Պատերազմի տնտեսական հենքը

Քաղաքագետները դեռ ժամանակ կունենան վերլուծելու, թե ինչու հենց հիմա Ադրբեջանը սանձազերծեց պատերազմը: Բայց այդ խնդիրը բավական վառ ընդգծված տնտեսական հենք ունի:

Արդեն հրապարակվել են ադրբեջանական տնտեսության թվերն այս տարվա հունվար-օգոստոսին: «Ողբն ու կականը» մեկ ուղղության վրա է՝ նավթի միջազգային գները շարունակում են ցածր մնալ ադրբեջանական սպասելիքներից: Արդյունքում՝ այս երկրի արտաքին ապրանքաշրջանառությունը պակասել է 28.6 տոկոսով:

Նշվում է, որ արտահանումները կրճատվել են՝ 26.8, իսկ ներմուծումները՝ մոտ 30 տոկոսով: Պաշտոնական տվյալներով, արտահանումների մոտ 69.5 տոկոսն ուղղակիորեն կապված է նավթի, նավթամթերքի ու այլ էներգակիրների հետ: Իսկ նավթի գնի մասին լուրերն ամենատարածվածն են այդ երկրի մամուլում:

Նույնիսկ այս օրերին այն պատերազմական լուրերի չափ կարևոր է: Անգամ սեպտեմբերի 30-ին մամուլը գրում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների հեռուստատեսային բանավեճի սպասումը նավթի գնանկումով է  ուղեկցվում: Մանրամասն նշվում է՝ նավթի գնանկումը 1 բարելի դիմաց կազմել է 0.68 տոկոս կամ 0.28 դոլար: Ու անմիջապես «ճշգրտվում» է՝ ադրբեջանական նավթի գինն այս պահին կազմում է 42.02 դոլար մեկ բարելի դիմաց: Սա բավարար գին չէ:

Այս երկրում նույնիսկ անչափահասները գիտեն, որ տնտեսական հաշվարկներն արված են՝ ի մտի ունենալով 50 դոլարը (1 բարելի դիմաց): Առնվազն: Ամռանն արդեն հայտնվել էին վերլուծություններ, որ նավթի համաշխարհային շուկայում տնտեսական միտումների պահպանման դեպքում Ադրբեջանին շատ ծանր տնտեսական իրավիճակ է սպասվում: Հատկապես 2020-ի վերջին եռամսյակում: Ասենք, որ նավթի գնանկման լուրերի հետ պարբերականությամբ մրցակցող մյուս լուրը ևս տնտեսական է: Հատկապես այս օրերին: Խոսքը թուրքական լիրայի փոխանակման կուրսի մասին է: Լիրայի գնանկումը նույն սեպտեմբերի 30-ին  պատմական նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ 7.778 լիրա մեկ դոլարի դիմաց: Վերադառնանք ադրբեջանական տնտեսությանը:

Արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում ներմուծումների 30.4 տոկոսանոց անկման բացատրությունը երկրի բնակչության  եկամուտների նվազումն է: Սա նկատելի է տնտեսական վերլուծություններում, ուր հաճախ նշվում էր, որ տարվա վերջին եռամսյակում շատ զգալի են դառնալու, այսպես ասած, «թունավոր վարկերի» հետևանքները: Այս տարվա ընթացքում տնտեսության աշխուժացման նպատակով երկրի ԿԲ-ն չորս անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Բայց բանկային վարկավորման տոկոսները շարունակում են մնալ 30-35 տոկոսի մակարդակում: Արդյունքում՝ թե տնտեսությունը, թե բնակչությունը թաղված են վարկային պարտավորությունների մեջ:

Օրերս երկրի արդարադատության նախարարը մի հարցազրույցում ասել է, որ դատական համակարգում գտնվող 700 հազար գործերի կեսից ավելին ժամկետանց վարկային պարտավորությունների հետ կապված հայցեր են: Ասել ու ավելացրել է, որ հայցերից մոտ 100.000 հայց երկրի ղեկավարի հանձնարարությամբ ետ են «վերցվել»:

Այս պատմությունը նոր չէ՝ 2019թ․ փետրվարին էր երկրի ղեկավարը փորձել կարգավորել հարցը: Այն ժամանակ հպարտ-հպարտ հայտարարվում էր, որ 602 հազար վարկառուի փոխհատուցում է տրվել, իսկ 300.000 վարկառուի պարտքերի մարման ժամանակացույցը վերակառուցվել էր: Բայց իրավիճակն ակնհայտ չի շտկվել: Այլ կերպ ասած՝ տնտեսական կանխատեսում-վերլուծություններում կա բանկային ճգնաժամի լուրջ սպասում` շղթայաձև տարածման հեռանկարով: Դրա համար երկրի իշխանությունները պետական հիմնարկություններին միջոցների խնայողության կոչ են անում: Ոչ միայն սովորական բյուջետային, այլև բոլոր պոետական հիմնարկներին:

Այս երկրում, օրինակ, նավթի ու նավթամթերքների հետ կապված գործառույթ ունեցող ձեռնարկությունները պետական են: Արդյունավետության (ավելի ճիշտ՝ անարդյունավետության) և կոռուպցիոն համապատասխան հետևանքներով: Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ՝ բնակչությանն անդադար «համոզել» են, որ եղած փողը զենք-զինամթերքի վրա է ծախսվում:

Այլ կերպ ասած՝ պատերազմը տնտեսական հիմքեր ունի: Կառավարման անհաջող ընթացքն արտաքին պատճառներով բացատրել-քողարկելու առաջին դեպքը չէ:

Տեսանյութեր

Լրահոս