրացնում, և ինչպե՞ս հաջողվեց այդ երկրին օկուպացնել նորից այդ տարածքները՝ միայն ռազմական ճանապարհով, ինչով հիմա էլի սպառնում է: Կարմիր շուկայի հարցն են դրել, որ կարողանան հանգիստ Շուշի հասնել, և ուզում են առևտրի միջոցով՝ մեր գերիների դիմաց դա առաջարկել, բայց սա փակուղի տանող ճանապարհ է»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս