Ինչո՞ւ է Ռուստամ Բադասյանն այցելել ՔԿԾ պետ Գոյունյանին ու ո՞ր ձեռքբերման համար է մեդալով պարգևատրել նրան
Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախկին փոխնախարար, ներկայումս՝ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի և ներկայիս փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ, ում անունը, ի դեպ, շրջանառվում է՝ որպես արդարադատության նոր նախարարի հավակնորդ, այցելել է իր ենթակայության ներքո գտնվող Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) վարչական շենք:
Թեպետ նախարարի այցը կարծես թե չի լուսաբանվել, սակայն 168.am-ի տեղեկություններով՝ Ռուստամ Բադասյանը ՔԿԾ է գնացել Ծառայության պետ Արթուր Գոյունյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելու և նրան մեդալով պարգևատրելու համար:
Թե ինչո՞ւ է նախարարի այցը գաղտնի պահվել, թերևս, պատասխանը կիմանան միայն իրենք, մենք տեղեկացված չենք նաև, թե ինչ ձեռքբերումների համար են պատերազմից անմիջապես հետո պարգևատրել ՔԿԾ պետին:
Դժվար թե դա կապված լինի ՔԿԾ ջոկատի՝ ռազմի դաշտում ցուցաբերած «աննախադեպ քաջության» հետ, որովհետև, ըստ օդում կախված լուրերի, ՔԿԾ ջոկատն աննախադեպ շուքով ու հրապարակային ճակատ մեկնելուց տառացիորեն օրեր անց մասնատված լքել է Արցախի տարածքն ու հատված-հատված վերադարձել Երևան, և միայն այդ խայտառակությունը կոծկելու համար, քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով են հետագայում նորից վերակազմավորել ջոկատն ու ուղարկել ռազմաճակատ:
Կամ միգուցե նախարարը գնահատել է ՔԿԾ պետի՝ Ծառայության վարչական շենքում ու քրեակատարողական հիմնարկներում ծավալած, միջազգային չափանիշերին համապատասխանող աննախադեպ շինարարության ծավալները:
Կամ էլ չկա առիթ, և պարզապես Ռուստամ Բադասյանը որոշել է իր հովանավորյալ Ծառայության պետին ծննդյան տոնի առթիվ հաճելիորեն զարմացնել: Մենք միայն ենթադրություններ կարող ենք անել, քանի որ նախարարի այցը ՔԿԾ և պարգևատրման առիթը չեն հրապարակայնացվել:
Ի դեպ, խումբը Ծառայություն է ժամանել բարձր տրամադրությամբ, հեռացել՝ էլ ավելի բարձր տրամադրությամբ, ինչը տրամաբանական է, եթե նկատի ունենանք այն, որ պարգևատրման արարողությանը հաջորդել է գինարբուք հենց Ծառայության վարչական շենքում: Մարդիկ ծնունդ են նշել, ապա ասել-խոսել-ծիծաղելով՝ գնացել:
Մեզ մնում է միայն առնվազն տարակուսել, որ Արցախը հանձնած ու Հայաստանը վտանգի տակ դրած Նիկոլ Փաշինյանի թիմակիցները պարգևատրելու և պարգևատրվելու, զվարճանալու սիրտ ու հավես ունեն: