«23-24 ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է 130 զինծառայող, 29 տանկ, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ», 11 ԱԹՍ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ն մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

«Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից»,- ասվում է ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ:

Լրագրողների հետ ճեպազրույցին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս հարվածների հետևանքով Մարտունիում, Հադրութում և այլ բնակավայրերում տուժել են խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներ, հարվածները նաև ուղղված են եղել զինված ուժերի ստորաբաժանումներին:

Նա ասաց, որ շարունակվել են համառ մարտերը, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները, գրոհները տարբեր հատվածներում:

«Հիմնական կիզակետը եղել է Արցախի հյուսիսը և հարավը: Օրվա մեջ՝ 23-24 ժամվա ընթացքում, հակառակորդն իր տապալված հարձակողական գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ՝ 130 զինծառայող, բացի այս, մոտ 200 վիրավոր է ունեցել:

Հայկական զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ, որը հայտնի է «ՏՕՍ» անվամբ, 1 «Սմերչ» տեսակի համազարկային կայանք, 11 ԱԹՍ: Այս տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, որովհետև ընթացքում մարտերը գնում են: Այս պահին մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են՝ տարբեր ինտենսիվությամբ և ուղղություններով: Հակառակորդն անդադար փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել, ինչին մեր զինված ուժերը պատասխանում են մեր գործողություններով, և ոչ թե միայն զուտ պաշտպանվում են»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս