Չափազանց կարեւոր է Իրանի՝ Արցախի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը․ Իրանում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը  հարցազրույց է տվել իրանական «Tasnim» գործակալությանը: Հարցազրույցի տեքստային տարբերակը հրապարակել է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Ստորեւ ներկայացնում ենք հարցարզույցը.

-Ո՞րն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողություններ սկսվելու պատճառը:

-Պատճառն Ադրբեջանի ծայրահեղ կոշտ դիրքորոշման, խաղաղ բանակցային գործընթացից հրաժարվելու եւ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունն է:

-Նման բախումները, որպես կանոն, արագ կարգավորվել են եւ հրադադար է հաստատվել: Ինչու՞ է այս անգամ այն հասել այսպիսի լարվածության:

-Ռազմական բախումներից հետո հրադադարի հաստատումը մշտապես կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ եւ երբեք այն դյուրությամբ տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, ապա պետք է արձանագրել, որ ռազմական գործողությունների մասշտաբները, ընդգրկման սահմանները կանխորոշել է հարձակվող կողմը՝ Ադրբեջանը: Եվ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է փաստացիորեն դուրս գալ խաղաղ գործընթացից եւ փորձում է հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով:

Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է եւ միջազգային հանրության համար ընդունելի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը չունի ռազմական լուծում:

-Արդյոք վերջին շաբաթների զարգացումները չե՞ն նշանակում, որ կողմերը պատրաստվում են երկարատեւ պատերազմի:

-Հայկական կողմը խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման կողմնակից է, սակայն մենք պատրաստ ենք ընդունել մեզ պարտադրված մարտահրավերները եւ այս իմաստով Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) եւ ողջ հայության ներսում լիակատար միասնություն կա:

Իհարկե պատերազմը մարդկային կյանքեր է խլում եւ սա մեր ամենամեծ եւ անդառնալի կորուստն է:

Հայաստանը եւ Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու եւ չեզոքացնելու Ադրբեջան-Թուրքիա դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:

Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է եւ Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսել ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։

-Ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբը մինչ օրս հակամարտության կարգավորման հարցում հաջողություն չի ունեցել: Արդյո՞ք Դուք լավատես եք այս հարցում:

-ԵԱՀԿ կողմից ստեղծված Մինսկի խումբը եւ դրա եռանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ միջազգային ձեւաչափն է:

Հայկական կողմն այսօր էլ համագործակցում է վերոնշյալ երկրների հետ: Ի հավելումն դրա՝ պետք է նշել, որ ՌԴ-ը մեր ռազմավարական գործընկերն է եւ Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առանցքային անդամը, մի կազմակերպություն, որը Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման կարեւորագույն կառույցն է:

-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերն այս զարգացումներում: Վերջերս Թուրքիան զորավարժություններ անցկացրեց Նախիջեւանում եւ ըստ երեւույթին՝ այդ ուժերը դուրս չի բերել այնտեղից: Արդյո՞ք Թուրքիայի նպատակը Նախիջեւանում ռազմաբազա ստեղծելն է: Որքանո՞վ դա կարող է մեծացնել լարվածությունը կամ հակառակը՝ նպաստել խնդրի լուծմանը:

-Ինչպես կարող է Ղարաբաղյան հակամարտության հարցում բացարձակ միակողմանի եւ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսեւորող երկիրը նպաստել խնդրի լուծմանը: Ձեր նշած զորավարժությունները մեր եւ ձեր երկրի սահմանների մերձակայքում ուժի ցուցադրումից զատ այսօր արդեն դարձել են ռազմական բախմանը մասնակցության էական գործոն:

Կարծում եմ՝ այս իրողությունները նաեւ անհանգստության պատճառ պետք է լինեն Իրանի համար:

Ի դեպ, լրատվական դաշտում (այդ թվում նաեւ՝ իրանական) բազմաթիվ տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկչական խմբերի ներգրավման մասին: Արդյո՞ք իրանական կողմին չի մտահոգում, թե նրանք որտեղ կարող են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

-Ո՞րն է Ձեր տեսակետն Իրանի միջնորդական առաքելության վերաբերյալ: Թվում է, թե իր պատմական կապերով, հարեւանության հանգամանքով եւ անկողմնակալ դիրքորոշմամբ Իրանը կարող էր այս հակամարտության կարգավորման համար օգտակար լինել:

-Չափազանց կարեւոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հատկապես, նկատի ունեմ խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու Իրանի անփոփոխ դիրքորոշումը:

Մեզ համար խիստ դրական ուղերձ էր նաեւ այս օրերին հրապարակված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրապարակումն՝ ուղղված հակամարտող կողմերին՝ խաղաղ բանակցությունների վերսկսմանն աջակցության պատրաստակամության մասին:

Կապված Իրանի միջնորդական գործունեության հնարավորության հետ՝ պետք է նշել, որ ներկայումս գործող միջազգային միջնորդական հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է եւ այն որեւէ կերպ փոխարինելու օրակարգ գոյություն չունի:

-Ո՞րն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դերն այս վերջին զարգացումներում:

-Երկու երկրներն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամներն են եւ հանդես են գալիս ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղ բանակցությունների անցնելու կոչով:

-Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվեն ռազմական գործողությունները: Ինչպե՞ս եք տեսնում իրական եւ մնայուն լուծումը:

-Շատ դժվար է որեւէ կանխատեսում անել, երբ ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը հարձակում է գործել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ Հայաստանը եւ Արցախը վճռական ենք մեր ողջ կարողությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ եւ մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել եւ վերադարձել են շարք։

ԻԻՀ-Ում ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆ ԻՐԱՆԱԿԱՆ «TASNIM» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ__________مصاحبه…

Gepostet von Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն am Dienstag, 29. September 2020

Տեսանյութեր

Լրահոս