Բաժիններ՝

Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ միտումնավոր կերպով կրակ վարելով քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ. ԱՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է: Զոհվածների և վիրավորի ինքնությունը ճշտվում է:

Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների նպատակային ու շարունակական թիրախավորումը, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցնում է մարդկային ու գույքային լրջագույն կորուստների: Պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ ոչ խտրական ու միտումնավոր կերպով կրակ վարելով քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և կիրառել իրենց ողջ գործիքակազմը Արցախի Հանրապետության բնակչության իրավունքների լայնամասշտաբ ու վայրագ ոտնահարումները կանխելու նպատակով:

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,-գրել է Վահրամ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս