
Մակրոնն Արցախյան գոտում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ է նախաձեռնում Պուտինի և Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ուղղված Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանը: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտարարել է Լատվիա կատարած այցի շրջանակում։
Նա հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է միջնորդների միջազգային խումբը` Մինսկի խումբը՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: «Մենք մեր գործընկերների հետ առաջին ժամերից կապի մեջ ենք արտգործնախարարների մակարդակով և իմ մակարդակով: Այսօր երեկոյան նախատեսում եմ (կապվել) նախագահ Պուտինի հետ և կարծում եմ՝ վաղը՝ նախագահ Թրամփի հետ, որպեսզի փոխանակումներ կատարեմ և ելքեր առաջարկեմ այս դժվար իրավիճակից»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային ճգնաժամերը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի: Նա նաև խոսել է Թուրքիայի անընդունելի և վտանգավոր դերակատարության մասին։ «Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններն անմտածված և վտանգավոր են։ Ֆրանսիան ծայրաստիճան անհանգստացած է ռազմատենչ հայտարարություններով, որոնք ստացվել են Թուրքիայից վերջին ժամերին և մղել Ադրբեջանին, որպեսզի պատերազմեն Լեռնային Ղարաբաղի համար։ Մենք դա չենք ընդունում»,- ասել է նա։