
Արդարադատության նախարարի հավակնորդ Գոյունյանի կադրային առաջնահերթությունները, կամ համակարգը յուրայիններով լցնելու նուրբ արվեստը

Օրերս տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկացրեց, որ արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) ներկայիս պետ Արթուր Գոյունյանը։ Վերջինս 2017-2019թթ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։ 2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ:
168.am-ը տարբեր առիթներով անդրադարձել է Ծառայության պետի աշխատանքային գործունեությանը, այդ թվում՝ ՔԿԾ վարչական շենքում և քրեակատարողական հիմնարկներում ընթացող անվերջ շինարարությանը, ինչը առնվազն պետք է հետաքրքրի պատկան մարմիններին:
Մեր ընթերցողներին տեղեկացրել էինք նաև, որ արդարադատության դեռևս պաշտոնավարող նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 7-ին այցելել է ՔԿԾ, որի մասին հանրային տեղեկատվություն չի հրապարակվել, սակայն, մեր տեղեկություններով՝ այցելության նպատակը Ծառայության պետ Արթուր Գոյունյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելն ու նրան մեդալով պարգևատրելն է:
Այսօր կանդրադառնանք ՔԿԾ պետի վարած կադրային քաղաքականությանը, ով իր պաշտոնավարումից ի վեր հատուկենտ հարցազրույցների ժամանակ շեշտել է, թե ինչ անխոնջ կերպով է պայքարում կոռուպցիայի դեմ, և որքան կարևոր է դա:
Հայ հասարակությունը, կարծում ենք, առնվազն պետք է տեղյակ լինի, թե խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայիս առանցքային պաշտոնյան, ով հավակնում է արդարադատության նախարար դառնալ, ինչ նախընտրություններով է առաջնորդվում իր կադրային քաղաքականությունն իրականացնելիս: Իսկ այն, որ հովանավորչությունը նույնպես կոռուպցիա է, առնվազն իրավունքի հետ կապ ունեցողները լավ գիտեն:
Ոչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, և ոչ էլ ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն այդպես էլ չհերքեցին և ոչ էլ պարզաբանեցին իրենց կապը, այնինչ մամուլը բազմիցս էր գրել, որ ՔԿԾ պետ է նշանակել իր ընկերոջ աներոջը, իր կուրսընկերուհու հորը կամ իր հոր ընկերոջը: Ըստ էության գործ ունենք բազմաճյուղ հովանավորչության հետ, ինչի բացատրությունն այդպես էլ չտրվեց:
Այս պրակտիկան գերակա է նաև Արդարադատության նախարարությունում, ուր բոլոր առանցքային պաշտոնները զբաղեցնում են Ռուստամ Բադասյանի ընկերները, և, փաստորեն, ընկերական, քավոր-սանիկական նշանակումներից նույնությամբ կատարվում են նաև Քրեակատարողական ծառայությունում: Հիշենք հենց թեկուզ արդարադատության նախկին փոխնախարարներ Աննա Վարդապետյանին և Տիգրան Խաչիկյանին աշխատանքից ազատելու դեպքերը, երբ նրանց ուղիղ տեքստով ասել էին, որ չեն տեղավորվում Ռուստամ Բադասյանի՝ թիմով աշխատելու տրամաբանության մեջ: Այլ հարց է, որ Աննա Վարդապետյանը հետագայում շատ հարմարավետ տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում՝ «հաջողությամբ» կատարելով նրա՝ իրավական հարցերով խորհրդատուի դերը և խարդավանքներ հրահրելով և հրահանգներ իջեցնելով իրենից փորձառու մասնագետներին:
Դատաիրավական համակարգում համառ լուրեր են շրջում, որ Աննա Վարդապետյանի սիրելի զբաղմունքներից է՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հետ լսել դատավորների աշխատասենյակների ձայնագրությունները՝ ինչ-որ կոմպրոմատ պեղելու և հարմար ժամանակ դրանցով հարցեր լուծելու համար:
Ի դեպ, Աննա Վարդապետյանը, ինչպես նաև արդարադատության ներկայիս փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նույնպես նախարարի հավանական թեկնածուներ են: Վերջինիս դեռ կանդրադառնանք:
Վերադառնալով ՔԿԾ պետի կադրային նշանակումներին՝ նշենք, որ Ծառայության պետ նշանակվելով՝ նա անհապաղ համակարգում տարբեր պաշտոնների նշանակեց իր ընկերներին՝ առաջին տեղակալ՝ Արտակ Հարությունյանին օրինակ, ով, բացի նրանից, որ 24-ժամյա ռեժիմով է աշխատում, գիշերները տուն չգնալով, խիստ անհավասարակշիռ պաշտոնյայի համարում ունի, կարող է առիթ-անառիթ գոռալ աշխատակիցների վրա, նվաստացնել նրանց կամ ատեստացիայի եկած բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին շարել պատի տակ և դասախոսություն կարդալ նրանց համար՝ առանցքում կարմիր թելի նման տանելով այն գիծը, թե բոլորն անգրագետներ են:
Վերջինս, չնայած, որ գրեթե 24 ժամ գտնվում է ՔԿԾ վարչական շենքում, նրա պետական մեքենան՝ օպերատիվ համարներով, սպասարկում է նրա ընտանիքին և, իհարկե, պետության կողմից տրված վառելիքով, իսկ օպերատիվ համարներ՝ նշանակում է, որ առնվազն որևէ տուգանք այդ համարներով չի կարող գրանցվել:
Ի դեպ, լուրեր են տարածվում, որ Արթուր Գոյունյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո հենց Արտակ Հարությունյանն է Ծառայության պետի հիմնական հավակնորդը:
Արթուր Գոյունյանն ու Արտակ Հարությունյանը, բացի վաղեմի ընկերներ լինելուց, նաև ըստ տեղեկությունների՝ քավորությամբ են միմյանց հետ կապված, ավելին՝ նրանց առանձնատներն են գտնվում հարևանությամբ։ Խոսքը Երևան-Սևան մայրուղու՝ հայտնի Արծվի արձանին չհասած՝ ձախ հատվածում կառուցվող Արթուր Գոյունյանի առանձնատան հարևանության մասին է: Արտակ Հարությունյանի տունը, սակայն, ճանապարհի երևացող հատվածում չի գտնվում:
168.am-ը ժամանակին գրել էր կոռուպցիայի դեմ պայքարող ՔԿԾ պետի առանձնատան պատմությունը, ինչը հերքելու անհաջող փորձ կատարվեց՝ դրան հետևած պատասխանի հրապարակմամբ:
Արթուր Գոյունյանի հաջորդ նշանակումն իր խորհրդականի պաշտոնում իր մտերիմ ընկերներից ևս մեկին՝ Հարություն Հարությունյանին նշանակելն էր: Վերջինս ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանին մեղադրող դատախազը: Նրա մասին ասում են, որ բավականին խելացի պաշտոնյա է, և ինքն է համակարգում ամբողջ Ծառայության բոլոր ոլորտների աշխատանքները:
Ծառայության պետի ընկերներից է նաև մյուս տեղակալը, ում ներկայացնելիս Գոյունյանը պաշտոնական մասից հետո ուղղակի ասել է, որ՝ ընկերս է, և վերջ:
Արթուր Գոյունյանը ՔԿԾ առանցքային բաժիններից մեկի՝ Ներքին անվտանգության բաժնի պետի հաստիքի թափուր մնալուց հետո նույնպես իր ընկերոջն է նշանակել, ում ավելի հարմարավետ և իր կողքին տեղավորելու համար լայնածավալ շինարարություն է անում ՔԿԾ վարչական շենքում: Վերջինիս հետ Գոյունյանն աշխատել է Էրեբունու քննչական բաժնում:
Տեղակալներից մյուսն էլ՝ Վարդգես Ծաղիկյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի բարեկամն է։ Նա էլ իր հերթին՝ իր կադրերով է համալրել «Աբովյան» ՔԿՀ-ն:
Բնականաբար, շղթայական կերպով Ծառայության պետի տեղակալներն էլ նշանակվելուց հետո պետք է իրենց մարդկանցով համալրեին իրենց ենթակայության ներքո գտնվող ստորաբաժանումները:
Օրինակ, ըստ օդում կախված լուրերի, ՔԿԾ պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը ՔԿԾ ուղեկցումների բաժնի պետ է նշանակել իր ընկերոջը, որը, ականատեսների պատմելով՝ ազատ գրաֆիկով է հաճախում աշխատանքի, ուշացումներով, սակայն, բնականաբար, խնդիր չունի:
Նույն իրավիճակն է նաև քրեակատարողական հիմնարկների պետերի դեպքում, որոնք բոլորն էլ փոխվեցին Արթուր Գոյունյանի՝ Ծառայության պետ նշանակվելուց հետո՝ համալրվելով համակարգից որևէ գաղափար չունեցող դատախազներով, քննիչներով ու ոստիկաններով:
«Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանին, օրինակ, իր պաշտոնում նշանակել է նախարար Բադասյանի հայրը, ում հետ միասին համակարգում աշխատել են: Արման Մելքոնյանն աչքի է ընկնում իր ֆեյսբուքյան ակտիվությամբ, պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս՝ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու Գագիկ Մելքոնյանի որդին է, այն Գագիկ Մելքոնյանի, ով պատերազմի ժամանակ գտնվում էր անվտանգ Քարվաճառում, և ուր հայրենիքը պաշտպանելու մեկնել էր նաև ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը:
Օմարի լեռները պաշտպանող Գագիկ Մելքոնյանի պաշտպանական գծում էին նաև գտնվում «Արթիկ», «Վանաձոր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պետերը: Վերջիններիս՝ առաջնագծից արված լուսանկարները պարբերաբար հրապարակվում էին «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:
Արթուր Գոյունյանի ընկերներից է նաև «Վարդաշեն» ՔԿՀ պետը, ում հետ նույնպես նախկինում ևս գործընկերներ են եղել:
«Սևան» ՔԿՀ-ի պետի համար էլ, մեզ հասած տեղեկություններով, բարեխոսել են Գլխավոր դատախազությունից, և, իհարկե, Արթուր Գոյունյանը չի մերժել իր նախկին կոլեգաներին:
Իսկ, օրինակ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի բարեկամն է, բայց գոնե նա համակարգում նորաբնակ չէ, թեպետ սրընթաց վերելք իր կարիերայում ունեցել է հենց այս իշխանությունների օրոք:
Ընկերական կապերով պայմանավորված էր նշանակվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը, ով ոստիկանական համակարգում հայտնի «Թայֆուն Համոյի» որդին էր: Ներկայումս Սամվել Մկրտչյանն անցնում է քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի ծեծի քրեական գործով, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից՝ սկզբում սակայն մի կարճ ժամանակով պաշտոնավարելով նաև «Գորիս» ՔԿՀ-ում: Աղմուկը, սակայն, խլացնել չհաջողվեց, և Սամվել Մկրտչյանն առհասարակ հեռացվեց համակարգից:
Սրանք ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանի՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կատարված նշանակումների մի մասն են միայն: Հաջորդիվ կանդրադառնանք նաև դրանց մյուս խմբաքանակին: