«Երբ անգամ Երևանում ապրելն անվտանգ չի լինի, գուցե այդ ժամանակ մարդիկ հասկանան». Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների օրակարգում գերիների հարցն առնվազն առաջնային խնդիր չէ: 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց, որ ռազմագերիների պարագայում տարածաշրջանի ապաշրջափակում, Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցություն հնարավոր է այնքանով, որքանով մարդիկ հավատում են հեքիաթներին:

Ռուսական «Կոմերսանտը» քարտեզ է հրապարակել, որտեղ ներկայացվում են տարածաշրջանային այն տրանսպորտային միջանցքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայի հանդիպման ժամանակ: Ըստ քարտեզի՝ երկաթգիծը Նախիջևանի տարածքով Երևանը կապելու է Սյունիքին, և Սյունիքի տարածքով՝ Նախիջևանը՝ Ադրբեջանին: Իշխանության ներկայացուցիչները ոգևորված են, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կապ է ունենալու Ռուսաստանի հետ, իսկ Նախիջևանով՝ Իրանի հետ, սա նույնիսկ դիվանագիտական հաջողություն են համարում: Ալվինա Աղաբաբյանից հետաքրքրվեցինք՝ սա ո՞ւմ հաղթանակն է, ի վերջո, և ի՞նչ վտանգներ է այն պարունակում իր մեջ հայկական կողմի համար:

«Անկեղծ ասած՝ ես այստեղ որևէ դիվանագիտական հաջողություն չեմ տեսնում: Այդտեղ դիվանագիտական հաջողություն, սեփական շահերի առաջմղում ունեցան թուրքական կողմերը՝ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք փաստացի իրականացրին իրենց վաղեմի 100-ամյա երազանքը, որը երկար տարիներ տարբեր ձևերով փորձել էին իրականացնել, բայց չէր ստացվել, իսկ հիմա իրենք ունեն իրականացված երազանք՝ ի դեմս ցամաքային կապի՝ ՀՀ տարածքով: Ի՞նչ ենք շահում մենք այդտեղից, ըստ էության, ոչինչ:

Խնդիրը դիտարկենք 2 տեսանկյունից՝ տնտեսական և անվտանգային: Առ այսօր մենք չունենք որևէ տնտեսական վերլուծություն, որևէ ուսումնասիրություն, փաստական որևէ տվյալներ, որը կվկայեր, որ այդ ճանապարհների օգտագործումը մեր կողմից տնտեսապես շահեկան է կամ ինչ-որ տնտեսական օգուտներ է բերելու ՀՀ-ին: Եթե այդտեղ նայում ենք, ստացվում է, որ Երևանից Սյունիք ենք գնալու Նախիջևանի միջոցով. մենք մաքսատուրք վճարելո՞ւ ենք, եթե Երևանից մեր բեռները մտնում են Ադրբեջանի տարածք, հետո՝ Սյունիք:

Իսկ ո՞վ ասաց, որ դա մեզ ձեռք է տալու: Ո՞վ ասաց, որ մենք երկու անգամ հատելով Ադրբեջանի սահմանը՝ Նախիջևան, հետո Սյունիքից այն կողմ՝ բեռներ հասցնելով Ռուսաստան, դա մեզ ավելի ձեռնտու է լինելու, քան, օրինակ՝ Վրաստանով նույն բեռնափոխադրումները: Եթե հիմա Իրանից բեռներ են գալիս միանգամից ՀՀ տարածք, այս դեպքում ստացվելու է, որ մտնելու ենք այլ երկրի տարածք, հետո կրկին Իրան. Ո՞վ ասաց, որ այդտեղ մաքսատուրք չի լինելու, և դա մեզ ձեռք է տալու: Որևէ տնտեսական հաշվարկ փաստացի չունենք: Սա՝ դեռ տնտեսականը, որը գուցե ինչ-ինչ ձևերով հնարավոր կլինի կարգավորել»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունն էլ, եթե հնարավոր էր Գյումրի-Անի երկաթգիծը օգտագործել, ինչո՞ւ դա չի արվում, և ինչո՞ւ ենք Թուրքիայի հետ էլ կրկին երրորդ երկրի միջոցով կապվում:

Անդրադառնալով անվտանգային գործոնին՝ նա ընդգծեց, որ այն շատ ավելի կարևոր է. «Եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ապաշրջափակմանը վերաբերող կետում նշվում է, որ Սյունիքով անցնող հատվածը վերահսկվելու է ռուսական ուժերի կողմից, ապա այս դեպքում Ադրբեջանով և Նախիջևանով ամբողջ տարածքը հսկողությունից դուրս է լինելու: Այս դեպքում մեր բեռները, ենթադրենք, գնացքով ուղարկում են Ռուսաստան կամ դեպի Իրան, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ դրանք անվտանգ կարող են հասնել տեղ: Էլ չեմ խոսում ուղևորափոխադրումների մասին:

Ադրբեջանում հայատյացությունը չի վերացել, այնպես չէ, որ իրենք երկու ամիս առաջ գլխատում էին, խոշտանգում էին մեր զինվորներին, ավերում էին մեր քաղաքներն ու գյուղերը, և հանկարծ երկու ամսվա մեջ նրանք դարձան եղբայրներ: Առ այսօր իրենց սոցիալական ցանցերում անգամ հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու կոչեր են հնչում: Այդ պարագայում մենք որքանո՞վ վստահ կլինենք, որ, եթե մենք Ա կետից Բ կետ իրենց տարածքով տեղափոխվենք կամ մեր բեռները տեղափոխվեն, անվնաս են հասնելու կամ հասնելու են այդ Բ կետը: Նույն ԽՍՀՄ տարիներին, երբ ինտերնացիոնալիզմ էր, եղբայրական հանրապետություններ էին, այդ ժամանակ էլ անվտանգ չէր, այն ժամանակ էլ էին շատ միջադեպեր լինում: Այդ միջադեպերը անգամ լինում էին Վրաստանի տարածքում, և հիմա էլ է նույնը: Այդ մասին չի խոսվում, բայց փաստերը կան, որ վերջին պատերազմի օրերին, երբ հայ գործարարները կամ Իրանում ապրող հայ քաղաքացիները, ովքեր ուզում էին օգնել, հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին, շատ ժամանակ Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիները բեռնաթափում էին այդ մեքենաները:

Ինչո՞ւ այդ մասին մենք չենք խոսում և մոռանում ենք: Շատ են եղել դեպքեր, երբ մեքենաներն ամբողջությամբ բեռնաթափել են, իսկ մեքենայի մեջ եղել են տաք ծածկոցներ, որևէ ռազմամթերք չի եղել: Հիմա, երբ մենք ասում ենք՝ բացում ենք սահմանները, այդ անվտանգությունն ո՞վ է ապահովելու:

Եթե ՀՀ տարածքով երթևեկելն է դառնում վտանգավոր, ԱԱԾ-ն համարներ է տարածում, որ՝ գերի ընկնելու դեպքում զանգահարեք, մենք ինչքանո՞վ վստահ լինենք, որ Ադրբեջանի տարածքում, երբ ընդհանրապես որևէ վերահսկողություն չկա, մենք կարող ենք տեղափոխվել Ա կետից Բ կետ»:

Ալվինա Աղաբաբյանն ընդգծեց՝ հայ հասարակության զգալի հատվածը պատկերացում անգամ չունի՝ ինչ վտանգի առաջ ենք կանգնել. «Եթե նրանք պատկերացնեին՝ ինչ ենք կորցրել, որն է մեր կորստի անվտանգային, տնտեսական, ազգային ինքնության տեսանկյունից առաջացող բազմաթիվ վտանգները, եթե մեր ժողովուրդն ամբողջությամբ տեսներ այդ խնդիրն այնպես, ինչպես որ կա, մենք այսօր Նիկոլ Փաշինյան վարչապետ պարզապես չէինք ունենա: Մեր հասարակության, չեմ կարող ասել՝ քանի տոկոսը, բայց զգալի հատվածը չի գիտակցում: Բայց փոքր-ինչ ավելի ուշ, երբ անգամ Երևանում ապրելն անվտանգ չի լինի, գուցե այդ ժամանակ մարդիկ հասկանան»:

Ներկայիս իշխանությունների՝ իշխանության մնալու պարագայում Ալվինա Աղաբաբյանը երկրում ստեղծված վիճակից ելք չի տեսնում. «Եթե նրանք հեռանան, եթե նրանց փոխարեն լինեն կարող, խելացի, գիտակից ուժեր, բնականաբար, մենք հնարավորություն ունենք ոտքի կանգնելու: Այսօր փաստացի մենք այդ հնարավորությունները չունենք, մեզ այսօր ներկայացնում է մի մարդ, ով մեր շահերը չի կարող դրսում պաշտպանել: Մենք տեսնում ենք, որ այդ մարդը պարզապես գնում է հանդիպման, ստորագրում է իրեն տրված փաստաթուղթը, չի կարողանում լուծել իր իսկ կողմից առաջնահերթություն ներկայացված հարցը, անգամ ինքը փաստում էլ է, որ այդ հարցը լուծում չգտավ, ակնկալել, որ այդ իշխանությունն ու իշխանության ղեկավարը երբևէ ինչ-որ հայանպաստ հարց կլուծի, չի կարելի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս