Բոլորը պետք է իրար հետ համագործակցեն ու հարվածեն թշնամուն. Պահեստազորի գնդապետը՝ զենքի տիրապետման դասընթաց կազմակերպելու և սահման մեկնելու մասին
Պահեստազորի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Արա Մուրադյանը զինակից մյուս ընկերների հետ սեպտեմբերի 27-ից զենքի տիրապետման դասընթաց է անցկացնում «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունում:
«Հիմնականում մեզ մոտ մինչև հիմա եկել են այն տղաները, ովքեր անցել են Արցախյան պատերազմի բովով: Նրանք փորձառու են, պարզապես հիմա մենք հարստացնում ենք գիտելիքները, ծանոթացնում նոր զենքերին: Մեկ անգամ ևս իմացածը կրկնելն ու նոր բան սովորելը շատ կարևոր է ու օգտակար: Բաներ կա՝ իրենք են հիշում, բաներ կա՝ մենք ենք ասում: Ինչպես ռուսական բանակի հայազգի հրամանատար Սուվորովն է ասել՝ դժվարություններ ուսման մեջ, բայց հեշտ՝ պատերազմում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գնդապետը՝ շեշտելով, որ ինքը սակրավոր է, սակայն այսօր ոչ միայն սակրավորական գործի, այլև կրակային դասընթաց են ուսումնասիրում տղաների հետ:
«Հարուստ գիտելիքներով են մեկնելու սահման: Ճանաչողությունը կբերի պատերազմի դաշտում միասին հրամանները կատարելուն: Հիմա պատերազմը ֆիդայական չէ, որ ամեն ֆիդայի առանձին մեկ ուժ էր իրենից ներկայացնում ու մենակ թշնամու դեմ էր կռվում:
Իսկ այսօր բոլորը պետք է իրար հետ համագործակցեն ու հարվածեն թշնամուն: Զինվորը բանակի դեմքն է, բանակը՝ պետության: Հիմա կայուն, հզոր, կազմավորված բանակ ունենք, և այս 30 տարեկան բանակն արդեն հասուն տղամարդ է, չէ՞, հետևաբար՝ տիրապետում է բոլոր գիտելիքներին և արժանի հակահարված կտա թշնամուն: Հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհն ասել է՝ հաղթանակի կամուրջը պետք է մեր ներսում կառուցենք, հաղթանակը պետք է մեր ներսում լինի: Ես էլ միշտ սովորեցնում եմ զինվորներին՝ հաղթանակը պետք է մեր մեջ լինի: Եթե մեր ներսում հաղթանակն ապահովել ենք, կտանենք հաղթանակ նաև մեր աշխատանքում, դրսում: Հայրենասիրությունը գիտելիքների համակարգ է, դոշ ծեծելով ոչնչի չես հասնի. հայրենիք սիրող մարդը պետք է տիրապետի լուրջ գիտելիքների: Գիտելիքներով հարուստ զինվորն արդեն հաղթանակած զինվորն է»,- ընդգծեց Արա Մուրադյանը: