«Որ չասեն՝ Արցախը Սերժը պահեց, Նիկոլը տվեց, ասաց՝ թող մի 5000 հոգի էլ մեռնի, կարող է կրենք, ես էլ կդառնամ Տիգրան Մեծ, չդառավ Տիգրան Մեծ». Գագիկ Հակոբյան

Ավելի քան 250 բժիշկ ստորագրել է այն հայտարարության տակ, որով բժշկական համայնքը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց նախաձեռնության հեղինակ, ԵՊԲՀ-ի ամբիոնի վարիչ, ԲԳԴ, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ինքը պահանջում է Արցախի կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց անմիջապես հետո ու այդ օրվանից էլ միացել է բողոքի ակցիաներին և քայլում է։

«Առաջին օրվանից այս նոր քայլողների մեջ եմ, որոնց շարքերում տեսնում եմ Սերժ Սրապիոնյանին, Շուշան Պետրոսյանին, Սմբատ Լպուտյանին, պրոֆեսոր Աստվածատուրյանին. նրանք մարդիկ են, որոնք աթոռի համար չեն քայլում, ու այդպիսի մարդիկ շատ են։ Այս քայլարշավի ժամանակ ես արձանագրել եմ մոտ 10 հազար քայլող, ու եթե Փաշինյանը համարում է, որ 10 հազար էլիտար քայլող ունենք, ապա դա ինձ համար շատ ոգևորիչ է, ինձ համար ավելի լավ է էլիտան ելնի և քայլի, քան Բուլգակովի Շարիկովը»,- ասաց Հակոբյանը։

Պրոֆեսորին մտահոգում է, սակայն, այն, որ Արցախը հանձնելու դեմ խոսող ու քայլ անող մարդկանց մեջ փոքր թիվ են կազմում երիտասարդները։

Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ երիտասարդների հետ տարբեր ֆոնդերով կարողացան այս տարիների ընթացքում այնպես աշխատել, որ վերջինների համար ազգային գաղափարախոսությունը դարձավ ոչ առաջնային։

«Օրինակ, երիտասարդները զայրույթով դուրս եկան փողոց, երբ միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացնելու փորձ եղավ։ Ես հիշում եմ, թե ինչպե՞ս էին ամառվա շոգին երիտասարդ տղան ու աղջիկը տաք ասֆալտի վրա պառկում, իսկ հոսանքի թանկացման հարց դրվեց, նրանք այն ժամաակ չվախեցան ոչ ջրցանից, ոչ փշալարից»,- ասաց Հակոբյանը։

Հարցին՝ հիմա երիտասարդները վախենո՞ւմ են անձրևից, փշալարից ու ջրցանից, պրոֆեսոր Հակոբյանը պատասխանեց, որ այո, և դրա պատճառը շատ խորքային է:

«Պատճառը գլոբալիստական գաղափարներն են, այդ քարոզչությունը, որը տարվեց, թե շների ստերջացման հարցը շատ ավելի կարևոր էր, քան ազգային գաղափարախոսությունը,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով,- Սրան զուգահեռ՝ կան նաև փայլուն երիտասարդներ, ուստի այն երիտասարդներին, որոնք տաք սրճարաններում նստած են, Ֆեյսբուքում գրառումներ են անում, պետք է ասեմ՝ միացեք այն աղջկան, որն այս ցրտին նստած է ասֆալտին, ու ոստիկանները նրան թևերը ոլորելով հեռացնում են. այս աղջիկը, իհարկե, մեկ օրինակ է ընդամենը։ Երիտասարդներ, ոտքի կանգնեք և պաշտպանեք ձեր հայրենիքը»։

Խոսելով կապիտուլյացիայի ակտից հետո ընթացող զարգացումների, մասնավորապես՝ հայկական գյուղերի՝ Ադրբեջանին հանձնվելու շարունակականության մասին՝ Գագիկ Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իրեն վերցնել այն, ինչը Փաշինյանի ստորագրությամբ է հանձնվել իրեն։

«Օրինակ, եթե ստորագրել է, որ Հադրութի շրջանը պետք է տալ Ադրբեջանին, ապա այդ շրջանի մեջ մտնող Հին թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս անցնում են Ադրբեջանին։ Ադրբեջանն ասում է՝ եթե Հադրութը պայմանագրով իմն է, ուրեմն այդ գյուղերն էլ են իմը»,- ասաց նա՝ ընդգծելով՝ Արցախը դավադրության արդյունքում հանձնվեց Ադրբեջանին, թե ոչ, քանի դեռ չի ընթացել դատաքննություն, չի կարող ասել, սակայն իր համար ակնհայտ է, որ սա ազգին պատերազմի չնախապատրաստելու հետևանքն է, որին լծվեց այս իշխանությունը։

Արդյո՞ք միայն դա էր պատճառը, որ Փաշինյանը չկարողացավ Արցախը պահել այնպիսին, ինչպիսին ստացավ իր նախորդող իշխանությունից, պրոֆեսոր Հակոբյանը նշեց, որ Սերժ Սարգսյանից ստացած Արցախն այդպիսին պահելու համար պետք էր և պատրաստվել պատերազմին, և լինել կռվող, մարտչնող, մինչդեռ տեղի ունեցավ հակառակը։

«Ազգային գաղափարախոսությունը խարխլվեց, խայտառակություն էր, երբ եկեղեցու հովվապետին քաշեցին, իջեցրին իր մեքենայից։ Բացի այդ, եթե մենք գումար ունեինք ելակ առնելու, ինչու անհրաժեշտ զենք չառանք։ Մենք պետք է պատրաստվեինք, բայց ոչ թե հարձակողական, այլ պաշտպանողական պատերազմի, պետք էր մեր երկինքը պաշտպանող միջոցներ գնել։ Բացի այդ՝ որ չասեն՝ Արցախը Սերժը պահեց, Նիկոլը տվեց, ասաց՝ թող մի 5000 հոգի էլ մեռնի, կարող է կրենք, ես էլ կդառնամ Տիգրան Մեծ. չդառավ Տիգրան Մեծ»,- ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ այս ամենի արդյունքում պետությունը կանգնեց ծայրահեղ ծանր վիճակի առաջ՝ հազարավոր զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, գերիներով ու կորսված Արցախով։

Ինչ վերաբերում է զոհերի թվին՝ ապա Հակոբյանը դիտավորություն համարեց պատերազմի ավարտից մեկ ամիս անց էլ պաշտոնական ճշգրիտ թիվ չներկայացնելը:

«Հայաստանը պաշտոնապես հայտարարում է 1900 զոհվածի մասին, իսկ Առողջապահության նախարարությունն ասում է՝ 2900 իդենտիֆիկացված դիակ կա արդեն։ Ստացվում է՝ 1000 հոգու անուն չի հնչեցվում։ Հիմա հարց՝ եթե իդենտիֆիկացրել եք 1000 դիակ, ինչո՞ւ անունները չեք ասում։ Ըստ իս՝ չեն ասում, որովհետև դա կբերի քաղաքական բունտի։ Մարդիկ հույս են փայփայում, որ իրենց երեխան կարող է վերադառնալ, իսկ նրանք չեն ասում, որ տևական ժամանակ անց ասեն՝ վերցրու երեխայիդ դին, իսկ այդ ծնողը կուրախանա, որ գոնե որդու դին գտավ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս