
Հետաքրքիր է` ինչո՞ւ նախկինում չէին սխալվում և վարորդական իրավունքի վկայականում գրում` Ադրբեջան

infocheck.am-ը գրում է. «Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե Ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանեցին եղելությունը։
«Քաղաքացու վարորդականում սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդյավայր նշվել է Հայաստան։
Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»-պարզաբանեցին մարզպետարանից։
Մենք կապ հաստատեցինք նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշեց, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։
«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»։
Կից տեղադրում ենք քաղաքացու վարորդական իրավունքի լուսանկարը»: