Քրեակատարողական ծառայությունում ընթացող հավերժական շինարարության հետքերով
Դեռևս սեպտեմբերի 2-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Արթուր Գոյունյանի անունով՝ հարցերի շարք ուղղելով Ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում վերջին մեկ տարում ընթացող հավերժական շինարարության հետ կապված:
Հետևյալ հարցերի պատասխաններն էինք ցանկացել ստանալ ՔԿԾ-ից:
1. Հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ, մեկ տարվա կտրվածքով, խնդրում ենք պատասխանել, թե 2019 թ. սեպտեմբերից մինչ օրս ի՞նչ կապիտալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի շենքում։
2. Ո՞ր ընկերություններն են իրականացրել շինարարական աշխատանքները, որքա՞ն է կազմել հատկացված գումարի չափը, ի՞նչ ընկերություններ են մասնակցել շինաշխատանքները կատարելու համար հայտարարված մրցույթին, մրցույթը շահած կազմակերպության գնային առաջարկը որքա՞ն է եղել իրականացված աշխատանքի համար:
Խնդրում ենք նշել ըստ հիմնարկների, առանձին, այդ թվում՝ ներառելով նաև Ծառայության կենտրոնական մարմնի շենքի մասին տվյալները:
3. Մեկ տարվա կտրվածքով՝ խնդրում ենք տրամադրել մեկ անձից կատարված գնումները, ո՞ր ֆիրմաներից են իրականացվել գնումները և որքա՞ն գումարի չափով։ Մեկ անձից եղե՞լ են արդյոք կրկնակի կամ եռակի գնման դեպքեր (միայն շինարարություն, վերանորոգում և գրասենյակային կահույք)։
Խնդրում ենք նշել նաև 12 ՔԿՀ-ների տվյալները՝ ո՞վ է շահել մրցույթը և ի՞նչ գնային առաջարկի ներկայացմամբ:
4. Մինչև մեկ միլիոնը չգերազանցող ի՞նչ գնումներ է իրականացրել Քրեակատարողական ծառայությունը, քանի՞ անգամ և ի՞նչ է ձեռք բերել։ Արդյո՞ք Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում բոլոր աշխատասենյակներն են վերանորոգվելու և կահավորվելու, ինչպես առաջին հարկում գտնվող երկու սենյակները, և եթե այո, ապա ո՞ր կազմակերպությունն է իրականացնելու այդ աշխատանքները:
5. Նշված երկու սենյակների շինարարական և վերանորոգման աշխատանքները ո՞ր կազմակերպությունն է իրականացնում:
Խնդրում ենք տրամադրել նաև մրցույթը հաղթած կազմակերպության գնային առաջարկը։
6. Արդյո՞ք Քրեակատարողական ծառայությունը վերանորոգման և կապիտալ շինարարական աշխատանքների համար շինանյութ է ձեռք բերել, և եթե այո, ո՞ր կազմակերպություններից, ի՞նչ շինանյութ և ի՞նչ գումարի սահմաններում:
Մինչ բուն հարցերի պատասխանի որակական ու բովանդակային կողմին անդրադառնալը, նախ խոսենք մի մանր ու տհաճ պրակտիկայի մասին, որ որդեգրել է Քրեակատարողական ծառայությունը լրատվամիջոցների հետ աշխատանքում:
Այս հարցերի պատասխանը մենք ստացանք սեպտեմբերի 28-ին:
Հասկանալի պատճառներով, քանի որ պատերազմ էր, մենք չէինք կարող ընթացք տալ այս տեղեկատվությանն ու աշխատել այս հրապարակման վրա: Սակայն քանի որ հարցերի քանակից էլ հասկանալի էր, որ պատասխանը ծավալուն պետք է լիներ, իսկ այն իսկապես ծավալուն էր՝ 8 էջ, խնդրեցինք, որ տրամադրեն դրա «Word doc.» տարբերակը: Մերժեցին: Մերժեցին առանց հիմնավորման՝ ուղղակի միտումնավոր բարդացնելով մեր աշխատանքը: Եվ սա՝ այն դեպքում, երբ ցանկացած հարցում որևէ գերատեսչություն ուղարկելիս մենք անպայման ուղարկում ենք նաև վերոնշյալ տարբերակը՝ գրության հետ ավելի հեշտ աշխատելու համար: Ինչևէ: Սա՝ իմիջիայլոց, որպես նկատառում այն բանի, որ պետական ծառայության մեջ գտնվող անձինք կարող են ցուցաբերել նման փոքրոգի, քինախնդիր մոտեցում:
Այսօր արդեն պատերազմ չէ: Եվ այսպես, ըստ ՔԿԾ ուղարկած պատասխանի՝
2019թ. կատարվել են հետևյալ շինվերանորոգման աշխատանքները:
- ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմին– «Ագաթ 777» ՍՊԸ-ն իրականացրել է 248.500 դրամի շինաշխատանքներ: Նորոգվել և հարդարման շինաշխատանքներ են կատարվել 3 միջանցք և նախասրահ, 11 սանհանգույցներ, 6 աշխատասենյակ, ընդունարաններ և դահլիճ, վարչական տարածքի ասֆալտապատում և այլն:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ագաթ 777» ՍՊԸ-ին հիմնադիրը Աղվան Կարապետյանն է, ով նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ղեկավարած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ է։
Այս մասին դեռևս 2016թ.-ին գրել էր «Ազատությունը»:
Եվ եթե նկատի ունենանք ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանի աշխատանքային կենսագրությունը և այն, որ վերջինս համարվում է Աղվան Հովսեփյանի կադրը, պատկերն ամբողջանում է:
Առաջ անցնելով ասենք, որ տենդերների մեծ մասը շահել է հենց այս ընկերությունը:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում իրականացված շինվերանորոգման աշխատանքներին՝
- «Նուբարաշեն» ՔԿՀ -«Արտ Պլաս» ՍՊԸ-ն իրականացրել է խոհանոցի վերանորոգում՝ 182.000 դրամ, և սանհանգույցների ու բաղնիքների վերանորոգում՝ 36.990.000 դրամ, «Բիդեք» ՍՊԸ՝ ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի վերանորոգում՝ 22.955.268 դրամ, «Նեմրութ» ՍՊԸ՝ ներքին և արտաքին էլեկտրահամակարգի վերանորոգում՝ 35.880.000 դրամ, «Ագաթ 777» ՍՊԸ՝ արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի վերանորոգման աշխատանքներ՝ 10.689.600 դրամ:
Ընդհանուր առմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված տարատեսակ շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 116.696.868 դրամ:
- «Սևան» ՔԿՀ –«Վանի» ՍՊԸ՝ արտաքին ջրահեռացման համակարգի շինաշխատանքներ՝ 360.000 դրամ:
- «Վարդաշեն» ՔԿՀ – «Հ.Կ.Շ.Ի.Կ.» ՓԲԸ-ն իրականացրել է 143մ երկարությամբ պարսպի կապիտալ շինարարական աշխատանքներ՝ 600.200 դրամով, «Արտ Պլաս» ՍՊԸ-ը՝ արտաքին կոյուղու ցանցի վերակառուցման աշխատանքներ՝ 17.136.000 դրամով:
Ընդհանուր առմամբ 2019թ. «Վարդաշեն» ՔԿՀ-ի շինաշխատանքների վրա ծախսվել է 39,736,200 դրամ:
- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – կրկին «Ագաթ 777» ՍՊԸ-ն իրականացրել է արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի, սանհանգույցների և բաղնիքների վերանորոգման աշխատանքներ՝ 834.000 դրամ:
.«Երևան-Կենտրոն» ՔԿՀ – «Զի էնդ Զի Քոնսթրաքթ» ՍՊԸ՝ բաղնիքի տաք ջրամատակարարման համակարգի աշխատանքներ՝ 930.000 դրամ:
- «Աբովյան» ՔԿՀ – նորից «Ագաթ 777» ՍՊԸ՝ արտաքին ջրահեռացման համակարգի վերանորոգման աշխատանքներ՝ 130.800 դրամ: Վերանորոգվել են նաև հիմնարկի երկու ենթակայանների միջև ընկած հատվածի ցածր լարման մալուխը, մոտ 500 քմ մակերեսով պահեստային տնտեսության տանիքը: Թե ինչքան գումար է ծախսվել այս աշխատանքներն իրականացնելու համար, ՔԿԾ պատասխանում չի նշվում:
- «Հրազդան» ՔԿՀ- «Բիդեք» ՍՊԸ՝ արտաքին ջրահեռացման համակարգի վերանորոգման աշխատանքներ՝ 491.000 դրամ:
- «Արմավիր» ՔԿՀ – կրկին «Ագաթ 777» ՍՊԸ՝ երկարատև տեսակցության մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ՝ 9.600.000 դրամ:
- «Կոշ» ՔԿՀ- էլի «Ագաթ 777» ՍՊԸ՝ արտաքին ջրահեռացման համակարգի և ճաշարանի վերանորոգման աշխատանքներ՝ 842.800 դրամ:
Այսպիսով, 2019թ. ՔԿԾ կենտրոնական մարմնի և 9 քրեակատարողական հիմնարկներում տարատեսակ շինվերանորոգման աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 300,870,168 ՀՀ դրամ:
Մինչ 2020թ. շինվերանորոգման աշխատանքներին անդրադառնալը նշենք, որ ըստ ՔԿԾ տվյալների՝ 20.02.2020թ.-ին հայտարարվել է նախատեսված ընթացիկ նորոգման աշխատանքների գնման ընթացակարգ, որին մասնակցել են 2 կազմակերպություններ՝ «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ և «ՍՈՒԲԱՇԻՆ», որոնց հետ կնքվել է ընթացիկ վերանորոգման շինաշխատանքների կատարման պայմանագիր՝ 69.000.000 դրամ ընդհանուր գումարով:
Ըստ այդմ՝ գումարները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Արմավիր» ՔԿՀ- 5.648.880 դրամ
«Աբովյան» ՔԿՀ- 10.147.100 դրամ
«Վարդաշեն» ՔԿՀ- 391.500 դրամ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- 1.522.576 դրամ
«Սևան» ՔԿՀ- 178.419
ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմին- 6.131.160 դրամ:
Ըստ էության 2020թ.-ի համար նախատեսված գոմարներից 24.019.555 դրամն է ծախսվել նշյալ շինվերանորոգման աշխատանքների նպատակով:
Ամփոփելով՝ եթե ընդունենք, որ ՔԿԾ կենտրոնական մարմնի 11 սանհանգույցներն իսկապես աղետալի վիճակում էին և ունեին կապիտալ վերանորոգման խնդիր, բայց, օրինակ, 3 միջանցքների վրա փռած ձևական լամինատի, որի վրա քայլելիս, բազմաթիվ աշխատակիցների վկայությամբ՝ քեզ թվում է՝ օդում ես քայլում, կամ 6+4 աշխատասենյակների վրա վատնված գումարները, որոնց թվում՝ պետի տեղակալի, Ներքին անվտանգության բաժնի նորանշանակ պետի, ով Ծառայության պետի հերթական ընկերն է ՔԿԾ-ում, անձնական կոմֆորտի համար արված ծախսերը ինչո՞ւ պետք է պետական բյուջեն հոգա, այնքան էլ հասկանալի չէ:
Նկատենք, որ ի հավելումն 2 տարում 10 աշխատասենյակների շինվերանորոգման աշխատանքների՝ ՔԿԾ նշած ևս 2 ձևափոխված աշխատասենյակները, որոնք միջնորմներով բաժանելու արդյունքում վերափոխվել են առնվազն 7 աշխատակցի համար նախատեսված թվով 4 աշխատասենյակի, հենց նորոգվել են Ներքին անվտանգության բաժնինը (ՆԱԲ)՝ իր նորանշանակ պետով, կենտրոնական մարմնի հիմնական մասնաշենք բերելու համար, և դա՝ այն դեպքում, երբ ՆԱԲ-ը շատ հարմարավետ տեղավորված էր կենտրոնական մարմնի կողքի՝ նոր վերանորոգված մասնաշենքում:
Ի դեպ, շինարարական ծախսերը, ըստ մեզ հասած տեղեկությունների, մասամբ փակվել են աշխատակիցների հավելավճարների հաշվին, ովքեր հաջորդ ամիս հայտնաբերել են, որ 10 տոկոսով քիչ են ստացել ամենամսյա գումարները: Այդուհետ հավելավճարներն իսպառ հանվել են:
Հատկանշական է, որ բոլոր վերանորոգված աշխատասենյակները զբաղեցնում է ՔԿԾ ղեկավար կազմը կամ ստորաբաժանումների ղեկավարները, իսկ սովորական աշխատակիցները դեռ թող սպասեն:
Ինչևէ, նշենք, որ երկու տարում, ըստ էության, միայն սեպտեմբերի 28-ի դրությամբ 369,870,168 ՀՀ դրամ գումար է նախատեսվել ՔԿԾ շինվերանորոգման աշխատանքների համար, որից 300,870,168 ՀՀ դրամը ծախսվել է 2019թ.:
168.am-ին ուղարկված պատասխանի ամենասկզբում ՔԿԾ-ից մեզ խորհուրդ էին տվել www.tender-monitoring.am կայքում փնտրել մեզ հուզող հարցերի պատասխանները, այնտեղից իմանալ՝ ի՞նչ ընկերություններ են մասնակցել տենդերներին, որքա՞ն գումար են առաջարկել, ինչո՞ւ են հենց այս, մասնավորապես, «Ագաթ 777» ՍՊԸ-ն հիմնականում հաղթել այդ բազմաթիվ տենդերներում, սակայն կայքն անհասանելի էր, ողջ տեղեկատվությունը՝ փակ:
Մեզ տեղեկացրել էին նաև, որ, փաստորեն, սեպտեմբերի 28-ի դրությամբ ևս ՔԿՀ-ներում իրականացվում են վերակառուցման և վերանորոգման մեծածավալ աշխատանքներ՝ հիմնարկները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով, թեպետ, իհարկե, անհասկանալի է, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ո՞ր մասն է հնարավոր համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին, որքան գումար ուզում ես՝ ծախսի:
«Վերոհիշյալներից բացի, մրցույթում հաղթող ճանաչված «Գլոբալ-նախագիծ» ՍՊԸ-ն «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնում է ջեռուցման հետ համատեղված օդափոխության համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, իսկ մասնաշենքի՝ կիսաբաց տեսակի ձևափոխման շինարարական աշխատանքներ՝ ընդհանուր գումարով 30.597.882 դրամ»,- մասնավորապես գրված էր ՔԿԾ պատասխանի մեջ:
Այստեղ, իհարկե, տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի «Արմավիր» ՔԿՀ-ի մի մասնաշենքը ձևափոխել կիսաբացի, եթե «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ները կիսաբաց տիպի քրեակատարողական հիմնարկներ են, և մեր տվյալներով՝ պաշտոնական լրակազմից, օրինակ, «Սևան» ՔԿՀ-ում միայն 20 տոկոսն է զբաղված, նույնն էլ «Կոշ» ՔԿՀ-ում է, ու համենայն դեպս վերջին մեկ տարին իրավիճակը նույնն է: Ուրեմն ինչո՞ւ է պետք պայմանական 500 լրակազմ ունենալով՝ 100-ի զբաղվածության դեպքում նոր հիմնարկում, նոր մասնաշենք ձևափոխել կիսաբացի ու միլիոնավոր գումարներ վատնել:
«Աբովյան» ՔԿՀ-ում էլ «Բիդեք» ՍՊԸ-ն իրականացնելու է բոլոր մասնաշենքերի լոգարանների և սանհանգույցների ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 50.624.332 ՀՀ դրանով:
Երբ նայում ես ծախսված գումարներին, այնպիսի տպավորություն է, թե 2019թ.-ից առաջ ՔԿԾ-ում որևէ ծախս չի արվել, ոչինչ չի նորոգվել, և միայն Ծառայության ներկայիս ղեկավար կազմն է մտածել շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին, ինչը, իհարկե, այդպես չէ: Բայց, այնուամենայնիվ, կառավարությանն առաջարկում ենք, որպես կառավարման օրինակելի մոդելի փորձ, ընդօրինակել ՔԿԾ ներկայիս ղեկավարության աշխատանքային փորձը, խմբեր ձևավորել, գործուղել ՔԿԾ կենտրոնական մարմին ու քրեակատարողական հիմնարկներ, գույքագրել կատարված աշխատանքներն ու գրանցած արդյունքները և փորձի փոխանակման դասընթացներ իրականացնել:
Նկատենք, որ ՔԿԾ-ից տեղեկացրել էին նաև, որ 2020թ. ՀՀ ԱՆ ՔԿԾ-ն շինարարական նյութերի ձեռքբերման համար գնման հայտ չի ներկայացրել, քանի որ փաստացի օգտագործվել են կապալառուների կողմից ձեռք բերված շինարարական նյութերը: 2019թ.-ի վերաբերյալ տվյալներ չէին հայտնել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ բոլոր 12 ՔԿՀ-ները վերազինվել են հանձնուքները ստուգող նոր սերնդի ռենտգեն սարքերով, որոնց կիրառությունը պետք է բացառեր հանձնուքների միջոցով արգելված իրերի կամ առարկաների ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ:
168.am-ը ցանկացել էր իմանալ նաև՝ ինչպե՞ս է ընթացել այդ սարքերի գնման կամ ձեռքբերման գործընթացը: Ի՞նչ առաջարկներ են ներկայացվել, ո՞վ է մատակարարել սարքերը և ի՞նչ գնային առաջարկով:
««Էյչ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 12 հատ «SECUPLUS» մակնիշի մետաղորսիչ սարքերը և «Արեմպա Ինթերնեյշնլ» ՍՊԸ ՖԶԸ-ի կողմից մատակարարված 12 հատ «Rapiscan ORION 920CX» մակնիշի անվտանգության ռենտգեն սարքերը տեղադրված են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում»,- նշված էր ՔԿԾ պատասխանի մեջ:
Ինչպես տեսնում եք, մենք այստեղ ևս չենք ստացել մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, ինչը և արձանագրում ենք մյուս հարցերի պարագայում:
Հաջորդիվ կներկայացնենք տենդերների հաղթող ընկերություններին, նրանց հիմնադիրների ու Արդարադատության նախարարի, ՔԿԾ ղեկավարության հետ առնչակցության բոլոր դրվագները:
Եվ վերջում…
Վերջին օրերին չեն դադարում արդարադատության նախարարի փոփոխության մասին լուրերը, և այս ֆոնին տարատեսակ անուններ են շրջանառվում՝ որպես Արդարադատության նախարարի նոր թեկնածուներ:
Երեկ էլ shamshyan.com կայքը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուներն են՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Միակ մտավախությունը իշխող «Իմ քայլը» խմբակցության այն է, որ Ա. Գոյունյանն ու Հ. Քոչարյանը հնարավոր է հետագայում վարեն ինքնուրույն կադրային քաղաքականություն, չենթարկվելով պատգամավորների ճնշումներին, այն է՝ ծանոթ-բարեկամի թողնելով իրենց պաշտոններին, կամ նշանակել տան իրենց ուզած մարդուն, իսկ Ն. Բաղդասարյանի պարագայում հնարավոր է՝ իրենց ուզած ցանկացած որոշում անցկացնել Արդարադատության նախարարությունում»,- նշել էր կայքը:
Առնվազն անազնիվ է դեռևս պաշտոնավարող նախարարի առկայության պարագայում, այն նախարարի, որով պայմանավորված է Գոյունյանի նշանակումը ՔԿԾ պետի պաշտոնում, շրջանառության մեջ դնել սեփական անունը՝ որպես արդարադատության նախարարի նոր հավակնորդ: Հնացած մեթոդ է՝ կեղծ տեղեկատվական «սլիվով» շրջանառում ես անունդ։