Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-երի գործողությունները հերքողներին ՊՆ-ն ապացուցողական անակնկալներ է խոստանում. գիտեն նաև՝ որ երկրի տարածքով են հասել

Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ թուրքական F-16-երի թեման դեռևս օգոստոսին է բարձրացրել ՀՀ ՊՆ-ն, երբ օգոստոսի 13-14-ին ավարտվեցին Ադրբեջանում զորավարժությունները, և այդ կործանիչները չհանվեցին Ադրբեջանից և մնացին ադրբեջանական օդանավակայաններում:

«Այս մասով ՊՆ-ն հարցը բարձրացրել է և տեղեկացրել համապատասխան մարմիններին»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանական զինուժում եղած կործանիչները չեն կարողանում կատարել իրենց առջև դրված խնդիրներն ինչպես հարկն է, դրա համար թուրքական F-16-երն այնտեղ են:

«ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների: Եվ բոլոր նրանց, որոնք հերքում են և փորձում լուրջ չվերաբերվել պաշտոնական մեր տեղեկություններին, սպասվում են համապատասխան անակնկալներ՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով: F-16-երը բերվել էին, աշխատում էին, օրեր առաջ Արցախի նախագահը շատ լավ նշեց, որ կատարվում են հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ: Ինչի էին բերվել. բերվել էին, որ նախ՝ ադրբեջանական օդուժը չէր կարողանա այդ խնդիրը լուծել, այդ մակարդակը, տեխնիկական հագեցվածությունը, փորձը չունի: Երկրորդ՝ Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր՝ «Բայրաքթար» և այլ տեսակի ԱԹՍ-ներ, որոնք համադրելի չեն ՄիԳ-29-ի կամ Սու-25-ի հետ: Այսինքն, օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործել, հետևաբար, պետք էր F-16-ը, որ կարողանա այս համադրումն իրականացնել: Ավելին ասեմ՝ մենք շատ լավ հասկանում ենք, ունենք այդքան փորձ, որ F-16-ն օդում է, աշխատում է, «Բայրաքթար»-ին է օգնում, և, որ զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում թուրքական: Այս ամենը շատ լավ գիտենք, թե ինչպես են փոխհամագործակցված աշխատում իրար հետ: Մենք շատ լավ գիտենք, որ F-16-ը միայն կարող էր այդ ժամանակ գտնվելով թեկուզ 60 կմ հեռավորության վրա, համապատասխան բարձրությունից տեսնել Սու-25-ին, որովհետև մեր օդաչուներն այդքան փորձ ունեին, մարտավարական առումով գիտեին, թե ոնց պիտի գային, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող այդ պահին այդ տեղում հայտնաբերել, իսկ F-16-ը կարող էր»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ պատրաստ են միջազգային փորձագետներին ներկայացնել համապատասխան ապացույցներ:

Որքան F-16 կա այս պահին Ադրբեջանում, Հովհաննիսյանը չասաց, սակայն շեշտեց՝ զույգերով համապատասխան խնդիրներ են կատարում:

Ի դեպ, նա մի նրբության վրա ուշադրություն հրավիրեց՝ F-16-ի օդաչուները շատ ավելի փորձառու են, քան ադրբեջանական օդաչուները. «Նրանք չեն մտնում ո՛չ ՀՀ օդային տարածք, ո՛չ էլ Արցախի:

«Այդ «օդային տարածք» ասվածը հաճախ ոչ մասնագիտական է ընկալվում, բայց կոնկրետ սահմանի երկայնքի վրա բարձրությունը չեն խախտում: Իրենք նման գործելաոճի անհրաժեշտությունը չունեն, որովհետև հնարավորություն ունեն հեռահար միջոցներով իրենց խնդիրը լուծել: Երբ տարիներ առաջ Ադրբեջանում հայտնվեցին թուրքական սպառազինություններ, այդ թվում՝ միջոցներ, որոնք ունեն բավականին մեծ հեռահարություն՝ օդ-ցամաք գործողության, մենք շատ լավ գիտակցում էինք, որ այդ միջոցներն ադրբեջանական օդուժի որևէ թռչող սարքի վրա չեն կարող կիրառվել, արձակվել: Ո՛չ Սու-25-ը, ո՛չ ՄիԳ-29-ը դա չեն կարող կիրառել, դա կարող է կիրառել միայն F-16-ը, որի համար ստեղծված են այդ միջոցները: Սա՝ մի ուղղություն, երկրորդ՝ F-16-ը դասական գործողություն է կատարել, այն է՝ պատսպարել է, փորձել է լուծել օդային գերակայության խնդիր, և տեսել է, որ իր պատսպարած տարածքի նկատմամբ վտանգ կարող է սպառնալ, ինքն իր խնդիրը կատարել է: Այսինքն, որպես կործանիչ, որ օդային գերակայություն պիտի ապահովեր, հայկական օդուժից եկած Սու-25-ին խոցել է: Այլ հարց է, որ կարող են լինել թուրքական և ադրբեջանական գործողությունների մարտավարական տարբեր մոտեցումներ, դա էլ լավ գիտենք՝ ինչ մարտավարություն է կիրառում Թուրքիան, ինչ՝ Ադրբեջանը: Երբեմն այդ մարտավարությունները կարող են չհամընկնել իրար հետ, կարող են համընկնել, որովհետև F-16-ը ռադիոտեխնիկական համակարգերով շատ դժվար կարող է համագործակցել ադրբեջանական օդուժի ինքնաթիռների հետ: Կրկնում եմ՝ ապացույցները հավաքել ենք, ունենք, և տեղին ու ժամանակին այդ անակնկալները կներկայացվեն»:

Իսկ թե որ երկրի տարածքով են F-16-երը հասել Ադրբեջան՝ Իրանի՞, թե՞ Վրաստանի, ՊՆ ներկայացուցիչը չգաղտնազերծեց, բայց վստահեցրեց՝ տիրապետում են նաև այս տեղեկություններին:

Տեսանյութեր

Լրահոս