«Սուրբծննդյան հրեշտակը»՝ առաջատար
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
Երկրորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը: Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում: Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի շարունակե՞լ կյանքը Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։
Չորրորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել Աֆղանստանի կանանց: Վեպն օգնում է ավելի լավ հասկանալ Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» հինգերորդ տեղում է: Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում: Թարգմանությունը` Հայկ Ֆելեքյանի:
Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեցերորդ տեղում է: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Անգլերենից թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի:
Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը յոթերորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերեն է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:
Մարկ Արենի «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունը ութերորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
Իններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Սա Հեսսեի 9-րդ վեպն է, որը հեղինակը գրել է քնարական ոճով։ Գիրքն տպագրվել է 1951 թվականին Ամերիկայում և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Տասներորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն» վեպը: Մեծանուն գրողի այս գործը (1981), որ դասվում է XX դարի իսպանալեզու լավագույն 100 վեպերի շարքին, իրական հիմքեր ունի: Գիրքը պատմում է պատվի համար կատարված մի սպանության մասին, որն իրականում ոչ ոք չէր ցանկանում, անգամ մարդասպանները, և կարող էր տեղի չունենալ, բայց տեղի է ունենում մարդկային անտարբերության ու անլրջության, եսասիրության ու թեթևամտության, ինչպես և բազում անհեթեթ պատահականությունների զուգադիպության հետևանքով: Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը: