ՀՀ կառավարությունում «սորոսականներ» չկան․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ձգտելու է  «որակապես նոր մակարդակի» հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Sputnik Армения-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո ես ասել եմ, որ մեր նպատակն է՝ կառուցել նոր որակի և մակարդակի հարաբերություններ»,- նշել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որևէ բացասական երևույթ տեղի չի ունեցել։ ՀՀ վարչապետը նաև հերքել է այն մեղադրանքները, իբրև թե ՀՀ կառավարությունը ղեկավարում են, այսպես կոչված, «սորոսականները»։ «Հայկական կառավարությունում չկան «սորոսականներ», կան «փաշինյանականներ»։ Խնդրում եմ, որպեսզի բոլորը դա ի գիտություն ընդունեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանի իր բոլոր հայտարարություններում և հարցազրույցներում  պարբերաբար ընդգծում  է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած  իրադարձությունները, իր բնորոշմամբ՝  «սորոսական հեղափոխություն» էր:

Նախօրեին էլ Россия 1 հեռուստաալիքի եթերում  հեռարձակվող «60 րոպե» հաղորդմանը  տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը  նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքների էությունը կայանում է նրանում, որ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար շրջանի շուրջ գտնվող տարածքը պետք է փոխանցվի Ադրբեջանին։ «Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, և ի հավելում դրա՝ ասում է, որ մենք պետք է բանակցություններ վարենք Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, մարիոնետային ռեժիմի հետ, դրանով իսկ փորձում է կոտրել բանակցային ձևաչափը, որը գոյություն ունի վերջին 20 տարվա ընթացքում։ Նշանակում է, որ Հայաստանը գիտակցաբար խախտում է բանակցային գործընթացն ու անընդունելի պահանջներ առաջ քաշում»,- հայտարարել էր Ալիևը։ Հայկական հեղափոխությունը, որի արդյունքում 2018 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանը դարձավ կառավարության ղեկավար, Ալիևը բնութագրել էր՝ որպես «սորոսական հեղափոխություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930