«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում». Արայիկ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քննարկվո՞ւմ է իր հրաժարականի հարցը, քանի որ այդ պահանջով ցույցեր են տեղի ունենում, և այդ պահանջին միանում են նաև կրթության ոլորտի մասնագետներ, նախարարը պատասխանեց.

«Չի քննարկվում: Հրաժարականի պահանջներին վերաբերվում եմ ըմբռնումով»:

Լրագրողներից մեկի հարցին, թե նախարարը նկատո՞ւմ է թերություններ նախարարության և հենց իր աշխատանքում, քանի որ ակնհայտ է, որ իրենց աշխատանքից շատերն են դժգոհ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ  բողոքի ակցիաներ անողներից շատերն անգամ տեղյակ չեն այն չափորոշիչներից, որոնց դեմ բողոքում են:

«Երբ 2018-ին քննարկում էր գնում այն մասին, թե ի՞նչ բարեփոխումներ են տեղի ունենալու  մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավագին, ցավոտ և ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետև ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, մշակույթի և սպորտի ոլորտում այն համակարգերը, որոնք գործում են, մեծ դժգոհությունների տեղիք են տալիս, և այդտեղ բարեփոխումներ պետք է տեղի ունենան: Ես ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի և, բնականաբար, լինելու են դժգոհություններ: Այն խումբը, որ հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով: Այդ պատճառների մասին իրենց կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես՝ հանրակրթական պետական չափորոշչից և ծրագրային չափորոշիչներից գաղափար չունեն, կամ ակնհայտ կեղծում են, որովհետև եթե նրանք պնդում են, որ, օրինակ, ՆԶՊ առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրի մեջ, նրանք ստում են, երբ նրանք ասում են, որ բոլոր չափորոշիչների մեջ սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած, նրանք ստում են»,- ասաց Հարությունյանը:

Նա պնդեց, որ փողոցային պայքարի դուրս եկածներից շատերն ունեն անձնական դրդապատճառներ:

«Այն մարդիկ, ովքեր ներգրավված են հիմա փողոցային այս պայքարին, շատ կոնկրետ նրանց շահերին այս բարեփոխումների արդյունքում մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր և, բնականաբար, պետք է այս աղմուկը բարձրացնեն»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպում ցուցարարների հետ, չէ՞ որ ժամանակին նա նման խնդիր չուներ, բոլորի հետ շփվում էր, նախարարն ասաց.

«Ես բոլորի հետ շփվում եմ, երբ օրակարգ կա շփվելու, երբ մարդիկ հրաժարականի հարց են դնում… 2018թ.-ից մենք պայմաններ ենք ստեղծել բոլորի համար այդ բողոքի ակցիաներն իրականացնելու, և նրանք ազատ են այդ բողոքի ակցիաներն իրականացնելու»:

ԿԳՄՍ նախարարը նաև ավելացրեց, որ չի խուսափում որևէ մեկի հետ շփումից, շաբաթ և կիրակի օրերին  էլ տեղաշարժվում է տրանսպորտով, իսկ երեկոյան զբոսնում է քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս