Բերձորցի կինն աշխատանքի և անվտանգության երաշխիքի առկայության դեպքում պատրաստ է վերադառնալ իր տուն

Քաշաթաղցիները տեղահանվելուց հետո մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ մասնավորապես Սյունիքի, Վայքի, Արարատի բնակավայրերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Քաշաթաղի գրասենյակի աշխատակից Զոհրաբ Ըռքոյանը՝ հավելելով, որ շրջանում էին հաստատվել նաև մեծաթիվ վերաբնակիչներ, որոնք տեղափոխվել էին Սպիտակի երկրաշարժի աղետի գոտուց:

«Ի տարբերություն Քաշաթաղի հյուսիսային հատվածի բնակչության, որը մասամբ կարողացել է տարհանել ունեցվածքը, հարավային ենթաշրջանի բնակիչները շատ դեպքերում կես ժամ են ունեցել հեռանալու համար: Նրանցից շատերն անգամ փաստաթղթերը չեն կարողացել վերցնել: Քաշաթաղցին կորցրել է շուրջ 25 տարվա ընթացքում ձեռք բերած ունեցվածքը: Այժմ մեր շտաբում համայնքապետերը գույքագրում են կորուստները՝ հույս ունենալով, որ պետությունը հնարավորինս կաջակցի: Շրջանից տեղահանվածների խնդիրների թվում է նաև կորցրած փաստաթղթերի կարգավորումը: Բացի այդ, աջակցություն ստանալու համար դիմելու ընթացքում պարզվել է, որ քաշաթաղցի երեխաներից շատերը գրանցված չեն պետռեգիստրում: Այս խնդրին լուծում է տրվել և քաշաթաղցիներն այժմ փաստաթղթերի հետ կապված հարցերով կարող են դիմել ժամանակավոր բնակության անձնագրային բաժանմունքներ»,-հայտնեց Ըռքոյանը:

Անդրադառնալով պետական աջակցության ծրագրերից քաշաթաղցիների օգտվելու հնարավորությանը, մեր զրուցակիցը նշեց, որ շրջանի բնակավայրերից տեղահանվածները կարող են օգտվել ՀՀ կառավարության ծրագրով հատկացվող 300 հազար դրամի չափով աջակցությունից:

«Առանձնահատուկ է Բերձորի, Ներքին Սուսի և Աղավնո-Արիավանի բնակիչների կարգավիճակը: Քաշաթաղի այս բնակավայրերը գտնվելով միջանցքի հատվածում, առայժմ չունեն հստակ կարգավիճակ: Ուստի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնել ենք այս բնակավայրերում հաշվառվածներին 250 հազար դրամի չափով աջակցության ծրագրում ընդգրկելու հարցը: Չնայած մնալու հորդորներին, այստեղի բնակչության մեծ մասը հեռացել է, որովհետև չկան դպրոցներ, աշխատատեղեր ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այժմ այս բնակավայրերում մոտ 100 բնակիչ կա: Ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք մեր աշխատանքով ու հնարավորություններով լուծել ծառացած սոցիալական խնդիրները, որպեսզի բեռ չդառնանք պետության համար: Այդ նպատակով ՀՀ և Արցախի իշխանություններին դիմել ենք խնդրանքով, որպեսզի մեզ հատկացվեն գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, ինչը հնարավորություն կընձեռի և աշխատել, և կայուն եկամուտ ունենալ: Սոցիալական աջակցությունը, ամեն դեպքում, ժամանակավոր է»,-ասաց Ըռքոյանը: Նրա խոսքով՝ մասնավորապես Բերձորի, Ներքին Սուսի և Աղավնոյի բնակիչների թվում վերադառնալու ցանկություն ունեցողներ կան՝ կենսական անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման պարագայում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բերձորի բնակչուհի Հասմիկ Դանիելյանը, ով մինչ տարհանումը Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության բաժնի անգլերենի տեսուչ է աշխատել, հավելեց, որ անձամբ նույնպես կցանկանար վերադառնալ՝ աշխատանք և անվտանգության երաշխիքներ ունենալու դեպքում:

«Այստեղ՝ Երևանում, փորձել ենք աշխատանք գտնել, սակայն տարիքային և այլ սահմանափակումներ կան: Բավականին բարձրացել են բնակարանների վարձավճարները: Աշխատանք չունենալու դեպքում անհնար է տուն վարձել: Եթե համոզված լինեմ, որ Բերձորում աշխատանք և մի փոքր էլ անվտանգության երաշխիք կլինի՝ կվերադառնամ»,-ասաց Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս