«Մեր հնչեցրած պահանջներում որևէ հետքայլ չենք արել». Իվետա Տոնոյանը՝ ԲՀԿ-ի հայտարարության մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ այն ամենը, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հունիսի 5-ին, ուժի մեջ է:
«Մեր հնչեցրած գնահատականներում և պահանջներում որևէ հետքայլ չենք արել, քանի որ այս ժամանակահատվածում որևէ բան չի փոխվել: Ընդհակառակը՝ իրավիճակը բազմաթիվ ոլորտներում շատ ավելի վատացել է, մասնավորապես, թե՛ տնտեսական ցուցանիշների անկման առումով, թե՛ համավարակի դեմ պայքարի գործընթացի անարդյունավետությամբ, նաև գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրների ի հայտ գալով, որին ամեն օր ականատես ենք լինում մեր մարզային այցերի ժամանակ: Այնպես որ, որևէ հետքայլ մեր գնահատականներում ու պահանջներում տեղի չի ունեցել»,- 168.am-ի հարցին ի պատասխան, թե շարունակո՞ւմ են պահանջել իշխանության, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը՝ ասաց Իվետա Տոնոյանը
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ԲՀԿ խորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանությունները չեն կատարել իրենց տված խոստումներից որևէ մեկը և բոլոր ոլորտներում ձախողել են: Հետևաբար՝ պահանջում են իշխանության 100 տոկոս հրաժարականը:
Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը և հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն կմիանա՞ ԼՀԿ-ին, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ հարցը չեն քննարկել:
«Ինքս օր առաջ ոլորտում փոփոխություն անելու անհրաժեշտություն տեսնում եմ, 100 տոկոսով հասունացած է այդ փոփոխությունը, քանի որ այն, ինչն այսօր տեղի է ունենում կրթության ոլորտում, մեկ բառով կարելի է բնորոշել՝ որպես կատաստրոֆա»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում