Բաժիններ՝

Երբ հերքում ես անհերքելին, կամ այն «բարեփոխումների» մասին, որոնք «մոռացել» է նշել Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը

Այսօր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության միջոցով փորձել էր հերքել 168.am հրապարակումն այն մասին, որ դղյակ է կառուցում Պտղնիում, և որի շինարարական ընդհատված աշխատանքներն այսօր մեծ թափով շարունակվում են:

Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ «ՔԿԾ պետի ծառայողական երկու մեքենաներն էլ՝ թե ներկայիս ու նախկին պետերին սպասարկող 001SS03 պետհամարանիշը կրող սև գույնի NISSAN TEANA-ն, և թե TOYOTA PRADO ամենագնացը (մեկն էլ չէ, երկուսը, մինչդեռ վարչապետը բազմիցս հպարտությամբ անդրադարձել է պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների կրճատմանը), ամբողջ օրը ներգրավված են առանձնատան շինարարական աշխատանքներում, իսկ թե ինչպե՞ս և ինչո՞ւ, հավանաբար նախարար Բադասյանը կիմանա, ով իր ընկերոջ աներոջը, ըստ տեղեկությունների, համատեղությամբ նաև՝ իր համակուրսեցու հորը, նշանակել է այդ պաշտոնին»:

Հրապարակումից ուղիղ 2 օր հետո պետական գործակալությանը հարցազրույց «տալու» նպատակը հասկանալի է՝ ցրել նյութից ստացված, մեղմ ասած, տհաճ տպավորությունը և շեղել ուշադրությունը:

Ըստ երևույթին նյութի հրապարակումից հետո ֆեյքային գովերգող հրապարակումները, քոմենթները ցանկալի էֆեկտը չեն տվել, եթե Ծառայության ղեկավար կազմը որոշել է այս կերպ հերքել անհերքելին: Ինչևէ, դա իրենց խնդիրն է:

Բայց ամեն դեպքում ֆեյքերին հանձնարարություն տալուց առաջ թող կողմնորոշվեն, այնուամենայնիվ, այդ դղյակը 80-ականների՞ն է կառուցվել, երբ Գոյունյան ընտանիքը հաստատվել է այդտեղ, թե՞ վերջին 7-8 կամ 10 տարում, ինչպես նշվում էր մեր հրապարակման ներքո եղած կազմակերպված-ֆեյքային մեկնաբանություններում:

Մնացածը, ինչպես ասում են, լիրիկա է:

Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին:

«Չմոռանամ անդրադառնալ նաև իբր անձնական նպատակներով օգտագործվող ծառայողական ավտոմեքենաներին։ Ծառայության պետին իրականում ամրակցված է մեկ ավտոմեքենա, որը 2008թ.-ի արտադրության է (ի դեպ, ունի փոխանցման տուփի գործարանային դեֆեկտ)։ Շահարկվող մյուս ավտոմեքենան, որն ավելի հնամաշ է` 2006թ. արտադրության, ընդամենը Ծառայության հերթապահ ավտոմեքենան է»,- «Արմենպրեսին» «տված» հարցազրույցում ասում է ՔԿԾ պետը:

Ամեն ինչ ճիշտ է: Բայց երևի Ա. Գոյունյանը լավ չի կարդացել մեր հրապարակումը, ուր իր վերոբերյալ որևէ փաստ չի վիճարկվում: Ավելին, նշել էինք, որ ծառայողական մեքենան սպասարկել է նաև նախկին պետերին: Իսկ Ծառայության հերթապահ ավտոմեքենան, փաստորեն, հատուկ պահպանվող ավտոմեքենա է, որովհետև այդ «Նիսսան Պրադո» ամենագնացը վերջին շուրջ 1 տարում Ծառայությունում տեսել են ընդամենը երեկ: Պարզ է, չէ՞, թե ինչո՞ւ են երեկ տեսել…

Բայց Գոյունյանը, չգիտես ինչու, մոռացել է անդրադառնալ այն փաստին, ինչի շրջանակներում մենք հիշատակել էինք նշված 2 ավտոմենքենաները, և ինչո՞ւ է Ծառայության հերթապահ ավտոմեքենան սպասարկում բացառապես իր ու իր ընտանիքի կարիքները:

Ի դեպ, մեքենաների մասին: Երբ Գոյունյանը խոսում է այն մասին, որ մեր հրապարակմամբ, իր խոսքերով, իրեն պախարակելով, փորձում ենք խոչընդոտել քեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումները, հետաքրքիր է՝ ո՞ր բարեփոխումների մասին է ասում: Արդյո՞ք այն «բարեփոխումների», որ համենայն դեպս վերջին մոտ մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ Ծառայության պետի բոլոր տեղակալները շրջում են օպերատիվ համարներով ավտոմեքենաներով, իսկ մեկ բառով ասած, դա նշանակում է՝ անարգել երթևեկություն՝ ոչ տուգանք, ոչ ակտ, ոչ էլ այլ պատիժ, անգամ փաստաթուղթ չեն կարող պահանջել խախտում կատարած վարորդից, ով երթևեկում է օպերատիվ համարներով:

Ի դեպ, միգուցե Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանն ասի՞ նաև, թե գործնականորեն չտեղաշարժվող ղեկավար կազմին իրականում որքա՞ն բենզինի կտրոն է տրվում, ու ի՞նչ կարիքների համար է իրականում այն ծախսվում: Ըստ ծառայության պետին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ խոսքը մի քանի հարյուր լիտր վառելիքի մասին է: Հետաքրքիր է, արդյո՞ք արդարադատության նախարարը ծառայողական քննություն կնշանակի՝ պարզելու համար, թե որտեղ են փոշիացվում պետական միջոցները:

Կամ միգուցե բարեփոխում ասելով՝ նկատի ունի հավերժ շինարարությո՞ւնը, որ ընթանում է Ծառայության կենտրոնական մարմնում: Բայց թե ինչո՞ւ է, օրինակ, վերջերս Ներքին անվտանգության բաժնի պետ նշանակված իր ընկերոջ համար կատարվող շինարարությունը Արթուր Գոյունյանը որպես բարեփոխում ներկայացնում, անհասկանալի է: Հասկանում ենք, որ մարդն ուզում է, որ իր ընկերն իր հետ նույն շենքում լինի, աշխատանքային գերազանց պայմաններ ունենա, բայց դա ինչո՞ւ են ՀՀ հպարտ քաղաքացու վրա որպես բարեփոխում «ծախում», փոքր-ինչ տարօրինակ է: Իհարկե, այս պահին, քանի դեռ շինարարությունն ընթացքի մեջ է, Ծառայությունից կարող են ասել, որ դա իր ընկերոջ համար չի նորոգվում, այն ընկերոջ, ով, ըստ լուրերի, Արթուր Գոյունյանի տեղակալն է եղել նախկին աշխատավայրում:

Անշուշտ, միգուցե ըստ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի՝ «բարեփոխում է» նաև համակարգը նախկին թոշակառու քննիչներով ու դատախազներով լցնելը:

Իսկ եթե «բարեփոխում» ասելով, օրինակ, նա նկատի ունի այն, որ իր ղեկավարած հիմնարկում կան մարդիկ, ի դեպ, ղեկավար պաշտոն զբաղեցնող, որոնք այնքան «նվիրված» են իրենց գործին ու այդ շենքին, որ աշխատասենյակը շփոթում են բնակարանի հետ ու կարող են աշխատասենյակում ներքնազգեստով ու հողաթափերով ընդունել աշխատակիցներին, համաձայն ենք, դա իրոք նորություն է: Հուսով ենք, իրականում արդարադատության նախարարն ու ՔԿԾ պետը գնահատում են Ծառայության պետի առաջին տեղակալի տիտանական աշխատանքը՝ ի փառս կառույցի: Չէ՞ որ վերջինս միայն Ծառայության շահերից ելնելով՝ օրերով տուն չի գնում, այլ գիշերում է իր աշխատասենյակում:

Ուզում ենք Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանին հարցնել՝ իսկ բարեփոխո՞ւմ է արդյոք այն, որ վերջին 10 տարում առաջին անգամ «Արթիկ» ՔԿՀ-ում ծառայողի պարանոցն են կտրում կամ «Սևան» ՔԿՀ-ում 10 հոգով հերթապահին են ծեծում, եթե այո, ապա նման բարեփոխում երբևէ չի եղել, համաձայն ենք: Ի դեպ, ՔԿՀ-ների աշխատակիցների հավաստմամբ՝ նման բարձիթողի վիճակ երբևէ համակարգում չի եղել: Այս մասին ուշագրավ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

«Ինձ համար, բնականաբար, հասկանալի են նման հրապարակումների իրական մղումները»,- ասում է Արթուր Գոյունյանը՝ առանց մանրամասնելու՝ ինչի մասին է խոսքը: Միգուցե, չենք վիճում: Մարդը կարող է որոշակի կասկածներ ունենալ, դա իր իրավունքն է, բայց, այնուամենայնիվ, մենք որոշ հարցեր հնչեցնենք պատկերն ամբողջացնելու համար:

1. Բնականաբար, շատ լավ գիտենք՝ ինչ է եղել այդ առանձնատան տեղում, ինչ ծավալների ու ինչ արժեքի, բայց ամեն դեպքում անշարժ գույքի գործակալներին կխնդրեինք Արթուր Գոյունյանին ասել իր կիսակառույց դղյակի իրական արժեքն արդեն իսկ այս պահի դրությամբ՝ հողատարածքներով, պարսպով, դարպասներով:

2. Գոյունյանի մերձավոր շրջապատից մեզ նաև տեղեկացնում են, որ իր դուստրն ու փեսան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համակուրսեցիներն են: Ծառայության պետին խնդրում ենք նաև պատասխանել՝ այդպե՞ս է, թե՞ ոչ: Դա քաղաքական կոռուպցիա՞ է, թե՞ ոչ:

3. Տեղյակ եղե՞լ է արդյոք Արդարադատության նախարար Բադասյանը նշված առանձնատան գոյությունից ու դրա իրական ծավալներից:

4. Եվ, ի վերջո, երբ Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանը ցուցադրում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առանձնատունը, տեղյա՞կ է արդյոք երկրի բարձրագույն ղեկավարությունն իր մյուս կադրերի ոչ պակաս շքեղ առանձնատներից:

Հ.Գ. Բարեփոխումների մեջ մոռացել էինք նշել, որ, փաստորեն, Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը երթևեկում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի մեքենայով, ինչպես «Հրապարակի» հետ զրույցում ասել էր ցմահ դատապարտյալի որդին:

Քրեակատարողական ծառայության այլ «բարեփոխումների» կանդրադառնանք հաջորդիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս