«Ադրբեջանի ներկայիս ավանտյուրան տարբերվում է մնացածներից, որովհետև այստեղ ներգրավված է Թուրքիան». Դավիթ Բաբայան

«Արցախի սահմանի երկայնքով մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի հրաժարվում իր նպատակներից, քանի որ ինչ-որ տեղ դարձել է իր ավանտյուրաների գերին։ Այսինքն՝ այդքան զոհեր տալով և տեխնիկայի կորուստ տալով, չեն կանգնում, ուզում են կանգնեցնել ամեն ինչ, բայց չեն կարողանում, որովհետև պետք է պատասխան տան հասարակության առջև, թե ինչի համար են սկսել այդ ավանտյուրան, որը նման հետևանքներ է ունենում՝ առանց ցանկալի արդյունքների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում հայկական կողմը պետք է հասկանա, որ հակառակորդն ամեն ինչ պետք է գործադրի, որպեսզի գոնե ինչ-որ ձևով արդարանա իր հասարակության առջև։

«Իհարկե, թշնամին չի հաջողելու, ողնաշարները պետք է ջարդենք, այլ տարբերակ չկա, որովհետև իրենց նպատակը մեզ ոչնչացնելն է»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը կրակը կդադարեցնի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դադարեցնի իր սկսած ագրեսիան։

«Մենք Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելություն չունենք, սակայն սա չի նշանակում, որ մենք մեր հայրենիքը չենք պաշտպանելու։ Նրանք ուզում են մեզ ոչնչացնել, հետևաբար՝ պաշտպանում ենք մեր հողը, ընտանիքը, երեխաներին։ Տարբերությունը կա, չէ՞, ավանտյուրան և կյանքի ու մահու կռիվը»,- շեշտեց նա։

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, Դավիթ Բաբայանը նկատեց, որ այստեղ, իհարկե, տեսնում է միջազգային կառույցների անգործության արդյունքը, քանի որ մոտեցումը պետք է լինի ցանկալի մակարդակի վրա։

«Ադրբեջանի ներկայիս ավանտյուրան տարբերվում է մնացածներից, որովհետև այստեղ ներգրավված է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Բնական է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում միջամտել այս գործընթացներին, բայց այս ամենը հասկանալով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային հանրությունը համապատասխան արձագանք տա։ Բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի այն երկրները, որոնք պետք է արձագանքեն, նրանք կարձագանքեն։ Կարծում եմ՝ այստեղ մենք ունենալու ենք շոշափելի առաջընթաց, որ նույնիսկ, եթե այս պահի դրությամբ չկա հրապարակային ինչ-որ զարգացումներ, ապա ոչ հրապարակային խողովակներում անհնարին է, որպեսզի այդ գերտերություններն իրենց ջանքերը չներդնեն։ Ըստ իս, դիվանագիտական հարթակներում մենք ակտիվ ենք և այս ամենը փորձում ենք ներկայացնել այդ հարթակներում։ Ուղղակի պետք է հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք։ Կան մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք ավելի իներտ են, կան ավելի ակտիվներ։ Այսօր պետք է օգտագործենք բոլոր հարթակները և այնպես անենք, որ այն, ինչը պետք է ներկայացնենք աշխարհին՝ ներկայացնենք։ Եվ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկենք մեր եղբայրական երկրների հետ՝ ձեռնարկենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս