ՀՅԴ ՀԵՄ-ը վերսկսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները

Վաղը ժամը 19:00-ին ՀՅԴ Հայաստան երիտասարդական միությունը երթ է անցկացնելու Մատենադարանից դեպի ԿԳՄՍ նախարարություն՝  Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս երթը տրամաբանական շարունակությունն է 11 ամիս առաջ մեկնարկած իրենց պայքարի:

«Մեր հիմնական խնդիրը, որը մենք առաջ ենք քաշում, դա ոլորտում առկա կառավարման ճգնաժամն է, ապաշնորհ կառավարումը, բոլոր նախագծերում ոչ ազգային գծի առաջ բերելը»,- ասաց Նազարյանը:

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իրենք ունեն վճռականություն սկսած պայքարն ավարտին հասցնելու համար: Վարդանյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ ռազմավարություն չի ներկայացվել, որը թույլ կտար հասկանալ, թե ի՞նչ առաջնահերթություններ ունենք, և ինչպե՞ս ենք առաջ շարժվելու:
ԿԳՄՍՆ-ի 2 տարի վարած քաղաքականությունը ՀԵՄ անդամներն ապազգային են որակում և պնդում, որ դա սպառնալիք է հայկական պետությունների համար: ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը, օրինակ բերելով ԵՊՀ նախկին ռեկտորի հրաժարականը և մինչև այժմ նոր ռեկտոր չունենալու փաստը, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտորի դոկտորական աշխատանքի հետ կապված խնդիրները, նշեց.

«Նախարարը չի վարանել, չի խորշել այս երկու տարիների ընթացքում խոսել ինքնավարությունից և ամեն տեսակ ապաշնորհությունը և անհասկանալի քաղաքականությունը ներկայացնել բուհական ինքնավարության կամ ակադեմիական ազատության տեսակետից, մինչդեռ այս հայտարարությունների տակ նա ուղղակի միջամտել է բուհերի կառավարմանը»:

Վարդանյանը հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են ոչ միայն իրենք, այլև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, անհատներ: Նրա խոսքով՝ խնդիրներն այնքան շատ են, որ յուրաքանչյուր մասնագիտական խումբ կարող է մի քանի տասնյակ թվարկել:

«Այս ամենի համար նախարարությունից որևէ պատասխան չկա, և կարծես թե  կտրված է հասարակություն-նախարարություն կապը, որն էական գործիք է, որը պետք է ստիպեր Կառավարությանը խմբագրել իր քաղաքականությունը»,- ասաց Վարդանյանը:

Դեռ անցած տարի, իր հրաժարականի պահանջներին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ նման հարց օրակարգում չկա, նույն պնդումը նա արեց նաև այս տարի՝ կրկին նույն հարցին ի պատասխան: 168.am-ը ՀՅԴ ՀԵՄ անդամներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են կարծում՝ իրենց երթերն օրակարգ բերելո՞ւ են Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:

«Մենք ավելի քան համոզված ենք, որ քաղաքական ուժերի, հատկապես իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի օրակարգը ձևավորում է հանրությունը: Այս հարցում, կարծես թե, միանշանակ է քաղաքացիների մեծամասնության կարծիքը, որովհետև արդարանալու տեղ էլ չկա, բոլոր հարցումները, լրագրողական հետազոտությունները, անգամ իրենց պատվիրած ռեյտինգային հարցումները վկայում են այն մասին, որ բոլորի վերջնական ձևակերպումը և պահանջը նույնն է»,- ասաց Վարդանյանը և հույս հայտնեց, որ, եթե անգամ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարց իշխող քաղաքական ուժը չունի, ապա կունենա:

Տեսանյութեր

Լրահոս