
Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել երկրներին առավելագույն զսպվածություն դրսևորել:
«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ընդգծվել է լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը»,- Tert.am-ի հաղորդմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես ընդգծել են նախարարությունից, կողմերն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ սեպտեմբերի 27-ին արած հատուկ հայտարարությանը, որով կոչ է արվում հակամարտող կողմերին դադարեցնել հետագա էսկալացիան:
Հեռախոսազրույցը կայացել է ԵՄ կողմի նախաձեռնությամբ:
Նշենք, որ այսօր հակառակորդն ունեցել է 130 զոհ, 200 վիրավոր, խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրետանային համակարգ, 1 սմերչ համազարկային կայանք
Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով։