
Զախարովան բացատրել է, թե ինչու Ռուսաստանն արցախյան իրադարձությունների հարցում «Թուրքիա չէ»

«Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանն Արցախյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմը «հանգցնելու» համար։ Նա նշեց, որ ռուսական կողմի գլխավոր ուղերձը կայանում է նրանում, որ հայ-ադրբեջանական պատերազմ թույլ չտալն ընդհանուր խնդիր է։
«Ռուսաստանի ներկայացուցիչները բոլոր մակարդակներում աշխատում են իրավիճակի հանդարտեցման, այս ոչ պարզ և հնացած խնդրի լուծումներ գտնելու ուղղությամբ։ Բայց հենց դրան են ուղղված մեր բոլոր ջանքերը»,- նշել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է․ «Մենք Թուրքիա չենք, մենք Ռուսաստանն ենք։ Եվ պետք է դա հասկանալ ուղիղ իմաստով։ Մեր պատմությունը մեր պատմությունն է։ Հակամարտությունների կարգավորմանը, կարգավորման գործընթացին միջնորդական մեր մասնակցությունը ևս ունի իր պատմությունը։ Դա պատմություն է, որը ցույց է տալիս այդ ճանապարհի արդյունավետությունը։ Մենք ունենք մեր, հայրենի դիվանագիտությունը, որը շատ դեպքերում դրսևորել է իրեն ամենալավ խաղաղարարական դիրքերից, և դա՝ ոչ միայն տեսականորեն, այլև պրակտիկայում»։