Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը մեկնել է Արցախ՝ մարտական հերթափոխի
168.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արցախ, ենթադրվում է՝ առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը՝ առաջնագծում գտնվող Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) աշխատակիցների վաշտի մարտական ոգին բարձր պահելու, նրանց հետ միասին հայրենիքի սահմանները պաշտպանելու:
Նկատենք, որ ավելի վաղ առաջնագիծ էին մեկնել նաև Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարները:
Ըստ ամենայնի, Արթուր Գոյունյանը մեկնել է Օմարի լեռները պաշտպանող պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին ընդդիմադիր, այժմ իշխանության համակիր Գագիկ Մելքոնյանի պաշտպանական գիծ, ուր, ի դեպ, գտնվում են նաև «Արթիկ», «Վանաձոր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պետերը: Վերջիններիս՝ առաջնագծից արված լուսանկարները պարբերաբար հրապարակվում են «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:
Լուսանկարներից մեկում Գագիկ Մելքոնյանն է՝ 4 հիմնարկների պետերի հետ:
Ի դեպ, «Արթիկ» ՔԿՀ պետը Գագիկ Մելքոնյանի որդին է՝ Արման Մելքոնյանը, ով լուսանկարում հոր կողքին է կանգնած:
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 5-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ ռազմաճակատ ճանապարհվեց ՔԿԾ կամավորական համահավաք վաշտը։
Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը բարձր էր գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու ծառայության պատմության մեջ:
Ճիշտ է, մեկնելուց մի քանի օր անց վաշտը հատվածաբար վերադարձել էր, սակայն, փաստորեն, կրկին մեկնել է ռազմի դաշտ:
Ի դեպ, այսօր ստացվեց Մատաղիսի պաշտպանության մարտերում «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գևորգ Գևորգյանի զոհվելու լուրը: Վերջինս ճակատ էր մեկնել կամավոր, աշխատանքից ազատվել էր իշխանափոխությունից հետո:
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ ենք մաղթում հայրենիքի պաշտպանությանն անձնվիրաբար ու անշահախնդիր լծված բոլոր հայորդիներին: