«Մենք չենք վախենում պատերազմից, այն մեր ճակատագիրն է՝ պարտավոր ենք այդ խաչը մեզ վրա կրել». Վահրամ Բալայան
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը վստահ է, որ հայ զինվորների սխրագործությունները և հայ ժողովրդի միասնությունը թույլ կտան, որպեսզի հայ մարդը շարունակի իր բազմադարյա երթը հայրենիքում։
«Իհարկե, հարցը չի լուծվում միայն ռազմի դաշտում, հարցը լուծվում է նաև քաղաքական ասպարեզում, ինչո՞ւ չէ, նաև տեղեկատվական դաշտում։ Ցավոք, ինչ-որ տեղ քաղաքական գործընթացները, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում կատարվածը, համարժեք չէ ռազմի դաշտում տեղի ունեցածին։ Այսինքն՝ այս ասպարեզում նախաձեռնողականությունը պետք է մի քիչ ավելի մեծացնել։ Շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներից, թե ինչ է կատարվում Արցախում։ Երեկ լսում էի Ադրբեջանի նախագահի՝ ռուսական ալիքներից մեկին տված հարցազրույցը, որտեղ ասում էր, թե ռազմական ագրեսիան սկսել է հայկական կողմը, ինչ-որ տեղ այս սուտը կարծես մարսվում է։ Կարծում եմ՝ մենք հայկական լրատվական դաշտում և մեր բարեկամների հետ համատեղ փորձենք այս կեղծիքը ցրել»,- Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց Վահրամ Բալայանը։
Նա նաև ընդգծեց, որ պետք է միջազգային հանրությանը հասցնել այն ուղերձը, որ սա հողի համար պայքար չէ, հայ մարդը չի կռվում զուտ տարածքի համար, այլ կռվում է ազատ ապրելու իրավունքն իր հայրենիքում իրացնելու համար։
Վահրամ Բալայանը նաև ընդգծեց, որ սա տարբեր արժեհամակարգերի միջև տեղի ունեցող պայքար է։
«Ճիշտ է, վերջին շրջանում միջազգային հանրության կողմից հետաքրքրությունն անչափ մեծացել է, մեծացել է ոչ թե նրա համար, որ մեզ շատ են սիրում, այլ մեծացել է նրա համար, որ այս կոնֆլիկտը, հակամարտությունը միայն հայ ժողովրդի և թուրքերի միջև հակամարտություն չէ, այն ավելի գլոբալ նշանակություն ունի։ Կարծում եմ՝ միջազգային հանրության պասիվ մասնակցությունն այս ամենին ինչ-որ տեղ թույլ կտա, որպեսզի այս բոցը տարածվի մյուս տարածաշրջաններում։ Տարածաշրջանում այնքան զենք կա կուտակված, որ այդ ամենի նկատմամբ պետք է լինել ավելի ուշադիր»,- շեշտեց Վահրամ Բալայանը։
Նա նաև նկատեց, որ տարբեր երկրներ կոչ են անում երկու կողմերին դադարեցնել կրակը, սակայն, այդ հորդորներից զատ, պետք է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկեն, որոնք շատ դեպքերում դիվանագիտության մեջ չեն երևում։
«Մենք չենք վախենում պատերազմից, այն մեր ճակատագիրն է, և մենք պարտավոր ենք այդ խաչը մեզ վրա կրել։ Բայց կարծում եմ՝ հանուն արդարության, տարածաշրջանի խաղաղության՝ պետք է միջազգային հանրությունը դիմի գործնական քայլերի։ Միաժամանակ ես ողջունում եմ Արցախի իշխանության այն քայլը, որով փորձում է իր շուրջ համախմբել զինվորականությանը, այս հարցում իշխանության միջև տարաձայնություն չկա, ձեռք ձեռքի տված անպայման կկերտենք հաղթանակը, և դա ուշ չի լինի։ Արցախը պետք է տարածաշրջանում դառնա խաղաղության հիմնական գրավականը»,- ընդգծեց նա։