Պաշտոնաթողությո՞ւն, թե՞ պաշտոնի բարձրացում. Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվեց Հայկ Չոբանյանը: Այս հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող 41 հարցերից մեկն էր:
Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում 2019թ. փետրվարի 6-ից, ու ինչպես մամուլն է գրում, սրբորեն ծառայել է իրեն նշանակողին և իշխանական թիմին:
Անհիշելի ժամանակներից որդեգրած ավանդույթի համաձայն՝ պաշտոնից ազատվելու պատճառները չեն հայտնում, ու դրա համար էլ, ինչպես միշտ, տարբեր հարցեր են առաջանում, թե ինչու հենց այս օրերին է պաշտոնից ազատվում Հայկ Չոբանյանը, որովհետև մարտ ամսվա ընթացքում Տավուշի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում՝ Պառավաքար գյուղից մի բնակչի վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն Ադրբեջան գրելու, Տավուշում ռուս խաղաղապահների հայտնվելու, Տավուշի մարզից որոշակի հատվածներ Ադրբեջանին տալու վերաբերյալ:
Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում էլ Հայկ Չոբանյանը բացառել էր Տավուշի մարզից Ադրբեջանին շրջաններ հանձնելու հնարավորությունն այն ժամանակահատվածում, երբ ինքը Տավուշում կլինի պատասխանատու:
«Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը որևէ մեկի կողմից, որևէ մեկի կողմից՝ մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու և ես կապրեմ այս երկրում: Եվ եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կլինեմ, որ կանգնած կլինեմ այդ սահմանում՝ վտանգը չեզոքացնելը: Հայ ժողովրդի և Հայաստանի այս թեման պետք է փակ լինի և քննարկման առարկա չդառնա: Եվ միակ տեղը, որտեղ վտանգ ունենք մենք՝ այս խնդիրները քննարկելու, դա ներսում չի, այլ դա դրսում է: Եվ մենք դրա համար մեր այս մոտեցումներով, այս քննարկումներով չպետք է վախկոտ, մեզ համար ոչ ձեռնտու վարքագիծ ցուցաբերենք և ջուր լցնենք թշնամու ջրաղացին: Ես ուզում եմ՝ այս թեման փակվի ընդհանրապես»,- ասել էր Հայկ Չոբանյանը:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայկ Չոբանյանը փոխարինելու է Հակոբ Արշակյանին, որը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր իր աշխատանքային վերջին օրվա մասին, և չի զբաղեցնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Պաշտոնական որևէ տեղեկություն չկա ոչ Հակոբ Արշակյանին պաշտոնից ազատելու, և ոչ էլ Հայկ Չոբանյանին նրա փոխարեն կամ որևէ այլ պածտոնում նշանակելու մասին:
168.am-ին չհաջողվեց կապ հաստատել Հայկ Չոբանյանի հետ՝ հարցերին պատասխաններ ստանալու համար: Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: